Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում մեր հաջողությունները կամրապնդվեն․ ՔՊ պատգամավորների ելույթները ԵԱՀԿ ԽՎ-ում

Հունիս 01,2022 12:34

Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ միջազգային կոնֆերանսում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Նիկոսիայում կայացած ԵԱՀԿ ԽՎ «Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության պաշտպանություն. ազգային խորհրդարանների դերը» թեմայով միջազգային կոնֆերանսում:

Պատգամավորը նշել է. «Հարգելի’ գործընկերներ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին այս համաժողովի կազմակերպման համար եւ մեր զեկուցողներին` իրենց դիտարկումների համար:

Ինչպես նշեց տիկին Խարալամբիդեսն իր ողջույնի խոսքում, սա մի հարթակ է, որտեղ ներկայացվում են լավ փորձառությունները: Կցանկանայի խոսել վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ մղվող պայքարի մասին:

2018 թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրի ժողովրդավարական եւ անվտանգային բարեփոխումների օրակարգում կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարության առանցքային առաջնահերթություններից է եղել: 2018 եւ 2021 թթ. տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանները, անշուշտ, կարեւոր դեր են խաղացել կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման եւ օրենսդրության մշակման գործում:

Մեր քաղաքականության հաջողությունն արտահայտվել է Թրանսփերենսի Ինթերնեյշնլի վերջերս հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչը» զեկույցում: Զեկույցում նշված է. «Հայաստանը Կոռուպցիայի ընկալման ցուցիչի հարցում հաջողություն է գրանցել վերջին հինգ տարիներին` 2017 թ. իր դիրքը բարելավելով 14 կետով: 2018 թ. զանգվածային բողոքի ցույցերը հեռացրին արմատավորված քաղաքական վերնախավին` իշխանության բերելով բարեփոխումների հակված կառավարության: Դրանից հետո Հայաստանն ընդլայնել է քաղաքացիական ազատությունները` ճանապարհ հարթելով ավելի կայուն քաղաքացիական ներառականության եւ հաշվետվողականության համար»:

Կցանկանայի մանրամասնել, թե ինչն է հնարավոր դարձրել ինստիտուցիոնալ եւ քաղաքականությունների մշակման տեսանկյունից այս գնահատականին արժանանալը:

Առաջին, 2020 թ. Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը կոռուպցիան մատնանշել է որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Երկրորդ, 2019 թ. Հայաստանի կառավարությունն ընդունել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն ունի 3 գլխավոր ուղղություն` կոռուպցիայի կանխում, կոռուպցիայի հակազդեցություն եւ հանրային իրազեկման բարձրացում:

Որպես նշանակալից քայլ կոռուպցիայի կանխման հարցում` 2019 թ. ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սա անկախ մարմին է, որի անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից, սակայն թեկնածուներն անցնում են խիստ մրցակցային մրցույթի ընթացակարգով: Պետական պաշտոնյաների եւ նրանց ազգականների բավականին լայն շրջանակ իրենց եկամուտի եւ սեփականության վերաբերյալ հանձնաժողովին ներկայացնում են մանրամասն տարեկան հայտարարագիր: Սկսած 2022 թ. հունվարից` պետական պաշտոնյաներն իրենց տարեկան ծախսերի վերաբերյալ նույնպես ներկայացնում են հայտարարագրեր: Սկսած այս տարվանից` նաեւ քաղաքական կուսակցություններն են պարտավոր ներկայացնել հայտարարագրեր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նաեւ ստուգում է դատավորների թեկնածուների բարեվարքությունը:

Կոռուպցիայի կանխարգելման նպատակով նոր ինստիտուտներ են ստեղծվել, որոնցից մեկը Հակակոռուպցիոն կոմիտեն է: Կոմիտեի նախագահը եւ քննիչները ընտրվում են մրցույթով, նրանք նույնպես անցնում են բարեվարքության ստուգման ընթացակարգով:

Ստեղծվում է նաեւ Հակակոռուպցիոն դատարանը, եւ շուտով մենք կունենանք կոռուպցիոն գործերով զբաղվող մասնագիտացված դատավորներ:

Դատախազությունում ստեղծվել է մի նոր հակակոռուպցիոն ստորաբաժանում, որի դատախազների թեկնածուները նույնպես անցնում են բարեվարքության ստուգման ընթացակարգով եւ ընտրվում են մրցույթով:

Այսպիսով, Հայաստանն արդեն ստեղծել է ինստիտուտների մի ամբողջական շղթա, որն ուսումնասիրում եւ պայքարում է կոռուպցիայի դեմ` հետաքննությունից մինչեւ դատարանի վճիռներ: Այս բարեփոխումները վստահություն են ներշնչում, որ այսպիսի ինստիտուցիոնալ կարողություններով ու քաղաքական կամքով առաջիկա տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում մեր հաջողությունները կամրապնդվեն»,- եզրափակել է Սարգիս Խանդանյանը:

Նիկոսիայում կայացած ԵԱՀԿ ԽՎ «Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության պաշտպանություն. ազգային խորհրդարանների դերը» թեմայով միջազգային կոնֆերանսում ելույթ է ունեցել նաև ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:

Իր ելույթում նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի’ գործընկերներ, ես միանում եմ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ուղղված երախտագիտության խոսքերին` մեզ այստեղ հյուրընկալելու համար: Շնորհակալ եմ:

Գործընկերս` Սարգիս Խանդանյանը, խոսեց կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ընդհանուր առաջընթացի մասին: Այդ առումով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը Հայաստանին չեմպիոն է որակավորել՝ հենվելով վերջին տարիների առաջընթացի վրա: Սա, իհարկե, մի կողմից ցույց է տալիս, թե որքան վատն է եղել մեր մեկնարկային կետը մի քանի տարի առաջ, սակայն այն, անշուշտ, նաեւ ցույց է տալիս կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ներկայիս կառավարող ուժի վճռականությունը: Կցանկանայի առանձնացնել մեկ օրենսդրական փոփոխություն, որը կատարել ենք 2020 թ. գարնանը: Երկու տարի առաջ մեր խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, որի շնորհիվ ներկայում ուսումնասիրվող, քննության փուլում գտնվող մոտ 300 գործ կա, որից մոտ տասը մտել է դատարան:

Դրանք, ընդհանուր առմամբ, կազմում են 125 միլիոն եվրոյին համարժեք պոտենցիալ անօրինական ակտիվներ: Սա, իհարկե, նախեւառաջ տպավորիչ է հայ հանրության համար, սակայն այս օրենքի ընդունման եւ կիրառման կարեւոր մասը ոչ այնքան մեխանիզմն է, որքան այն հնարավորությունը, որ վերջինս ընձեռում է ապօրինի ունեցվածքի մեջ մեղադրվող կողմին: Այն թույլ է տալիս ապօրինի ունեցվածքի մեջ մեղադրվող կողմին բանակցել պետության հետ եւ կամավոր հիմունքներով վերադարձնել ապօրինի ակտիվները` այդպիսով նաեւ հնարավորություն ունենալով պահել դատարանում վիճարկվող գումարի մինչեւ 25 տոկոսը:

Այս օրենքը ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն է ենթադրում, որը նպաստում է այս գործընթացի արագացմանը:

Մեր քննարկման քաղաքական բաղադրիչում Իրենան խոսեց քաղաքական կամքի մասին` որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն բաղադրիչ: Ես կիսում եմ այդ դիրքորոշումը եւ կարծում եմ` պետք է ձգտենք հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքն ավելի ու ավելի քիչ դեր խաղա, եւ փոխարենը լինեն ավելի ու ավելի շատ ինստիտուցիոնալ հնարավորություններ եւ մեխանիզմներ, որոնք կփոխարինեն մեր անհատական քաղաքական կամքին` դրանով հարատեւ փոփոխություններ կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի մեր ճանապարհին»,- եզրափակել է պատգամավորը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930