Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն այսօր Ֆրանսիայի հրապարակ էր եկել դստեր հետ:
Հիշեցնենք, «Դիմադրության» շարժումն այսօր՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Ֆրանսիայի հրապարակից երթ է սկսել, որին մասնակցում են կանայք եւ երեխաները:
Լրագրողների հետ զրույցում Հրանտ Թոխատյանն ասաց, որ ցավոք, այժմ ընդամենը զուտ թեզ է այն, որ մենք՝ մեծերս, պարտավոր ենք պաշտպանել երեխաների իրավունքները, քանի որ, հիմնականում դա չի արվում: Դերասանը ցանկացավ աշխարհի երեխաներին խաղաղության, բարեկեցություն եւ երջանիկ մանկություն:
Հրանտ Թոփխատյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքված երեխաների համար հեքիաթ էր կարդում: Ասաց՝ շատ է սիրում երեխաների համար հեքիաթ կարդալ եւ հաճախ է դա անում:
Կարդացեք նաև
«Մեր երեխաների նորմալ ապրուստը մենք չկարողացանք ապահովել վերջին 30 տարիների ընթացքում: Ցավով եմ ասում, բայց դա այդպես է, որովհետեւ երեխան այսօր մեր երկրում պաշտպանված չի: Դեկլարատիվ միայն խոսում ենք դրա մասին. ինչքա՞ն ենք այսօր փողոցում ծեծված երեխայի տեսնում, թափառաշրջիկ երեխայի տեսնում, ո՞ր մեկս է այդ երեխայի ձեռքից բռնում ու տանում համապատասխան կազմակերպություն: Կարող է գրպանիցդ մի քանի կոպեկ հանում տալիս ես ու քեզ թվում է, թե դու մեծ ու շատ լավ գործ արեցիր այդ երեխայի համար»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ երեխային նկատմամբ մեր սերն այսօր արտահայտվում է միայն երեխային հագցնելով, կերակրելով, բայց պետք է ձգտենք ստեղծել այլ պայմաններ:
Խոսելով «Դիմադրության» շարժման մասին էլ դերասանն ասաց. «Համաձայն եմ՝ երկիրը լինի լավը, ավելի խաղաղ, նորմալ պայմաններում, վերադառնա ժպիտը, որը սազում է հայ դեմքին, մենք բոլորս եւ միանգամից դառնում ենք գեղեցիկ. այսօր դեռ չի եկել այդ ժպիտը, այ երբ մենք կարողանանք մեր դեմքին բերել ժպիտ, այդ ժպիտով կջերմացնենք մեր երեխաներին: Ես չգիտեմ՝ ի՞նչ կլինի: Իմ սերունդը մի քիչ թերահավատ է. արդեն որերորդ նմանատիպ շարժումներ իմ կյանքի ընթացքում ես տեսել եմ, ամեն անգամ ուզում ես հավատալ, բայց գալիս է մի օր, երբ որ հանկարծակի թեւերդ կոտրում են: Այ չեմ ուզենա մի անգամ էլ թեւ կոտրեն, որովհետեւ այս կոտրվածքը կլինի անբուժելի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ