Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչնչի դիմաց ենք վճարում, հանուն ինչ-որ կամայականության, որ ինչ-որ պաշտոնյա պարգեւավճար ստանա». Վահե Լոռենց

Հունիս 01,2022 13:55

Տեղեկացրել ենք, որ հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության, ինչն առաջացրել է զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը:

Aravot.am-ի հետ զրույցում պատմաբան, գրող-հրապարակախոս, «Տիր-Ար» տուրիստական ընկերության հիմնադիր Վահե Լոռենցն ասում է, թե պարզ չէ` ուր են գնալու այդ գումարները: Նաեւ անհիմն է համարում տուրիստական գործակալությունների դժգոհությունները հետեւյալ առումով. «Տուրիստականների դժգոհությունները, թե ամրագրած տուրեր ունեին, չէին նախատեսել նման ծախս, այնքան էլ հիմնավոր չէ, որովհետեւ խմբակային տուր լինի, թե անհատական՝ մուտքավճարները չնչին ու չերեւացող գումար են: Խնդիրն այն է, թե ուր են գնում այդ գումարները:

Նախ՝ մինչեւ Զորաց քարերը, խոսենք Լոռի բերդ ամրոցից: Լոռի բերդ ամրոցում միջնադարյան շինություններից պահպանված գրեթե ոչինչ չկա, պարիսպներն են, դռան հատվածը մուտքի հատվածը վերանորոգել են, կա երկու բաղնիք` մեկը Ձորագետի կիրճի մոտ, մյուսը մուտքի մոտ եւ մի քաղաքացիական շինություն, որը բացարձակ հոգեւոր կառույց չէ, օծված եկեղեցի չէ, բայց մարդիկ մտնում` մոմ են վառում: Էդ գումարներն ինչո՞ւ են գնում այդտեղ, որովհետեւ եթե գումար ես տալիս, պիտի ինչ-որ բանի դիմաց տաս: Ես հիմա խոսում եմ որպես պատմաբան, որպես ՀՀ քաղաքացի: Վերջերս էլ ինչ-որ միջոցառում էր արվել Լոռի բերդի հիմնադրման առիթով, հետաքրքիրն այն է, որ միջոցառման ժամանակ Կյուրիկյան թագավորության դրոշների փոխարեն դրված էին Արտաշիսյանների արծվակիր դրոշները: Անգամ Բագրատունիների հովազը չէր…Այսինքն՝ այնտեղ անգամ գիտական միտքը չկար, անգրագիտություն էր տիրում»:

Վահե Լոռենցի խոսքով. «Երբ Գառնի տաճարում գումար են գանձում, հասկանում ես` տաճար է կանգուն, պարիսպներն են, բաղնիքն է: Բայց նմանատիպ իրավիճակի տարիներ առաջ նաեւ այնտեղ ենք հանդիպել` փոխանակ խճանկարով Արշակունիների երկգլխանի արծիվը պատկերեին, մի բրոյլեր հավ էին պատկերել` նմանեցնելով Արտաշեսյանների զինանշանին: Ես անգամ զանգեցի Հուշարձանների պահպանության կոմիտե, ֆեյսբուքում էլ քննադատական գրառում արեցի, պարզվեց, որ կոմիտեում այն ժամանակ հաստիքային պատմաբան չունեն, հիմա գուցե ունեն, չգիտեմ: Մի քանի պատմաբան ընկերներիս ներգրավեցի, արդյունքում ապամոնտաժեցին, քանդեցին այդ բրոյլեր հավը…

Հիմա Քարահունջում կամ Զորաց քարերում, որ մուտքը վճարովի է դառնում, ինչի՞ դիմաց է դառնում, երբ այնտեղ չկա որեւէ ծառայություն, զուգարան, ճանապարհների վիճակն ահավոր է: Մեքենայով ինքս գնացել եմ, ասֆալտին հարող տարածքում եմ կանգնել, որպեսզի ցից-ցից քարերը չվնասեն: Փաստորեն ոչնչի դիմաց ենք վճարում, հանուն ինչ-որ կամայականության, հանուն ինչ-որ մեկի գրպանի, որ ինչ-որ պաշտոնյա ստանա պարգեւավճա՞ր: Բացարձակ անհեթեթ որոշում է, ու ընդհանրապես Հայաստանում չկա հուշարձանների վերաբերյալ հստակ որդեգրած քաղաքականություն»:

Նա ասաց, որ մտահոգված է նաեւ Ախթալայի եկեղեցով. «Այդ տարածքն ամբողջովին փուչ է, ինքս Ախթալայում եմ ծնվել եւ գետնուղով բազմիցս եմ մտել, հիմա քահանան պուրակ է սարքել պատմական հուշարձանի տարածքում, այն բարձրացող ծառերից են տնկել, որոնց ծանրության տակ «նստելու» է: Պատմական հուշարձանի տարածքում խաչքարեր են կանգնեցրել: Հասկացանք, որ եկեղեցի է, հոգեւոր արժեք է, մարդիկ աղոթում են, հոգեւոր խնդիրներ են լուծում: Բայց դա նախ եւ առաջ պատմական հուշարձան է, որի պատմական միջավայրը չի կարելի աղճատել: Ախթալայում են գտնվում շուրջ 960 քմ 13-րդ դարի որմնանկարներ, ու արդեն 10 տարի է՝ չենք կարողանում համոզել, որ մոմակալները դրսում դնեն, քանի որ մոմի ծուխը վնասում է որմնանկարները»:

Վահե Լոռենցն ասում է` քահանաներից մեկը պատճառաբանել է, որ Աստծո համար վառած մոմը չի կարող մշակույթ փչացնել: Նա նաեւ նշում է, որ երեկոյան 6-ից հետո եկեղեցու դռները փակվում են, զբոսաշրջիկների հետ մոտենալիս ստիպված հեռախոսահամար են գտնում, որ գան՝ բացեն դռները: Նրա կարծիքով, պետք է համագործակցեն բոլոր կառույցները, մինչդեռ համագործակցություն չկա, ինչը «խփում» է տուրիզմի ոլորտին

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը Վահե Լոռենցի ֆեյսբուքի էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930