Այսօր Aravot.am-ը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց՝ հաշվի առնելով ձեր հայտնի թեզը խցանումների մասին, որն այդքան քննարկումների տեղիք տվեց, ընդդիմությունը հիմա Երեւանի կենտրոնում՝օպերայում փողոց է փակել ու խցանում է առաջացրել, կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմությունը նպաստում է տնտեսական աճին: Նախարարը պատասխանեց. «Դուք պատճառն ու հետեւանքը խառնում եք իրար: Գիտեք, կա շատ լուրջ գիտական հետազոտություններ, նաեւ որոշ երկրներում traffic indicator-ների միջոցով նաեւ տնտեսական ակտիվությունն են գնահատում: Դուք հետեւանքը խառնում եք: Տնտեսական ակտիվությունը կարող է առաջացնել խցանումներ, բայց խցանումները տնտեսական ակտիվություն չեն կարող գեներացնել: Ու այդ մարդիկ, ինչպես Հայաստանի համար վերջին 20-30 տարում ոչ մի լավ բան չեն արել, այնպես էլ հիմա չեն կարող անել»:
Հարցին՝ Իշխան Սաղաթելյանը գալու է ձեր դուռ եւ հարցնի՝ կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ՝ ի՞նչ եք ասելու դուք՝ նախարարը պատասխանեց. «Իշխան Սաղաթելյանը կարող էր գալ այն հարթակը, որը Սահմանադրությամբ նախատեսված է, այսինքն՝ Ազգային ժողով ու այստեղ տալ իրեն հուզող ցանկացած հարց, գալու է իմ դուռը որ ի՞նչ անի: Ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում, գնում են այս նախարարությունից այն նախարարություն, ուզում են հանդիպել նախարարների հետ, բայց նախարարները զբաղված մարդիկ են, օրակարգ ունեն, բավական խիստ զբաղվածություն: Ու գալ ու պահանջել հանդիպում, որ տան մի հարց, որի պատասխանը ոչինչ չի տալու, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ ընթացքն է: Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում, արդյոք ի՞նքը պետք է ինձ այդպիսի հարց տա, թե՞ ես պետք է իրեն այդպիսի հարց տամ»:
Խոսելով բարձր գնաճի մասին՝ Քերոբյանն ասաց. «Անզեն աչքով պետք է նկատել ոչ միայն Հայաստանի գնաճը, այլեւ ամբողջ աշխարհի գնաճը: Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8%-ից ավելի, որն աննախադեպ է, մոտ 50-60 տարի այդպիսի գնաճ չի եղել: Նույն էլ՝ Եվրոպայում: Մենք խոսում ենք ոչ թե զուտ հայկական ֆենոմենի հետ, այլ՝ գլոբալ ֆենոմենի: Ու այդ ներկապնակում կամ լանդշաֆտում ունենալ 8,5% գնաճ, դա ֆանտաստիկ լավ արդյունք է, երբ որ ԱՄՆ-ում է 8,5% եղել: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք երջանիկ ենք, մեր ամբողջ աշխատանքը ուղված է նրան, որ այն տնտեսական ակտիվությունը, որը մենք ունենք, իսկ դուք գիտեք ինչ բարձր արդյունք է` 9,4% ունենք՝ առաջին չորս ամիսների ընթացքում»:
Կարդացեք նաև
Երբ ասացինք, որ այդ աճը մեր մաշկի վրա չենք զգում՝ Քերոբյանը պատասխանեց. «Գնացեք ցանկացած բիզնեսմենի հարցրեք, ձեր խանութի մենեջերին հարցրեք ձեր առեւտուրը ոնց է ու իրենք կասեն, որ առեւտուրը 30-40% աճել է: Հիմա դուք ուզում եք ասեք՝ Վիճակագրական կոմիտեն սխա՞լ է հաշվել տնտեսական ակտիվության ցուցանիշը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ