Դեբեդ գետը նետված երեխայի սկանդալային դեպքը վկայում է այն մասին, որ երեխաների պաշտպանության համակարգը մեր երկրում չունի լուծումներ այն երեխաների համար, որոնց ընտանիքները հուսալի չեն կամ ծնողները ինչ-որ խնդիրներ ունեն եւ չեն կարողանում կազմակերպել սեփական կյանքը: Այսօր «Հոդված 3» ակումբում, երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը: Նրա խոսքով, ճիշտ կլիներ սոցցանցերում քննարկումների փոխարեն այդ հարցերին տրվեին համակարգային լուծումներ. «Այդ դեպքը ցույց է տալիս, որ մեր երկրում ընտանիքներին կանխարգելման եւ վաղ միջամտության օգնող ծառայությունների ծածկույթը թույլ է կամ չկա, երկրորդ՝ հոգեբանական չլուծված խնդիրների համար մենք պրոակտիվ ոչ մի մոտեցում չունենք: Այս դեպքը կարող էր լինել համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, եթե մենք ունենայինք համայնքային սոցիալական աշխատողների ծածկույթ»:
Միրա Անտոնյանի խոսքով՝ ամեն գյուղում անգամ պետք է լինի սոցիալական աշխատող, բայց չունենք:
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Քնարիկ Գարանֆիլյանը, որը «Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահն է եւ «Ընտանիք եւ համայնք» ՀԿ նախագահը՝ գտնում է, որ պետք է ոչ թե դեպքից դեպք հավաքվեն, քննարկումներ ծավալեն, այլ ստեղծեն կանխարգելման եւ ճգնաժամային, արագ միջամտելու մեխանիզմներ: Նրա խոսքով, իրենց աշխատանքը Հայաստանի տարբեր բնակավայրերում ցույց է տվել, որ չկա համայնք, որտեղ չլինեն անհուսալի ընտանիքներ, որտեղ երեխաները հուսալի ձեռքերում չեն: Նա կարծում է, որ աշխատանքները պետք է սկսել համայնքներից, որն այն օղակն է, որը պետք է առաջինն արձագանքի. «Առաջինը պետք է նկատի, միջամտի, կանխարգելման գնա»:
ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը, դիմելով պետական մարմինների պատասխանատուներին, ասաց, որ պետք է ավելացնել ջանքերը ոչ թե իրավունքի ձեւական կողմն ապահովելու հարցում, այլ՝ աշխատեն այդ իրավունքի իրացման եղանակների վրա. «Շատ հաճախ, ականատես ենք լինում դեպքերի, երբ երեխաների դեպքում իրավունքի ձեւական կողմն ապահովված է, բայց չենք կարող պնդել, որ երեխան պաշտպանված է կամ երեխայի իրավունքը լիարժեքորեն իրացված է»:
ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Լաուրա Կարապետյանն ասաց, որ յուրաքանչյուր երեխա անձամբ կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին եւ այնպես չէ, որ դա պետք է տեղի ունենա միջնորդավորված. «Դա բավական լավ օրինակ է պետական մարմինների համար, որոնք չեն լսում երեխայի կարծիքը, մինչդեռ կոնվենցիաներով, ՀՀ Սահմանադրությամբ ու ներպետական օրենսդրությամբ կարգավորված է երեխաների՝ լսված լինելու իրավունքը, բայց շատ դեպքերում դա մնում է թղթի վրա»:
Նա խնդիրներից առանձնացրեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ պետության կողմից արագ արձագանքման մեխանիզմների բացակայությունը:
Միրա Անտոնյանի խոսքով, պետությունը պետք է կանգնի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների կողքին՝ տրամադրելով փաթեթային աջակցություն, որպեսզի ընտանիքը հաղթահարի խնդիրները, երեխան էլ տարբեր պատճառներով չհայտնվի խնամքի կենտրոններում՝ մնալով առանց ծնողական խնամքի. «Չի կարելի ասել, վայ, աղքատ է, ոնց կարելի է այդ երեխային տանել այդ ընտանիք: Ներեցե՛ք, բայց Հայաստանի 41 տոկոսը եւ երեխաների 49 տոկոսը ապրում են որոշակի զրկվածության պայմաններում, իսկ 27 տոկոսը՝ ծայրահեղ զրկվածության պայամններում: Ի՞նչ, գնանք բոլոր այդ ընտանիքներից երեխաներին հավաքենք, տանենք ավելի լավ պայմաննե՞ր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի