Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են բարձրացնում միայն ՍԴ եւ Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձը

Հունիս 01,2022 15:30

Նույն խնդիրներն ունեն նաեւ մյուս ատյանի դատավորները

Մայիսի 19-ին կառավարության որոշմամբ սահմանվեց Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունն ավելացնել։

Ըստ որոշման, Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնական դրույքաչափի 50%-ի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80%-ի  չափով։

Որոշումը մի շարք հարցեր առաջացրեց, մասնագետները մասնավորապես  մտահոգություն են հայտնում՝  ինչու այս փոփոխությունը չի սկսվել առաջին ատյանի դատավորներից, ովքեր գործում են մեծ գերծանրաբեռնվածությամբ, իսկ նախատեսված վարձատրությունը գործնականում չի ապահովում դատավորի պաշտոնին հարիր աշխատավարձ։

Որոշման հիմնավորման տեքստը բավական երկար է, 14  էջանոց։ Առանձնացնելով հիմնավորման մի հատվածը, նշենք, որ Վճռաբեկի դատավորների վարձատրության բարձրացումը պատճառաբանվում է հետեւյալ կերպ՝ «Վճռաբեկ դատարանն իր սահմանադրական լիազորությունների իրականացման բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի եւ եռաստիճան դատական համակարգում իր քննությանը ներկայացված իրավունքի եւ փաստի ամենաբարդ հարցերի քննությանը։ … Վճռաբեկ դատարանի գործառույթների  հնարավորինս արդյունավետ իրականացումը ունի մեծ հանրային-իրավական նշանակություն այն իմաստով, որ թե՛ պետությունը եւ թե՛ հասարակությունը շահագրգռված են օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի ճիշտ ու միատեսակ կիրառման, դատական պրակտիկայի հետեւողականության եւ կանխատեսելիության ապահովման հարցում»։ Նշվում է, որ  Վճռաբեկ դատարանի դատավորների վրա դրված առաջադրանքներն առանձնակի կարեւոր են, դրանք պահանջում են սոցիալական եւ նյութական անկախության լրացուցիչ երաշխիքներ նախատեսել Վճռաբեկ դատարանի դատավորների համար:

Արդյոք այս որոշումը համաչափ է դատական համակարգի անկախության համար, եւ արդյոք խտրականություն չի՞ դրվում տարբեր ատյանների դատավորների միջեւ։

«Առավոտ»-ի հետ զրույցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասում է՝  դատական իշխանության անկախության եւ արդյունավետության երաշխիքներից մեկը բավարար բյուջեի տրամադրումն է, ինչը պետք է ներառի նաեւ բավարար վարձատրություն դատավորի աշխատանքին՝ հաշվի առնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը, պատասխանատվության աստիճանն ու տրված բարձր կարգավիճակը։ Հարությունյանը հիշեցնում է՝ այս հարցը Հայաստանում մշտապես քննարկվում է,  ինչը կապվում է նաեւ դատական համակարգում առկա մի շարք խնդիրների հետ։

«Ի սկզբանե պետք է նշել, որ դատավորների վարձատրության բարձրացումը անհրաժեշտ քայլ է, ինչը սակայն պետք է ներառի ողջ համակարգը, հիմքում ունենա օբյեկտիվ ու թափանցիկ չափանիշներ՝ համահունչ դատավորների ծանրաբեռնվածությանը»,-ասում է Հարությունյանը։

Անդրադառնալով փոփոխությունների նախագծով ներկայացված հիմնավորմանն այն մասին, ըստ որի՝ «Վճռաբեկ դատարանի գործառույթների հնարավորինս արդյունավետ իրականացումը ունի մեծ հանրային իրավական նշանակություն այն իմաստով, որ թե պետությունը եւ թե հասարակությունը շահագրգռված են օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի ճիշտ ու միատեսակ կիրառման, դատական պրակտիկայի հետեւողականության ու կանխատեսելիության ապահովման հարցում», ապա  Հարությունյանը նշում է՝ համանման խնդիրներ իրենց առջեւ ունեն նաեւ վերաքննիչի եւ առաջին ատյանի դատավորները. «Հստակ գիտակցելով Վճռաբեկ դատարանի կարեւոր դերն ու տեղը դատական համակարգում՝ պետք է պատշաճ մոտեցում ցուցաբերել նաեւ մնացած դատարաններին»։

Ինչ վերաբերում է ՍԴ  դատավորների վարձատրության ավելացմանն առնչվող  որոշման հիմնավորմանը, ապա նշվում է՝ «ՍԴ  դատավորի անկախությունը անհրաժեշտ է ապահովել նրա բարեկեցության երաշխիքների ընդլայնմամբ, այդ թվում՝ նյութական… ՍԴ դատավորի համար նախատեսված հավելավճարի չափը բարձրացնելու դեպքում ՍԴ պաշտոնաթող դատավորի կենսաթոշակը կմոտենա կենսաթոշակավորված դատավորների թոշակին, ինչով կապահովվի Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ (անկախ կենսաթոշակի անցնելու պահից) հավասար վերաբերմունքը»:

Այս առնչությամբ էլ Հասմիկ Հարությունյանը կրկին նշում է՝ ցանկացած դատավորի, այդ թվում՝ առաջին ատյանի ու վերաքննիչ, անկախությունը կարելի է ապահովել նրա բարեկեցության երաշխիքների ընդլայնմամբ, այդ թվում՝ նյութական. «Այստեղ ինձ հետաքրքրում է ինչ ուսումնասիրության ու գնահատումների հիման վրա է որոշումը կայացվել, արդյոք առաջին ատյանի դատավորների ամսական ու տարեկան կտրվածքով գործերի քանակը հաշվի է առնվել, արդյոք ուսումնասիրվել է քանի գործ է Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունվում, եւ մի շարք այլ նմանատիպ հարցեր, որոնց առկայությամբ այս փոփոխությունները ավելի հասկանալի ու միգուցե նաեւ ընդունելի լինեին։ Արդյոք այս որոշումը դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու բավարար հնարավորություն է եւ բավարար հիմք է անկախ դատական համակարգ ունենալու համար»։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշման այս նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց՝  «Մենք այս որոշումները  կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ։ Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը պայմանականորեն ասած՝ նայում է մարդկանց աչքերին, եւ ոչ թե մարդկանց ձեռքերին։  Մենք այս որոշումները կայացնում ենք նաեւ այն պատճառով, որովհետեւ ուզում ենք, որ երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ»։

Հասմիկ Հարությունյանը նկատում է՝  նյութական ապահովումը չպետք է դիտարկել որպես անկախության ապահովման եւ կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու միակ պայման։ Նա  ընդգծում է՝ դատական համակարգի անկախության ապահովման հարցում նյութական ապահովվածությունը անհրաժեշտ գործոններից ընդամենը մեկն է, եւ չպետք է տպավորություն ստեղծվի, որ այդ հարցի լուծմամբ ՀՀ դատական համակարգը ինքնին ավելի անկախ կդառնա. «Այսինքն, պետք է համալիր մոտեցում լինի՝ ծանրաբեռնվածության համապատասխան եւ դատավորի բարձր պաշտոնին համապատասխան նյութական ապահովվածություն, միեւնույն ժամանակ դատավորի արդյունավետ գործունեության պահանջների ու մեխանիզմների ապահովում»։

Ինչ վերաբերում է վարչապետի դիտարկմանը, ապա Հարությունյանն ասում է՝  իհարկե, ողջունելի է հանրապետության վարչապետի միտքը, որ ուզում են իսկապես անկախ դատական համակարգ ունենալ, բայց այդ նատակին պետք է համակարգային մոտենալ, ունենալ համապատասխան քաղաքականություն, ինչը ի թիվս այլնի կներառի նաեւ վարձատրության հարցը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930