Լրահոս
Օրվա լրահոսը

CPJ-ը կոչ է արել Վահագն Խաչատուրյանին չստորագրել լրատվամիջոցների հավատարմագրման վերաբերյալ վերջին փոփոխությունը

Հունիս 01,2022 13:08

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պետք է ձեռնպահ մնա վավերացնել օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս պետական մարմիններին չեղարկել լրագրողների հավատարմագրումը: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի խորհրդարանը մայիսի 25-ին հավանություն է տվել զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքում փոփոխություններին, որի համաձայն՝ պետական մարմինները կկարողանան դադարեցնել լրագրողների հավատարմագրումը, մինչդեռ նախկինում միայն լրատվամիջոցները կարող էին չեղարկել իրենց լրագրողների հավատարմագրումը պետական գերատեսչություններում:

CPJ-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մտավախություն է հայտնել, որ իշխանությունները կարող են օգտագործել փոփոխությունները՝ արգելելու քննադատող լրագրողներին լուսաբանել խորհրդարանի նիստերը և կառավարության այլ իրադարձությունները: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

«Լրագրողների հավատարմագրման կանոնակարգում կատարված վերջին փոփոխությունները մամուլի օրենսդրության միջազգային չափանիշներից Հայաստանի շեղվելու ամենաթարմ օրինակն են։ Հաշվի առնելով երկրի խիստ բևեռացված քաղաքականությունը և ընտրովի կիրառման ներուժը՝ այս փոփոխությունները մտահոգիչ են, – ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը: – Մենք կոչ ենք անում նախագահ Խաչատուրյանին ձեռնպահ մնալ փոփոխությունները վավերացնելուց և կոչ ենք անում իշխանություններին աշխատել մամուլի ազատության տեղական կազմակերպությունների հետ՝ բարեփոխելու լրատվամիջոցների վերաբերյալ վերջին սահմանափակող օրենքները»։

Օրինագծի հեղինակները՝ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու պատգամավորներ, չեն ընդունում, որ փոփոխությունները սահմանափակում են մամուլի ազատությունը: Նրանք խորհրդարանում հայտարարել են, որ միայն կոնկրետ լրագրողի հավատարմագրումը կարող է չեղարկվել, այլ ոչ թե լրատվամիջոցինն ամբողջությամբ։ Նաև, պատգամավորների պնդմամբ, լրատվամիջոցները կկարողանան փոխարինել ցանկացած լրագրողի, որի հավատարմագրումը դադարեցվել է: Նրանք նաև պատճառաբանել են, որ նման փոփոխությունն անհրաժեշտություն է, քանի որ «բազմաթիվ դեպքերում» լրագրողները սպառնացել ու վիրավորել են պատգամավորներին և «խոչընդոտել թե՛ պատգամավորների, թե՛ մյուս լրագրողների գործունեությունը»:

CPJ-ի հետ զրույցում Մելիքյանն ասել է, որ թեև փոքրաթիվ լրագրողներ մեղավոր են ոչ պատշաճ վարքագծի համար, սակայն այդ հիմքով օրենքներ ընդունելը սխալ է, քանի որ իշխանությունները կարող են օրենքը օգտագործել որպես «ճնշման գործիք» լրագրողական համայնքի դեմ: «Այսօր պետական մարմինները կարող են դեմ լինել լրագրողների պահվածքին, իսկ հետագայում՝ թե ինչպես են լրագրողները լուսաբանում իրենց աշխատանքը»,- ասել Մելիքյանը։

Նա հավելել է, որ ըստ փոփոխության՝ լրագրողները կկարողանան բողոքարկել հավատարմագրման մերժման և դադարեցման մասին որոշումները դատարանների միջոցով, բայց պետք է դեռ տեսնել, թե ինչպես պետական մարմինները և դատարանները կկիրառեն օրենքը գործնականում:

Մելիքյանը այս փոփոխությունը որակել է որպես Հայաստանում «լրատվամիջոցների ռեգրեսիվ օրինագծերի շղթայի վերջին օղակը»։ 2021թ. հուլիսին և հոկտեմբերին երկիրը քրեականացրեց վիրավորանքը և եռապատկեց վիրավորանքի և զրպարտության համար գոյություն ունեցող տուգանքները, նաև խորհրդարանն արգելեց լրագրողներին մուտք գործել օրենսդիր պալատ առանց նախնական թույլտվության և սահմանափակեց լրատվամիջոցների հարցազրույցները որոշակի տարածքներում:

CPJ-ն էլեկտրոնային փոստով դիմել է Հայաստանի խորհրդարանին, նախագահի գրասենյակին և վարչապետի գրասենյակին՝ մեկնաբանությունների համար, սակայն որևէ պատասխան չի ստացել:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930