Լրահոս
Օրվա լրահոսը

«2016-ին ֆեյսբուքում նկարներ էիք գցում, ասում Աղդամն իմ հայրենիքն է, հիմա վախենում ենք ասեք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին

Հունիս 01,2022 00:09

«Մենք խոսում ենք, որ ՀՀ-ն պարտավոր է աջակցել Արցախի ինքնորոշմանը և ֆիքսում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած փաստաթղթին ու պահանջներին,  հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա պարզաբանեց, թե ինչու են նման ամրագրում արել։ Ու, դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ ասաց․ «Կասեն՝ միանշանակ բաներ եք ասում։ Ո՞նց ենք ասում, եթե բոլորդ վախենում եք արտաբերել այդ միտքը։ Եթե որևէ մեկդ չկարողացավ անել այնպես, որ կլինի շուտով մի տարի, որ ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի միջազգային կառույց չի խոսում։ Դուք հասցրել եք նրան, որ խոսում են Արցախում բանկվող էթնիկ հայերի իրավունքների մասին, մեր Արցախն անվանում են Ղարաբաղի շրջան։ Այ, դրա համար ենք սա պահանջում։ Մենք պահանջում ենք հուսալի ցամաքային կապ Արցախի հետ, որովհետև այս պահին ՀՀ-ի ու Արցախի ցամաքային կապի լայնությունը՝ ըստ կապիտուլյացիոն հայտարարության՝ հինգ կիլոմետր է, որպեսզի պատկերացնեք՝ հինգ կիլոմետրանոց միջանցքը կարելի է խոցել ծանր գնդացիրով։ Սա ոչ միայն անվտանգություն չէ, այլև խայտառակություն։ Ուզում եմ հիշեցնել, թե որտեղից ենք հասել այս վիճակին։ Հարևան պետության ղեկավարն իր կոտրած լեզվով հայտարարել էր, որ նախորդ բանակցած պայմաններում Լաչինն ու Քելբաջարը հավերժ մնալու էին հայկական։ Այդ կետին էինք մենք հասել»։

Խոսելով ՀՀ կողմից Արցախի անվտանգության և ինքնիշխանության երաշխիքների մասին ամրագրումների մասին՝ պատգամավորը նկատեց․ «Ցավոք, ՀՀ-ն Արցախի համար պատերազմից հետո դարձել է սոցիալական հաբ՝ ՀԿ-ի պես մի բան, որն ընդամենը ֆինանսական աջակցություն է տրամադրում ու զրո անվտանգություն։ Բոլորս դրանում համոզվեցինք ձմռանը, երբ սոցիալական ճգնաժամի ժամանակ ՀՀ-ն չարեց ոչինչ։ ՀՀ-ի ղեկավարները թողել էին Արցախը մենակ»։

Սահմանագծման ու սահմանազատման մասին էլ նշեց․ «Մենք խոսում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պիտի իրականացվի առաջինը` բոլոր գերիների և պահվող անձանց վերադարձից հետո և ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը հանելուց հետո։ Ես շատ խնդրում եմ, որ այն գերիների հարազատները, որոնք մեր ճանապարհը փակել էին Գյումրիում, ուշադիր կարդան այս կետը ու հասկանան՝ ով է գերիների հարցով զբաղվում, ով է մոռացել։ Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլը տակն էր դրել ականապատ տարածքների քարտեզները կես տարի, երբ մեր տղերքը Բաքվի բերդերում տանջվում էին ու դրանք փոխանցեց միայն ընտրություններից առաջ։ Նիկոլը մարդու կյանքով քվե հավաքող է»։

Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց՝ ամրագրել են, որ սահմանագծումն ու սահմանազատումը պիտի լինի առանց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ կորուստների ու նշեց․ «Բայց կասեն՝ իսկ ինչի՞ համար։ Ա, դուք բանավոր եք մեր երկրի տարածքները հանձնում․ Սյունիքում եք բանավոր հանձնել, դու ընդունել ես՝ հիմա էլ ես բանավոր բանակցություններ վարում, դու քո կառավարության նիստում մի խոսքով կասկածի տակ դրեցիր Սյունիքի մի քանի գյուղերի հայկականության հարցը։ Դրա համար ենք մենք սա ֆիքսում»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին էլ փաստաթղթում ամրագրում կա։ Հայկ Մամիջանյանն այս առիթով նշեց․ «Հիմա կասեն՝ ի՞նչ է եղել, երկու կողմն էլ ասում են՝ առանց նախապայման։ Սուտ է, քանի որ նախապայմանները հնչեցվում են թուրքական ամենատարբեր կալիբրի պաշտոնյաների կողմից, ու դուք դրանց ոչինչ չեք պատասխանում։ Մենք խոսում ենք նրա մասին, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները պիտի իրարից զատ լինեն։ Ի՞նչ եք արել դրա համար։ Ադրբեջանը մեզ վերջնագիր է ներկայացնում, Թուրքիան ողջունում ու ՀՀ-ից պահանջում  դա ստորագրել ու ընդունել»։

Անդրադառնալով իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից հնչեցվող հայտարարություններին՝ Հայկ Մամիջանյանն ասաց․ «Ձեր խոսքն արժեք չունի։ 2016-ին ֆեյսբուքում նկարներ էիք գցում, ասում` Աղդամն իմ հայրենիքն է, հիմա վախենում եք ասեք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ Արցախը չի’ լինելու Ադրբեջանի կազմում։ Մի ուրիշ երեսփոխան այսօր մեր պայքարին փորձել է որակում տալ։ Սրանք այդպես էլ չհասկացան, որ Արցախը, ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ համար ոչ թե իշխանությունը պահելու տարբերակ է, այլ` ճիշտ հակառակը։ Մեր քաղաքական թիմի ղեկավարը ժամանակին իշխանության մնաց, որպեսզի ապահովի Արցախի անվտանգության խնդիրը։ Ինքը դա արեց, որ ձեր պես անհայրենիքները չգան։ Մեկ էլ մի թեզ կա՝ հաճախ ասում են՝ գնացեք Արցախում Արցախի համար պայքարեք։ Ուրեմն` Արցախի համար պայքարելու ամենաճիշտ տեղն այստեղ է, որովհետև, եթե հանկարծ այն, ինչ մենք միասին անում ենք, չլիներ, աշխարհը կասեր՝ հայերը համակերպվել են։ Իսկ հայերն այս արդյունքի հետ երբեք չեն համակերպվել։ Ու, եթե հանկարծ Նիկոլը նորմալ բանակցող լիներ, ինքը սա կկարողանար մի քիչ օգտագործել, բայց փորձում է խեղդել։ Ինքը փորձում է Ալիևից ավելի Ալիև լինել, բայց դա երբեք չի ստացվելու, քանի որ այստեղ հավաքված բոլոր մարդկանց սրտում, մտքում ու շուրթերին նույն բառն է՝ Արցախ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930