Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գործ արեք․ այս գործը ծամոն չի, որ ամեն մեկդ ձեր բերանում ձգեք»․ ծնողը՝ ՔԿ պաշտոնյային

Հունիս 01,2022 14:08

Ինչպես հայտնել էինք, զոհված զինծառայողների ծնողներն այսօր քննչական կոմիտեի դիմաց էին՝ հանդիպելու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։ Ծնողները պահանջում են բացատրել, թե ինչու է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխվել ՔԿ տիրույթ, թե ինչու մինչեւ այս պահը Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել։

Հավաքի ընթացքում պարզվեց, որ Արգիշտի Քյարամյանը տեղում չէ։ Քննչական կոմիտեից մի պաշտոնյա՝ Վարդանյան ազգանունով, իջավ ծնողների հետ հանդիպելու։ Հայտնեց՝ հանդիպելուց չեն խուսափում, պարզապես Արգիշտի Քյարամյանը տեղում չէ․ «Բոլորիդ հետ կապը կա։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմաց շատ բան չեմ կարող ասել։ Կզանգենք, լրացուցիչ հանդիպման օր ու ժամ կպայմանավորվենք»։

«Մենք ողջամիտ պատասխանի էինք սպասում, բայց չեղավ։ Կարճ ժամկետում խնդրում ենք խոսել Արգիշտի Քյարամյանի հետ եւ ասել, որ մենք իր պատասխանին ենք սպասում»,-ասաց մայրերից մեկը։ Պաշտոնյան խոստացավ, որ հանդիպման համար կպայմանավորվեն։

Զոհված զինծառայողի ծնող Լիդա Առուշանյանը կասկած հայտնեց՝ Քյարամյանն իմացել է իրենց գալու մասին, դրա համար դուրս է եկել աշխատավայրից։ Վարդանյանը վստահեցրեց՝ նա երբեք չի խուսափում հանդիպելուց, երբեք չի մերժել ծնողների հանդիպման առաջարկը․ «Նա պարբերաբար ընդունել է բոլոր ծնողներին՝ առանց բացառության։ Ուղղակի այս պահին հարգելի պատճառներով այստեղ չի»։

Տիկին Առուշանյանը բարկացավ․ «Գործ արեք, մի ձգեք, այս գործը ծամոն չի, որ ամեն մեկդ ձեր բերանում ձգեք։ Ամոթ ունեցեք եւ լուծում տվեք այս գործին։ Բոլորիդ՝ պետական ատյաններում աշխատողներիդ է վերաբերում։ Մարդ՝ հայ եղեք, այդքան բան»։

Վարդանյանը լրագրողների հասցեին պատասխանել հրաժարվեց։ «Վարույթն իրականացնող մարմինը քննչական կոմիտեն է»,-միայն նշեց նա։

Ծնողների մտահոգություններին ի պատասխան՝ Վարդանյանը նշեց՝ ամեն օր քննչական խումբը մեծածավալ աշխատանք է անում։

Մայրերից մեկը հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանն ի վերջո հարցաքննվելո՞ւ է։ «Արդեն ասել ենք՝ այո, դա դատախազի տված ցուցում է։ Ծնողները ներկայացրել էին պահանջ։ Կա դատախազի ցուցում, եւ օրենքով վարույթն իրականացնող մարմինը այն պետք է կատարի»,-պատասխանեց պաշտոնյան, շարունակությունն էլ չասաց՝ կրկին այն պատճառաբանությամբ, որ քրեական գործի մանրամասները չի կարող ասել ԶԼՄ-ների ներկայությամբ։

Ծնողները լրագրողներին հայտնեցին, որ երկուշաբթի գալու են՝ պատասխան ակնկալելու։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930