ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ դիմադրության շարժումն այս մեկ եւ ավելի ամսում արդյունքներ տվել է, իսկ Նիկոլ Փաշինյանը թաքնված է ման գալիս։ «Նրանք չկան որպես իշխանություն։ Փաշինյանի խունտայից Վիգեն Խաչատրյան կոչվածները ԱԺ-ում այլեւս վախենում են հայտարարել, որ 96թ․-ի այն մտայնությունը, թե Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում, սխալ է․․․էլ բացահայտ չեն ասում, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջել է։ Արդեն Շառլ Միշելի վրա են գցում, ասում են, թե սխալ է թարգմանված եղել, բայց պարզվեց՝ Շառլ Միշելն ասել է այն, ինչ ասել է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Էդուարդ Շարմազանովը։
«Նախկինները մեղավոր են, Տիգրան Մեծը մեղավոր է, ռուսը մեղավոր է, հիմա էլ Շառլ Միշելը։ Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից։ Սրանք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից չեն խոսում, ու մեղավորը Շառլ Միշե՞լն է։ ՌԴ-ն ու Ֆրանսիա՞ն են մեղավոր, որ սրանք չեն ասում՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սրանք էին ասում՝ ի՞նչ փոխզիջում։ 800 հեկտարի համար, կներեք, համապատասխան տեղները ճղում էին, բա հիմա ո՞ւր են»,-հարցադրումներ արեց Շարմազանովը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվում է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, փոխարենը խոսում է «էթնիկ հայերի» իրավունքներից․ «Իրանի, Արգենտինայի ու Լիբանանի էթնիկ հայերն էլ ունեն իրավունքներ․․․»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել էր՝ չեն ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որպեսզի չվնասեն բանակցային գործընթացին։
Կարդացեք նաև
Այս առնչությամբ Էդուարդ Շարմազանովը նշեց․ «Մենք տասը տարի բանակցել ենք։ 98թ․-ից այս կողմ եւ մինչեւ այդ ՀՀ իշխանությունը պաշտպանել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մենք՝ Սերժ Սարգսյանը, Էդուարդ Նալբանդյանը, ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ Արցախը չպիտի լինի եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ի՞նչն է խանգարել։ Սերժի ժամանակ բանակցել ենք ու կարմիր գծեր գծել։ Եթե խանգարելու էր բանակցությանը, ինչպե՞ս էր իրենց շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, Ստեփանակերտում հայտարարում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բա դա չէր խանգարո՞ւմ։ Կամ, երբ ասում էին՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», դա բանակցությանը չէր խանգարո՞ւմ»։
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ