Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը

Հունիս 01,2022 13:46

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը: Աշխատանքները ղեկավարում է ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վանանդ Գրիգորյանը:

«Տարածքային սեյսմիկ սանդղակի անհրաժեշտության, դրա մշակման գիտական և կիրառական հիմքերը դրվել են 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների լայնածավալ ուսումնասիրման ժամանակ՝ Գյումրի և Սպիտակ քաղաքների տարածքներում երկրաշարժի ինտենսիվության գնահատման և խոշորամասշտաբ մակրոսեյսմիկ քարտեզներ կազմելու նպատակով։

Տարածքային սեյսմիկ սանդղակի մշակման հիմքում դրվել է երկու կարևոր գործոն: Առաջինը՝ ի տարբերություն ներկայում օգտագործվող MSK-64 սանդղակի՝ շինությունների տիպայնացումն իրականացվելու է ոչ թե ըստ նրանց կոնստրուկտիվ հատկությունների, այլ ըստ նրանց իրական սեյսմազինվածության աստիճանի։ Երկրորդը՝ հաշվի են առնվելու մեր տարածաշրջանի շինարարության իրականացման ազգային-ավանդական առանձնահատկությունները և երկարամյա փորձը։

Շենքերի և շինությունների մեր կողմից առաջարկված նախնական տարակարգման հիման վրա իրականացվեցին մանրամասն մակրոսեյսմիկ հետազոտություններ Սպիտակի երկրաշարժի ազդեցության գոտում գտնվող գրեթե բոլոր բնակավայրերում: Կազմվեցին Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքների մանրամասն մակրոսեյսմիկ քարտեզները», – ներկայացրեց Վանանդ Գրիգորյանը։

Տարածքային սեյսմիկ սանդղակի կիրառական նշանակությունը պայմանավորված է երկրաշարժերի ինտենսիվության առավել իրատեսական գնահատման անհրաժեշտությամբ՝ առավել օբյեկտիվ ու արդյունավետ հակասեյսմիկ քաղաքականություն իրականացնելու նպատակով։

«Սեյսմիկ շրջանացման, միկրոշրջանացման մեթոդների կատարելագործում, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակում՝ տարածքային առանձնահատկությունների հաշվառմամբ» թեմայով աշխատանքները կատարվում են ՀՀ ԳԱԱ Նախագահության կողմից հաստատված հիմնարար գիտական հետազոտությունների ծրագրի շրջանակում։  Կատարված հետազոտությունները զեկուցվել են մի շարք միջազգային գիտաժողովներում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930