Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է շարունակվեր Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը՝ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածության ստուգումը։ Հիշեցնենք, Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը 2021 թվականի հունիսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան՝ դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու համար եւ խնդրել այս հանգամանքը դիտարկել որպես անգործություն։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքը։
Այս գործընթացում որպես տուժող կողմ են ներգրավված 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները։
Թեեւ նախորդ նիստի ժամանակ հայտարարվեց, որ նիստը կշարունակվի այսօր,12.30-ին, Կարեն Բիշարյանի նիստերի օրակարգում այս դատավարության շարունակության մասին հիշատակում չկա: Իսկ նշանակված մյուս գործերով նիստերն էլ անհետաձգելի էին:
Դատավոր Կարեն Բիշարյանն (լուսանկարում) այսօր պետք է որոշում կայացներ նիստերը բաց կամ դռնփակ անցկացնելու մասին: Նախորդ դատական նիստին միջնորդություն էր ներկայացվել բաց նիստեր անելու մասին, քանի որ նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում, դատավորը որոշել էր նիստերը շարունակել փակ ընթացակարգով:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը եւ Հակոբ Մարտիրոսյանը փորձում էին դատավորի գրասենյակում հասկանալ՝ ինչո՞ւ այս գործով նիստը տեղ չի գտել դատավորի այսօրվա աշխատակարգում: Պարզվեց ընդամենը թյուրիմացություն է եղել: Նիստը կայացավ. դատավորը որոշեց, որ նիստերը կշարունակվեն դռնբաց ընթացակարգով: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 3-ին, 17.00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ