Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ էլ փորփրեն, մենք 5000 երեխա չենք սպանել»․ հերոսների ծնողներին վարկաբեկում են, մրոտում, անցյալը փրփրում

Հունիս 01,2022 13:25

«5 օր առաջ մենք դիմում էինք ներկայացնել Արգիշտի Քյարամյանին, որ իջնի ներքեւ եւ պատասխանի մեր հարցերին։ Անվստահություն, իհարկե, ունենք»,-ՀՀ քննչական կոմիտեի դիմաց այսօր զոհված զինծառայողների ծնողների հավաքի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված հերոսի մայր Լիդա Առուշանյանը։

Ծնողներն ակնկալում են, որ քննչական կոմիտեի ղեկավարը կհամաձայնի հանդիպել իրենց․ պահանջում են բացատրել, թե ինչու է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխվել ՔԿ տիրույթ, թե ինչու մինչեւ այս պահը Նիկոլ Փաշինյանը չի  հարցաքննվել։

Մինչեւ Քյարամյանի հետ հանդիպման մասին հստակ պատասխան կլիներ, ծնողները լրագրողների հետ զրույցներում հայտարարեցին՝ իրենց վարկաբեկում են, փրփրում անցյալը։

«Մեր երեխաների արյունը հենց այնպես չի թափվել, պայքարելու ենք, մինչեւ դրական արդյունքի հասնենք։ Մենք ծնողներով շատ ուժեղ ենք, պապաներն էլ մեր թիկունքին են»,-ասաց մայրերից մեկը։

Տիկնանցից մյուսն էլ շեշտեց՝ բոլորին հայտնի է, որ օրվա կառույցները ծառայում են օրվա իշխանությանը․ «Տեւական ժամանակ է, որ ծնողներին  այս ատյանից այն ատյան են տանում-բերում, իրենց գործով զբաղվելու փոխարեն՝ փրփրում են ծնողների անցյալը, իրենց կեղտոտ լրատվականներով փորձում մեզ մրոտել։ Դրանով մեզ չեն լռեցնելու, թող իրենց կեղտերը տեսնեն»։

Մայրերը նաեւ նշեցին՝ Արգիշտի Քյարամյանի հետ նախորդ հանդիպումից վստահություն ձեռք չեն բերել․ «Ո՞նց կարելի է իրեն վստահել, եթե պատերազմի ժամանակ ԱԱԾ պետն էր։ Պահանջում ենք հարցաքննել վարչապետին, բոլոր ատյաններն այս կողմ-այն կողմ են տանում-բերում։ Մեր «պագոններն» ընկնում են, իրենը՝ ո՞չ։ Թող իջնի ու պատասխանի մեր հարցերին, թող հարցաքննության ժամկետ ասի»։

Մայրերից մեկն էլ համոզմունք հայտնեց՝ Փաշինյանի՝ ԱԺ-ում հայտնի ելույթից հետո համբերության բաժակը լցվել է․ «Ճիշտ կլինի՝ նա կալանավորվի, որպեսզի գործին չխոչընդոտի։ Քանի պաշտոնին նստած է, ազդելու է քննչական մարմինների վրա»։

Ծնողներից մյուսն էլ ասաց․ «Ինքն իրեն գլխավոր հրամանատար է կոչում։ Այդպիսին գոնե զենքից պետք է հասկանա, զենք քանդել, պատերազմել իմանա, իսկ ինքը չի հասկանում այդ գործից։ Ավել-պակաս բաներ են ասում ու գրում։ Թող ամեն մեկն իր անցյալի մասին մտածի։ Ինչ էլ փորփրեն, ծնողներից ոչ մեկ 5000 երեխա չի սպանել։ Մեր երեխաների թափած արյան պատասխանն ենք ուզում։ Աննա Հակոբյանն ասում էր, թե հանուն ոչնչի են տղերքը զոհվում։ Գուցե տառերը սխալ է ասել։ Հանուն ոչ թե ոչնչի, այլ հանուն իրենց պես ոչնչությունների գնացին․․․Այդ ոչինչները հիմա նստած՝ իրենց կաշվե աթոռներին լավ են զգում»։

Մեկ այլ տիկին հավելեց․ «Եթե իրենք արժեքներ ու գաղափարներ չունեն, դա իրենց խնդիրն է, իսկ մեր տղաները գիտեին, թե ինչի համար են պատերազմ գնում։ Մենք էլ հիմա գիտենք»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930