Լրահոս
Օրվա լրահոսը

Կգտնվի՞ օպտիմալ փոխզիջումը

Հունիս 01,2022 10:00

Անցած շաբաթ շվեյցարական Դավոսում անցկացվեց հերթական տնտեսական ֆորումը: Այդ համաժողովը վաղուց արդեն ոչ այնքան տնտեսական է, որքան քաղաքական, եւ բնական է, որ հանդիպման կենտրոնական թեման Ուկրաինան էր: Այդ առումով, իհարկե, ուշագրավ էր Հենրի Քիսինջերի ելույթը: ԱՄՆ նախկին պետքարտուղարը, որն այս օրերին դարձավ 99 տարեկան, իրատեսական, պրագմատիկ քաղաքականության կողմնակից է: Մասնավորապես, հենց նա էր 1970-ական թվականներին իր երկրի եւ Չինաստանի մերձեցման ճարտարապետը՝ քայլ, որն, անշուշտ, ուժեղացրեց իր երկիրը եւ թուլացրեց Խորհրդային Միությունը:

Ելույթ ունենալով Դավոսի ֆորումում՝ Քիսինջերն առաջարկեց Ռուսաստանին՝ զսպել իր կայսրական հավակնությունները, իսկ Ուկրաինային՝ փաստացի տարածքային զիջումների գնալ, համաձայնել խաղաղություն կնքել «status quo»-ի վերականգնման պայմաններում, այսինքն՝ հետպատերազմյան (փետրվարի 23-ի) վիճակով՝ առանց Ղրիմի եւ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մի մասի: Նախկին պետքարտուղարը նաեւ հորդորեց Արեւմուտքին՝ չփորձել կռվել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի միջոցով:

Դարձյալ հիշեցնեմ, որ Քիսինջերն ամենեւին Ռուսաստանի բարեկամը չէ՝ նա ելնում է իր պետության շահերից, որոնք, իր կարծիքով, մոտակա ամիսներին պատերազմի «սառեցում» են ենթադրում: Թե ինչու է նա այդպես կարծում՝ առանձին խոսակցության թեմա է: Համենայնդեպս, հումանիզմն այստեղ կապ չունի:

Քիսինջերի ելույթը, բնականաբար, խիստ բացասաբար ընկալվեց Ուկրաինայում: Իր հարցազրույցում ուկրաինացի քաղաքագետ Վասիլի Կուլիկը, մեկնաբանելով այն փաստը, որ իր երկրի բնակչության 82 տոկոսը պատրաստ չէ որեւէ տարածքային զիջումների, նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը պատրաստ է երկարատեւ զրկանքների: Իսկ իր կողմից քաղաքագետն ավելացրել է, որ ուկրաինացիների համար հաղթանակ կլինի ոչ միայն ամբողջ երկրի ազատագրումը, այլեւ Ռուսաստանի՝ որպես պետության կազմաքանդումը: Ինչպես ասում են, wishful thinking` իր մաքուր տեսքով: Հուսամ, Ուկրաինայի իշխանությունն այդպես չի մտածում:

Ճի՞շտ ճանապարհ է առաջարկում Քիսինջերը, թե՞ սխալ՝ քննարկելու հարց է: Բայց ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք. վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամերիկյան հարափոփոխ իշխանությունները հաշվի են առնում նախկին պետքարտուղարի վերլուծությունները, մտածում են նրա ասածների շուրջ: Ի տարբերություն Հայաստանի՝ որտեղ ներկայիս իշխանությունը կարող է ընդհանրապես չիմանալ, թե ինչ կարծիքի են, ենթադրենք, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը կամ Շավարշ Քոչարյանը, մինչդեռ բոթասի մասին հանրությանը ոչ այնքան հայտնի կնոջ գրառումը դառնում է խորհրդարանում քննարկման առարկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նույնիսկ քաղաքագետները խոսելով քաղաքականությունից ժողովուրդների շահերն ընդհանրապես չեն դիտարկում, խոսում են միայն պետություններից եւ նրանց ղեկավարներից: Իրականում, ինչպես զարգացած քաղհասարակությունում քաղաքացիների իրավունքներն ու պարտավորություններն իրար ոչ միայն չեն հակասում, այլեւ իրար ուժեղացնում են, այդպես էլ պետք է լիներ զարգացած ժողովուրդների միջեւ հարաբերություններում’ զարգացած ժողովուրդների իրավունքներն ու պարտականությունները իրար ոչ միայն չեն հակասում, այլեւ իրար պետք է ուժեղացնեն: Բայց վերջինս հնարավոր է, երբ կա քաղաքակիրթ վերժողովրդական վերպետական կառույց, որն էլ պետք է մշակի ու պահպանի իր ժողովուրդների իրավունքներն ու պարտականությունները’ միայն խաղաղ ու բարիդրացիական իրար հետ ապրելը քիչ է, անհրաժեշտ է հզոր վերպետական կառույց: Քանի որ այսօր ժողովուրդների ու պետությունների միջեւ կան արյունալի հակամարտություններ, սա նշանակում է, որ այսօրվա վերպետական կառույցները հակաժողովրդական են եւ հակապետական, դրանք քանդող բրիգադներ են, որոնց նպատակը տեղաբնիկ ժողովուրդների ոչնչացումն է տեղաբնիկ ժողովուրդների ձեռքով եւ այդ ժողովուրդների բնական եւ քաղաքակրթական հարստությունների յուրացումն է: Բնական է, սուրբ տեղը դատարկ չի մնում եւ ժողովուրդներն ու իրենց պետությունները պետք է ստեղծեն սեփական վերպետական կառույցները, որոնք պետք է ծառայեն իրենց պետություններին եւ պաշտպանեն բոմժերի վերպետական կառույցների հարձակումներից: Բոմժերը մշտապես ատելու են նրանց, ովքեր իրենց սեփական տունն ունեն սեփական հողի վրա եւ փորձելու են գրավել նրանց տներն ու դուրս շպրտել սեփականատերերին: Այնպես որ, տեղաբնիկ ժողոուրդներ ու պետություններ, կիսվեք սեփական ռեսուրսներով եւ ստեղծեք սեփական վերպետական կառույցը, հակառակ դեպքում բոմժերը ձեզ կբաժանեն կրոնական թե այլ հատկանիշներով եւ իրար վրա քսի կտան, մինչեւ իրար չկոտորեք ու ազատեք ձեր տները բոմժերի համար: Տեղաբնիկ ժողովուրդներ, ստեղծեք սեփական վերպետական կառույցները, որպեսզի պաշտպանեք ձեր պետությունները թշնամի վերպետական կառույցներից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930