Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորի կողմից տարբեր տարիների հայտարարագրերի վերլուծությունը կրկին ակնհայտ է դարձնում, որ բարեխղճության և բարեվարքության հետ կապվող անպատասխան հարցեր կան»

Հունիս 01,2022 16:50
haytararutyun

Դատական իշխանության ներկայացուցիչների վերջին տարիների հայտարարագրերի համեմատական հետազոտություն

ՄԱՍ 1

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ» ծրագիրը սկսում է հրապարակել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի վերաբերյալ հոդվածների ու հետազոտությունների շարք, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի տարբեր ներկայացուցիչների (դատավորներ, դատախազներ, քննիչներ) բարեվարքությանը, կայացրած դատական և այլ ակտերի ուսումնասիրությանը, Բարձրագույն դատական խորհրդում քննված կարգապահական վարույթների քննությանը։

Այդ շարքում առաջինը հրապարակվող սույն հոդվածի նպատակն է հանրությանը մատչելի եղանակով ներկայացնել որոշ դատավորների գույքի և եկամուտների չափն ու դրանց համեմատական վերլուծությունը տարեթվային հաջորդականությամբ:

Բազում հանրույթների ու պետությունների փորձն աներկբա ցույց է տվել, որ եթե հասարակության կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվում պետական մարմիների և պաշտոնատար անձանց նկատմամբ, թուլանում են հաշվետվողականությունը, թափանցիկությունը և մի շարք այլ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության հիմք հանդիսացող սկզբունքներ, և ըստ այդմ զգալիորեն մեծանում է կոռուպցիայի, չարաշահումների ու ստվերային գործունեության վտանգը:

Իշխանության դատական ճյուղի նկատմամբ հասարակության վստահությունն ամրապնդելու համար «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանվել են իմպերատիվ պահանջներ, որոնք դրված են դատական իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների վրա:

Համաձայն Դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի՝ «Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:

Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի»:

Նման պայմաններում հարց է ծագում՝ արդյո՞ք դատավորների անկախության ու անաչառության նշված երաշխիքները մեր դատական իշխանության համակարգում գործում են, որքանո՞վ է մեր դատական համակարգը կոռումպացված, ինչո՞վ է դա պայմանավորված, և ո՞րն է դրա լուծումը։

Կարծում ենք՝ գաղտնիք չի լինի ասել, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց աշխատավարձն այնքան էլ չի համապատասխանում կատարված աշխատանքի մեծածավալությանը և բարդությանը: Ուստի նման պայմաններում կոռուպցիոն ռիսկերն անհամեմատ մեծ են:

Դատական համակարգում այս գործընթացը կանխելու համար գործի են դրվել մի շարք մեխանիզմներ, որոնք հիմնված են թափանցիկության, հաշվետվողականության, անկախության, անաչառության և մի շարք այլ սկզբունքների վրա։ Տվյալ մեխանիզմը, ի թիվս այլնի, ներառում է նաև ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը:

Բացի դրանից 09.06.2017թ․ այդ նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքը, որը կարգավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, անդամներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Այս հանգամանքն էական նշանակություն ունի, քանի որ սույն հոդվածի շրջանակներում ներկայացվող տվյալները վերցված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Այսպես, հետազոտության ընթացքում վերլուծության են ենթարկվել ՀՀ տարբեր ատյանների և տարբեր մասնագիտացման դատարանների քաղաքացիական, քրեական և վարչական գործերով որոշ դատավորների գույքի և եկամուտների չափի վերաբերյալ առկա տվյալները՝ համեմատական վերլուծություն անցկացնելով վերջին տարիների հայտարարագրերի միջև:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՈԼՈԴԻԱՅԻ ԵՆՈՔՅԱՆ

2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Հարություն Ենոքյանի (դատավորի կենսագրությունը և պաշտոնեական առաջխաղացումը՝ այստեղ) 2011թ. հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ ու շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների, հանձնած կամ վերադարձած փոխառությունների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևիցե տվյալ հրապարակված չէ: Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները տարվա սկզբում և վերջում կազմել են 20.000.000 ՀՀ դրամ:

Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 5․606․399 ՀՀ դրամ:

2012թ. հայտարարագրում նույնպես տվյալների մեծ մասը բացակայում է, բացառությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցների, որոնք տարվա սկզբում և վերջում կազմել են 20.000.000 ՀՀ դրամ:

Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 5․579․120. ՀՀ դրամ:

Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի) ծառայության տեսքով ստացած բնամթերքը կազմել են 12․000․000 ՀՀ դրամ:

2013թ. հայտարարագրում, բացի հարկային տարվա աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների վերաբերյալ տեղեկություններից, այլ տվյալներ չկան:

2014թ. հայտարարագրում առկա է անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն, մասնավորապես բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք և հողամաս, որը հարկային տարվա վերջում առկա չի եղել, ինչպես նաև պաշտոնը ստանձնելու դրությամբ բարձրաստիճան պաշտոնյայի ունեցած դրամական միջոցների թիվը, որը կազմել է 20.000.000 ՀՀ դրամ:

Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում առ այն, որ 2013թ․ դատավորի ունեցած դրամական միջոցները, մասնավորապես՝ 20.000.000 ՀՀ դրամը, անհասկանալի հանգամանքներում ներառված չէ բազայում, այնինչ խոսքը բավականին մեծ գումարի մասին է, որը կարող էր ծառայել որևէ անշարժ կամ շարժական գույք ձեռքբերելուն, սակայն հայտարարագրում այդ մասին որևէ տեղեկատվություն առկա չէ:

Սակայն, ինչպես տեսնում ենք, 2014թ. հայտարարագրում դատավորի ունեցած դրամական միջոցները կրկին կազմել են 20.000.000 ՀՀ դրամ:

Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են 10․849․655 ՀՀ դրամ:

2015թ.-ից մինչև 2018թ. ներառյալ ներկայացված հայտարարագրերում էական փոփոխություններ չեն եղել, տվյալների մեծ մասը կրկին բացակայում է, առկա են միայն պաշտոնատար անձի կողմից հարկային տարում 20.000.000 ՀՀ դրամից 2․686․000 դրամ գումար տրամադրված փոխառությունը և աշխատավարձի չափը, որը փոքր-ինչ տատանվում է:

2019թ. դատավոր Հարություն Ենոքյանի հայտարարագրում նկատվում է ողջամիտ կասկած առաջացնող փոփոխություն, մասնավորապես անշարժ գույքի տվյալների բազայում առկա է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Այն ձեռք է բերվել ժառանգության իրավունքով, որը ծագել էր ըստ էության 2014թ․:

Իսկ թե ինչու այս ամենի վերաբերյալ որևէ տեղեկատվություն նախկինում առկա չէր բազայում, պետք է նշել, որ այդ խնդրի բուն պատճառը բացահայտելը շատ դեպքերում բավականին դժվար է:

ԱՆԻ ՌԱՖԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

2018 թվականի հունիսի 15-ից մինչև օրս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի (դատավորի կենսագրությունը և պաշտոնեական առաջխաղացումը՝ այստեղ) 2011թ. հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերված և օտարված անշարժ ու շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների, հանձնած կամ վերադարձած փոխառությունների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևիցե տվյալ հրապարակված չէ:

Դատավորի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 1․100․000 ՀՀ դրամ, որը տարվա վերջում դարձել է 19․660․000 ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով՝ տարվա սկզբում և վերջում՝ 77․000 ԱՄՆ դոլար։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները, գույքն օտարելուց ստացված եկամուտը և ստացված փոխառությունը հարկային տարում կազմել են ընդհանուր 23․565․151 ՀՀ դրամ:

2012թ. դատավորի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 19․660․000 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 28․200․000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ տարվա սկզբում և վերջում 77․000 ԱՄՆ դոլար։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները, գույքն օտարելուց ստացված եկամուտը հարկային տարում կազմել են ընդհանուր 14․311․228 ՀՀ դրամ:

2013թ․հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը կրկին բացակայում է, մասնավորապես առկա են միայն բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները, որոնք տարվա սկզբում ՀՀ դրամով կազմել են 28․200․000, տարվա վերջում՝ 29․000․000, իսկ ԱՄՆ դոլարով՝ տարվա սկզբում և վերջում 77․000։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 6․501․461 ՀՀ դրամ գումար:

2014թ․-ից 2018թ.-ը դատավորի հայտարարագրում առկա տվյալները գրեթե չեն փոփոխվել:

2019թ․ հայտարարագրում առկա է դատավոր Անի Մխիթարյանին պատկանող անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, նույն գույքն առկա է նաև տարվա վերջում։ Հանձնած և վերադարձված փոխառությունները տվյալ տարվա սկզբում կազմել են 2․279․000 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 10․454․886 ՀՀ դրամ։

Տվյալ տարվա սկզբում և վերջում առկա է տրանսպորտային միջոց՝ NISSAN մակնիշի 2008թ․ թողարկման, որը ձեռք է բերվել հենց 2008թ․։ Առկա են բանկային հաշվի տվյալներ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի կանխիկ դրամական միջոցների չափը տարվա սկզբում կազմել է 24․400․000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 22․000․000 ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով՝ տարվա սկզբում և վերջում 77․000 ԱՄՆ դոլար։

Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտներ նույնպես առկա են, որտեղ որպես եկամուտ ստացող ութ դաշտում էլ նշված է Անի Մխիթարյանը, իսկ որպես եկամուտ վճարող կազմակերպություն նշված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, Եվրոպական համալսարան հիմնադրամը, Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ը, Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ը և Արդշինբանկը։

2020թ․ հայտարարագրում առկա է բարձրաստիճան պաշտոնատար անձի անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, գույքն առկա է նաև տարվա վերջում։ Հանձնած և վերադարձված փոխառությունները տվյալ տարվա սկզբում կազմել են 8․175․886 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 15․723․801 ՀՀ դրամ։ Տվյալ տարվա և՛ սկզբում, և՛ վերջում առկա է տրանսպորտային միջոց՝ NISSAN մակնիշի մարդատար ավտոմոբիլ՝ 2008թ․ թողարկման։ Առկա են բանկային հաշվի տվյալները։ Տվյալ տարվա ընթացքում առկա է ձեռքբերված և օտարված տրանսպորտային միջոց՝ NISSAN ROGUE 2.5 մակնիշի մարդատար ավտոմոբիլ՝ 2016թ․ թողարկման, որի գինը կազմել է 8․290․000 ՀՀ դրամ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կանխիկ դրամական միջոցների չափը տարվա սկզբում ՀՀ դրամով կազմել է 22․000․000, տարվա վերջում՝ 21․000․000, իսկ ԱՄՆ դոլարով՝ տարվա և՛ սկզբում, և՛ վերջում 77․000։ Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտներ նույնպես առկա են, որտեղ եկամուտ ստացող լրացված ութ դաշտում էլ նշված է Անի Մխիթարյանի անունը, որպես եկամուտ վճարող կազմակերպություն նշված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, Եվրոպական համալսարան հիմնադրամը, Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ը, Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ը, Արդշինբանկը, Հայաստանի Հանրապետությունը։

Այսպիսով, ամփոփելով դատավոր Մխիթարյանի հայտարարագրերի համեմատական վերլուծությունը՝ կարող ենք փաստել, որ նկատվում է կայուն ձևավորված օրինաչափություն առ այն, որ մինչև 2018թ. հայտարարագրերում բավականին սակավաթիվ տեղեկություններ են ներառված եկամուտների, շարժական և անշարժ գույքի վերաբերյալ, այն պարագայում, երբ 2019թ հայտարարագրում ի հայտ են գալիս և՛ անշարժ, և՛ շարժական գույքեր, որոնք ձեռք էին բերվել դեռևս նախկինում՝ տարիներ առաջ, սակայն անհասկանալի պատճառներով հայտարարագրված չեն եղել։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆ

2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակված Ալեքսանդր Ազարյանի (դատավորի կենսագրությունը և պաշտոնեական առաջխաղացումը՝ այստեղ) 2011թ. հայտարարագրում գրեթե նույն պատկերը և նույն տրամաբանությունն է, ինչ արդեն իսկ լուսաբանված դատավորների հայտարարագրերում, մասնավորապես առկա են միայն դատավորի դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք տարվա սկզբում և վերջում կազմել են 6.000.000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ տարվա սկզբում և վերջում 12.000, իսկ ռուսական ռուբլով՝ տարվա սկզբում և վերջում 54․000։ Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 5․700․637 ՀՀ դրամ:

Ալեքսանդր Ազարյան

2012թ.-ից 2018թ․ հայտարարագրերում էական փոփոխություն տեղի չի ունեցել, մասնավորապես առկա չեն տեղեկություններ անշարժ գույքի կամ դրա ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ, բայց արդեն 2019թ. հայտարարագրում, որը ներկայացվել է 22․05․2020թ., առկա է տեղեկատվություն առ այն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանն ունի համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք՝ բնակելի տան տեսքով, որը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, որն ի դեպ ձեռք է բերվել 1994թ․՝ նվիրատվության եղանակով։ Կանխիկ դրամը կազմել է 13․000․000 ՀՀ դրամ հարկային տարվա սկզբում, իսկ հարկային տարվա վերջում՝ 15․000․000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ հարկային տարվա սկզբում 0 $, իսկ հարկային տարվա վերջում՝ 5000 $։ Աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները Վերաքննիչ դատարանից կազմել են 10․919․807 ՀՀ դրամ:

2020թ. հայտարարագրում անշարժ գույքի մասով առկա են որոշակի փոփոխություններ, մասնավորապես ավելացել է ևս մեկ անշարժ գույք, համատեղ սեփականության իրավունքով՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, որը, ի դեպ, ձեռք է բերվել գնման եղանակով 2009թ.:

Կանխիկ դրամը կազմել է 15․000․000 ՀՀ դրամ հարկային տարվա սկզբում, իսկ հարկային տարվա վերջում՝ 18․000․000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ հարկային տարվա սկզբում 5000 ԱՄՆ դոլար, իսկ հարկային տարվա վերջում՝ 8000 ԱՄՆ դոլար, աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները Վերաքննիչ դատարանից կազմել են 12․114․888. ՀՀ դրամ:

Դատավորի կողմից տարբեր տարիների համար ներկայացված եկամուտների հայտարարագրերի համեմատական վերլուծությունը կրկին ակնհայտ է դարձնում, որ այս դեպքում էլ բարեխղճության և բարեվարքության հետ կապվող անպատասխան հարցեր կան։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) «Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ» ծրագրի փորձագիտական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930