Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխարկը կա՝ դուխը՝ չկա». Հրանտ Թոխատյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Հունիս 01,2022 19:15

«Մեզանից յուրաքանչյուրը, հիմա եթե ման գանք Ֆրանսիայի հրապարակում եւ փորձենք զրուցել, անկախ մասնագիտությունից… ի՞նչ է նշանակում՝ ես զբաղվածություն ունեմ, մանավանդ, արվեստագետը : Սա է զբաղվածությունը, որովհետեւ այսօր պետք է զբաղվես, որ վաղը զբաղվածություն ունենաս, որովհետեւ վաղը՝ դու կարող է այդ զբաղվածությունը չունենաս», – Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցում, ասաց հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն՝ անդրադառնալով այն արվեստագետներին, ովքեր դուրս չեն գալիս փողոց՝ պայքարելու՝ պատճառաբանելով, թե զբաղված են, բազում կարեւոր գործեր ունեն: Հրանտ Թոխատյանն ասում է՝ ինքն  է հազար ու մի գործ ունի, վաղը հանդիսատեսի մոտ պետք է դուրս գա եւ ասելիք պետք է ունենա, բայց. «Եթե այսօր ինձ չի հետաքրքրում երկրի ճակատագիրը, ես վաղն իրավունք չունեմ բեմ բարձրանալու եւ ինչ-որ բանի մասին խոսելու իմ հանդիսատեսի հետ»:

Հրանտ Թոխատյանը նաեւ բացատրություն չի գտնում հարցին, թե ինչո՞ւ են ազատ արվեստագետները խուսափում հստակ եւ բարձրաձայն հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Դա ամեն մեկի անձնական է, իր ներսինն է, իր մտածելակերպն է ու իր վերաբերմունքն է իր երկրին ու իր ստեղծագործությանը, որովհետեւ ինչպես վերաբերվում ես երկրիդ, երկրիդ ապագային, այդպես էլ ստեղծագործում ես: Դրա համար էլ, մենք հաճախ կարող ենք տեսնել գրքեր, որոնք ոչ ոք չի կարդում, նկարներ, որոնք ոչ ոք չի նայում, երաժշտություն, որը չեն լսում. չեն լսում, որովհետեւ մեջը հոգի չկա, միտք չկա»: Նրա գնահատմամբ, մտածող մարդիկ մտածում են ոչ միայն իրենց ստեղծագործության, այլ նաեւ իրենց երեխաների մասին, իրենց երկրի ապագայի մասին:

«Չի կարող Արցախը լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ դա նույնն է…Գեղարքունիքը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում: Չգիտեմ՝ Լոռին, Սյունիքը, բոլոր մարզերը կարելի է թվարկել: Դա հնարավոր չէ: Իհարկե, մենք դրա միջով անցել ենք՝ Կարս, Արդահան… ամբողջ Արեւմտյան Հայաստանի տարածքը Հայաստանի կազմում չի, Թուրքիայի կազմում է: Եթե մենք թույլ տանք, որ այսօր դա եվս մեկ անգամ կրկնվի այսօրվա մեր մեծ սրտով, բայց փոքրիկ Հայաստանի հետ, ես չգիտեմ՝ որքանո՞վ մենք գոյություն ունենալու իրավունք կունենանք»,- ասաց Հրանտ Թոխատյանը՝ պատասխանելով լրագրողի ուղիղ հարցին՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում:

Լրագրողներն անդրադարձան նաեւ այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ընդունել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին. ըստ որոշ լուրերի, Նիկոլ Փաշինյանի զգուշավորությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին դուր չէր երեկ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Փարիզի քաղաքապետի հանդիպումը:

«Եթե իմ երկրի վարչապետը պետք է ընկճվի, չեմ ուզում վախենալ բառն օգտագործել, որովհետեւ խոսում ենք երկրի վարչապետի մասին, թե ի՞նչ արձագանք կլինի ինչ-որ մի երկրի նախագահի կողմից, ուրեմն, մենք ունենք շատ մեծ խնդիր : Երբեմն, դու չես կարող լիարժեք պատասխան տալ կողքի՝ ոչ բարով հարեւան երկրի նախագահին՝ քո ի՞նչ գործն է, թե ես ո՞ւմ հետ եմ հանդիպում, ի՞նչ ծրագրով եմ հանդիպում, ի՞նչ օրակարգով եմ հանդիպում : Չգիտեմ, երեւի օտար՝ դուխով խոսքը մեզ վրա չեկավ. չկա էդ դուխը, գլխարկը կա՝ դուխը՝ չկա»:

Հիշեցնենք, «Դիմադրության» շարժումն այսօր՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Ֆրանսիայի հրապարակից երթ է սկսել, որին մասնակցում են կանայք եւ երեխաները: Մինչ երթի մեկնարկը Հրանտ Թոխատյանը հրապարակում հավաքված երեխաների համար հեքիաթ էր կարդում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վադան says:

    Այ տգետներ, տհասներ՝ էլ չգիտեմ ինչ ասեմ, այդ անիմաստ, արցախի հարցում բաձարցակ ոչ մի բան չտվող հանդիպման արդյունքը եղավ անմիչապես մի քանի ժամից հետո Ներքին Հանդի մոտ սնայպերով սպանված հայ զինվորը։ Հերիք չէ՚ ուրիշի երեխեքի հաշվին անպտուղ, անիմաստ քայլերի դիմել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930