Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն ու Երևանը վերահաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան. Միշել

Հունիս 01,2022 10:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել, որում վերահաստատել է ԵՄ հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խթանելու այնպիսի Հարավային Կովկաս, որը կլինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Միշելը ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթ կարևորությունը, որին հետամուտ է լինելու սահմանազատումը:

Ավելի լայն իմաստով՝ նախագահ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր առկա խնդիրները, ներառյալ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների առաջմղումը, և լուծել հակամարտության խորքային պատճառները:

Նախագահ Միշելի կարծիքով, բոլոր հիմնական խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020թ. ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ պայմաններ ստեղծելու համար կայուն և արդար խաղաղության համար:

«Ինչպես ցանկացած հակամարտության դեպքում, տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում: Նախագահ Միշելի հայտարարությունը մայիսի 22-ին կայացած առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ չպետք է մեկնաբանվի որպես ի նպաստ քննարկումների նախապես որոշված արդյունքի: Ամենակարևորը, ի վերջո, այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն լուծվեն. սա ներառում է բոլոր բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Կապի հնարավորությունները առանձնահատուկ կերպով քննարկվել են մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակ շահարկումները ցավալի են:

Ի վերջո, նախագահ Միշելը շեշտել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության կարևոր դերը:

Նա ողջունել է Երևանի և Բաքվի ղեկավարությանը և ընդգծել, որ նրանք մտադրված են բարեխղճորեն ներգրավվելու բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում,՛ ինչպես նաև ԵՄ-ի կողմից պատրաստակամություն է հայտնել ուժեղացնել աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարը մոտ օրերս կմեկնի տարածաշրջան՝ հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930