«Այնպես չլինի, որ Երեւանը շրջափակվի նորակառույցներով, եւ տրանսպորտը կոլապսի ենթարկվի»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրան մտահոգում է այն փաստը, որ եկամտահարկի վերադարձի մասին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ առաջիկայում նորակառույցում եկամտահարկի վերադարձի ձեռքբերման հնարավորություն կտրվի Երեւանի հարակից մարզերում միայն։
«Հաշվարկներ ունե՞ք, մտահոգություն ունե՞ք»,-հարցրեց Աղազարյանը։ Արմեն Ղուլարյանը պատասխանեց, որ մտահոգություն կա․ «Երեւանի գոտիականության որոշ մասերում կարգը գործում էր։ Նպատակն էր, որ այդ կարգը տեղափոխվի դեպի մարզեր։ Այսօր էլ մարզերում բազմաթիվ ծրագրեր կան։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ օրենքի փոփոխության արդյունքում որոշ քաղաքներում եւ մարզերում արդեն բնակարանաշինության ներդրումային նոր ծրագրեր են արվում։ Մյուս կողմից, մենք շրջանառել ենք Երեւանի փոքր կենտրոնի մասին օրենքը, ըստ որի՝ հաշվի առնելով նշյալ մտահոգությունը, պետք է խիստ սահմանափակել Երեւանի կենտրոնում շինարարության ծավալը»։
Պաշտոնյայի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանում եւս աշխատում են այս ուղղությամբ, կոմիտեն էլ Երեւանի գլխավոր հատակագծի հետ կապված առաջադրանք է ստացել․ «Շուտով կսկսվի գլխավոր հատակագծի մշակումը, այն կանոնակարգելու է Երեւանում կառուցապատման գործընթացը։ Կիսում են անհանգստությունը ձեր։ Հարցը կանոնակարգման կարիք ունի։ Այսօր էլ Երեւանում տրանսպորտային լուրջ խնդիրներ կան։ Օր առաջ պետք է ավարտենք նշյալ կարեւոր փաստաթուղթը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ