Այսօր ԱԺ-ում 2021-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ ճանապարհաշինության աշխատանքների մեջ տենդերը շահելիս երբեմն նախնական հաշվարկից հեռու հաշվարկ են ներկայացնում ու 30-40%-ով էժան են աշխատանքներ իրականացնում. «Սա վտանգավոր չի՞, փողերի լվացման անհանգստություն չունե՞նք, կարո՞ղ եք ասել՝ ո՞ր ֆիրմաներն են, որ շահել են տենդերների հիմնական մասը»:
Նախարարը պատասխանեց, որ փողերի լվացումը իրենց նախարարությունը չի կարող տեսնել. «Էդքան խելք ունեք, պարոն Աղազարյան, շարունակությունը մեր գործը չի, թե չէ տեսնում ենք այդպիսի հարցեր: Այս տարի էլ նման դեպքեր տեսնում ենք, երբ ընկերությունների միջեւ մրցակցության արդյունքում բավական մեծ խնայողություններ ենք ունենում: Սա առաջին հայացքից լավ է, 5 մլրդ-ի նախագծային հաշվարկն է, 4 մլրդ-ով են անում, կան դեպքեր, երբ ինքնարժեքին մոտ է կամ ցածր է, սկսում են հարցեր առաջանալ: Կան ընկերություններ, որոնք դրանով փորձում են շուկան վերցնել, այսինքն՝ իրենք վնասով կաշխատեն, բայց աշխատանքների մեծ մասը իրենք կանեն»:
Աղազարյանն անհանգստացավ՝ բոլորին կքշեն շուկայից, իրենք կմնան մենակ ու հետո գին կթելադրեն, բա հետո ո՞նց ենք անելու: Սանոսյանը պատասխանեց. «Կարող է ատկատ չեն տալիս, դրանի՞ց է»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Էդգար Հակոբյանն ասաց, որ Խոյ համայնքում բնակիչները բողոքել են, որ մի քանի տարի առաջ մարդկանց վրա ջրօգտագործման պարտքեր են գոյացել, որից իրենք տեղյակ չեն. «Մարդ կար՝ 5 մլն դրամի պարտք ուներ, մարդ կար՝ 4 մլն է գոյացել ու շատերի վրա կա, չեն իմանում ինչ պայմաններում է այդ պարտքը գոյացել: Տեղյա՞կ եք՝ ինչո՞վ է պայմանավորված»:
Նախարարը պատասխանեց, որ կոնկրետ Խոյ համայնքի մասնավոր դեպքերից տեղյակ չէ, բայց տարբեր համայնքներում ՋՕ ընկերությունները պարտքի բավական հին ու հաստ ցուցակներ ունեն ու որպես կանոն՝ այդ հին պարտքերը հավաքել էլ չի լինում:
Էդգար Հակոբյանը բացեց փակագծերը. «Մենք նաեւ հանդիպել ենք համայնքապետի՝ Արգիշտի Մեխակյանի հետ, նա տեղյակ էր խնդրից, ասաց, որ իրոք, ջուրը չեն օգտագործել մարդիկ, բայց 1 տարվա մեջ 5 մլն պարտք է գոյացել, երբ տարվա մեջ 200 հազարի ջուր են օգտագործում: Ձեր իմանալու համար ուզում եմ նշել, որ այն ժամանակ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնը թողեց ու իր տեղը Տիգրան Սարգսյանը եկավ, անմիջապես իր գնալուց հետո բազմաթիվ գյուղացիների մոտ այդ խնդիրը առաջացել է: Չգիտեմ մնացածը ինչով է պայմանավորված, զուտ ձեր տեղյակ լինելու համար»:
Նախարար Սանոսյանը պատասխանեց. «Ոնց որ դուք էլ, մենք էլ գիտենք ինչով է պայմանավորված, ուղղակի չեք ուզում ասել, հա՞: Ինձանի՞ց եք ուզում լսել՝ ասեմ՝ արատավոր ոլորտ, շատ վատ ոլորտ: Եթե շատ մարդիկ խնդրել են, որ իրենց այդտեղից չհանեն, նշանակում է՝ այդ մարդիկ այնտեղից շատ մեծ եկամուտ են ունեցել: Հիմա, կարծում եմ, գրեթե այդպիսի բան չկա: Կամ կարող է որոշ մնացուկներ լինեն, որոնց մենք, դուք, համայնքապետերը, գյուղացիները պետք է պարզեն, եթե ցուցակներ կան՝ մաքրեն: Աբսուրդ է, 200 հազարը չի կարող 5 մլն դառնալ: Ինչ-որ մեկը ակնհայտորեն ինչ-ո բան կեղծում է, որը պետք է պարզել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ