Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի ու լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ գլխավոր դատախազին. Թագուհի Թովմասյան

Հունիս 01,2022 14:44

Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի և լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Գրության մեջ մասնավորապես նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի արդյունքում ունենք տուժած քաղաքացիներ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 և 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել:

Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետև փորձել են բերման ենթարկել նաև «Yerkir.am» կայքի խմբագիր՝ Վահե Սարգսյանին:
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է և հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել և դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ:

Եւս մեկ անգամ կարևոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի և վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին:

Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930