Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ ես իմ պատուհանից լսում եմ, որ նախարարները հետնամուտքից փախել են, ի՞նչ անեի, մի հատ էլ դրսից թաթիկով անեի՞, որ այստեղ եմ». Գնել Սանոսյանը՝ ընդդիմությանը

Հունիս 01,2022 14:25

Այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեցինք՝ ընդդիմությունը բոլոր նախարարներից ուզում է լսել մեկ նախադասություն՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», դուք պատրա՞ստ եք բավարարել ընդդիմության այդ պահանջը: Նա պատասխանեց. «Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ում մոտ ինչ հարցով գնա: Եկել են մեր շենքում, այդ շենքում առողջապահության նախարարությունն է, սոցապ նախարարությունն է, մենք ենք, շրջակա միջավայրն է, թող գան, քարտեզները փռենք, իրար հետ աշխատենք, տեսնենք՝ որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ՝ ջրագիծ կառուցում, ջրամբարները ուր հասանք: Ժողովուրդ ջան, կլինի՞ իրար հետ գնանք Վարդուշի տանը հարցազրույց անենք: Չէ, չէ՞, դուք ԱԺ-ում եք հավատարմագրված, հիմա ամեն նախարարություն պետք է գնալ այն հարցերով, որը նախարարությանն առնչվում է: Մեր նախարարություն գան Արցախի հարցերով որ ի՞նչ անեն»:

Հիշեցրինք՝ դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում, նաեւ թիմի անդամ եք՝ նա պատասխանեց, որ լավ հիշում է դա, այդ հարցերի վերաբերյալ էլ իր անձնական տեսակետներն ունի, բայց հարցեր կան, որոնց պատասխան տվողը ինքը չի. «Դրա համար կան համապատասխան գերատեսչություններ, որոնք Արցախից խոսում են ու շատ լավ աշխատում են»:

Խոսելով անվտանգության, սահմանի կահավորանքի մասին՝ Սանոսյանն ասաց. «Գուցե ոմանք իրենց թալանը վերադարձնեն երկրին, չսպասենք այս երկար դատավարություններին՝ հասկանալով, որ այս երկիրը, հայրենիքը նաեւ իրենցն է, որով ե՛ւ մեր պետական տարբեր կառույցների տարբեր աշխատակիցներ աշխատավարձ կստանան, պարգեւավճար կստանան ու ամենակարեւորը՝ մեր սահմանը կկահավորվի»:

Հարցին՝ ինչո՞ւ են նախարարները խուսափում հանդիպել ընդդիմադիրների հետ՝ Գնել Սանոսյանը պատասխանեց. «Նախարարին հանդիպելու ձեւ, կարգ կա: Մենք ոչ մի տեղ պախկված չենք, մեզ կարելի է հանդիպել, բայց աբսուրդը ինչումն է՝ օրինակ, այդ օրը, երբ մեր շենքի մոտ էին, մինչեւ 5-ից 10 պակաս ես գտնվել եմ աշխատասենյակում, որից հետո գնացել եմ մարզահամերգային համալիր՝ բռնցքամարտի արարողությանը: Երբ որ ես իմ պատուհանից լսում եմ, որ նախարարները հետնամուտքից փախել են, ի՞նչ անեի, մի հատ էլ դրսից թաթիկով անեի՞, որ այստեղ եմ: 4 նախարարից միայն մեկը չի եղել շենքում, որը առողջական խնդիրներով առավոտից այնտեղ չէր: Ժողովուրդ ջան, ի՞նչ անեինք, լայվ մտնեինք, գոռայինք, որ մենք այստե՞ղ ենք: Հասկանո՞ւմ եք անլրջությունը՝ երբ որ իրենց թանկ մեքենայի վրա կանգնում ու գոռում են՝ հետնամուտքով փախել են, բայց չենք փախել, ի՞նչ անենք»: Դիտարկմանը՝ դուրս գայիք ու ընդդիմությանը դնեիք վատ դրության մեջ՝ նա պատասխանեց. «Մենք ընդդիմությանը էլի ենք դնում վատ դրության մեջ, իրենք այնտեղ այդպես խոսում են, մենք սենյակում հանգիստ աշխատում ենք, այս երկրում կարեւոր որոշումներ ենք կայացնում, մեր երկիրը զարգանում է, դրանով իրենց դնում ենք վատ դրության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930