Իրավապահ մարմինները շարունակում են հավաքել պատերազմից հետո Արցախից բերված զենք-զինամթերքը, առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, նռնականետեր, փամփուշտներ եւ այլն։
Դժվար չէ նկատել, որ այսօր զենքի գործերը քաղաքական շահարկումների տեղիք են տալիս։ Ահա, օրինակ, հաղորդվում է, որ զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերը ստուգելու ժամանակ, իսկ զգալի մասը՝ «հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում», մյուս մասն էլ քաղաքացիներն ինքնակամ են հանձնել:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումները», որոնց մասին գրված է հաղորդագրության մեջ, հայտնի են՝ Վայքի, Սյունիքի, Ապարանի, Վարդենիսի, Արարատի ոստիկանները պատերազմից հետո օր ու գիշեր խուզարկություններ են իրականացնում ավտոճանապարհներին։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խուզարկվողների շարքում է եղել։ Վերջերս նրա ավտոմեքենան կանգնեցրել են Սիսիանի մոտակայքում։ «Դիմադրության շարժումը սկսվելուն պես Սիսիանի մոտ մեքենաները կանգնեցնում էին, նույնիսկ ինձ են փորձել կանգնեցնել, խուզարկության ենթարկել։ Տարօրինակ մարդիկ էին, անտակտ, անդաստիարակ, ես նույնիսկ վիճել եմ իրենց հետ։ Ասում եմ՝ ես պատգամավոր եմ, դուք իրավունք չունեք խուզարկելու իմ մեքենան։ Կարծում եմ՝ հատուկ էին կանգնեցրել։ Ես էլ բացել եմ ճամպրուկս՝ ներքնաշորերս եմ ցույց տվել, ասել եմ՝ նայեք, հիացեք»։
Կարդացեք նաև
Պատգամավորը կարծում է, որ զենքի տեղափոխման դեպքերը շատ են եղել պատերազմից անմիջապես հետո, երբ մարդիկ խուճապահար էին։ «Նոյեմբերի 7-ին, երբ այստեղից սկսեցին տարհանման անվան տակ շատերն ուղղակի փախչել եւ ոչ միայն արցախցիներ, այլեւ հայաստանցիներ, աշխարհազորայիններ, այդ պահն անկառավարելի էր, որեւէ մեկը չէր վերահսկում, ու շատ-շատերը, ես ունեմ տեղեկություն, որ հենց այդ ժամանակ փորձել են զենք տեղափոխել։ Բայց հետագայում հանձնողներ շատ եղան»։ Մետաքսե Հակոբյանն ինքն էլ Արցախում ստացած օրինական զենք ունի։ «Ես օրինական զենք ունեմ, բայց իրավունք չունեմ իմ զենքով գալ Հայաստան, այդ դեպքում իրենք կարող են բռնագրավել։ Հնարավոր է, որ շատերը չգիտեն այս մասին»։
Ցանկացած «հայտնաբերված» զենք-զինամթերք, անկախ նրանից, թե որ հատվածում է առգրավվել, ներկայացվում է որպես Արցախից Հայաստան ճանապարհին հայտնաբերված, ինչն անխուսափելիորեն քաղաքական շահարկումների տեղիք է տալիս։ Իշխանությունը սպասարկող «ֆեյք» ԶԼՄ-ներն անմիջապես սկսում են գոռալ, թե Արցախից Հայաստան զենք են բերում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: