Ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ «Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության պաշտպանություն. ազգային խորհրդարանների դերը» թեմայով Նիկոսիայում հրավիրված միջազգային կոնֆերանսում` պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է. «Շնորհակալություն, սիրելի’ Իրենե Խարալամբիդես, մեծարգո տիկին նախագահ, փոխնախագահներ, գործընկերներ: Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցավ Freedom house-ի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության հայկական ֆորում» խորագրով միջոցառումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ այսօր ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը բախվում է նմանատիպ մարտահրավերների, որոնցից մեկն այն երեւույթն է, երբ ժողովրդավարական գործիքներն ու սկզբունքներն օգտագործում են հենց ժողովրդավարության դեմ:
Տարիներ շարունակ Հայաստանում գոյություն ունեցող ռեժիմները փորձել են համոզել մեր ժողովրդին, որ ժողովրդավարությունը թուլության տարրեր է պարունակում, եւ որ անվտանգությունն առաջնահերթություն է պատերազմող երկրի համար, հետեւաբար, իրավունքներն ու ազատությունները` խաղաղ հավաքների իրավունքը, ազատ խոսքի իրավունքը, պետք է զիջեն իրենց տեղը անվտանգությանը:
2018 թ. ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անվտանգությունը մշտապես հակադրվում էր ժողովրդավարությանը նույն ուժերի` նախկին ռեժիմների կողմից:
Կարդացեք նաև
Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը եւ ժողովրդավարացման գործընթացները բախվել են բազմաթիվ մարտահրավերների, որոնք էլ ավելի են բարդացել 2020 թ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սկսված պատերազմից հետո: Պատերազմից հետո Հայաստանում նույն` նախկին վարչակարգերը փորձում էին ամրապնդել ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ ընտրության անհրաժեշտության կեղծ թեզը` ասելով, որ երբ իրենց իշխանության օրոք չկար ժողովրդավարություն, չկար նաեւ պատերազմ, եւ որ ժողովրդավարության պայմաններում երկրի պաշտպանված լինելու հնարավորությունները թուլացել են: Ամիսներ շարունակ ընդդիմադիր քաղաքական ուժերը բռնության կոչեր էին անում, փողոցներում քաղաքական սպանություններ էին կազմակերպում (մահափորձ կատարվեց խորհրդարանի նախագահի դեմ) եւ ընդհանրապես` արդարացվում էր բռնության քարոզը: Այդ ամիսներին ոստիկանությունը ոչ մի անգամ ուժ չի կիրառել: Հետագայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք բոլոր դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար եւ թափանցիկ, ինչն էլ արտացոլվեց նաեւ համապատասխան զեկույցներում:
Սրանով մենք արձանագրեցինք, որ ժողովրդավարության դեմ ոտնձգությունները կարելի է կանխել միայն ավելի մեծ ժողովրդավարությամբ` ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, դրանք դարձնելով ավելի թափանցիկ եւ հաշվետու: Այսօրվա մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունը, նախկին ոչ ժողովրդավարական կոռումպացված ռեժիմների ժառանգությունն են: Ցավոք սրտի, դրանք հնարավոր չէ հաղթահարել կարճ ժամանակում, քանի որ դրանք ազդել են մարդկանց մտածողության վրա, եւ բարդ է հեշտությամբ ազատվել վատ սովորություններից: Սակայն այսօր կարող ենք վստահաբար պնդել, որ Հայաստանում ամենաէական ժողովրդավարական ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է: Քաղաքացին, ով ժողովրդավարության հիմնական շահառուն է եւ, միեւնույն ժամանակ, ժողովրդավարության կերտման եւ ամրապնդման գլխավոր դերակատարը:
Այսպիսով, կրկին մեջբերելով Իրենե Խարալամբիդեսին` մենք հավատում ենք, որ չնայած մեր առջեւ ծառացած բարդ մարտահրավերներին` ամեն բան հնարավոր է, երբ առկա է քաղաքական կամք:
Եվ որպես հետգրություն` թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել տիկին Անիտա Դիմիտրիուին եւ նրա թիմին` գեղեցիկ Լեֆկոսիայում, Կիպրոսում այս կարեւոր կոնֆերանսը կազմակերպելու համար»,- ելույթի վերջում նշել է Հռիփսիմե Գրիգորյանը:
ԱԺ