Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն ստորագրված փաստաթուղթը կմատուցվի հանրությանը, եւ կասի, թե՝ արել ենք, որ պատերազմ չլինի»

Հունիս 01,2022 14:30

Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում, մեկնաբանելով կարծիքները, թե Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին հայտարարությունը նահանջ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափից, Արցախի՝ առանձին կարգավիճակ ունենալու հնարավորությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետեւյալ բացատրությունն էր տվել. «Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձեւակերպվել կողմերի միջեւ ձեւակերպումների շուրջ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետից, հնարավորինս շատ տարրեր կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից։ Թե որքանով է դա ստացվել, այլ խոսակցություն է»։ Թեմայի շուրջ «Առավոտ»-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։

-Պարոն Դավթյան, ինչպես հիշում ենք, Շառլ Միշելի հայտարարությունում խոսք չկար Արցախի մասին առհասարակ։ Հայկական տիրույթում քննադատվեց, որ ԵՄ խորհրդի նախագահն անգամ օգտագործել է «Ղարաբաղի էթնիկ հայեր» տերմինը, որը կարելի է հիշել պաշտոնական Բաքվի բառապաշարում։ Նիկոլ Փաշինյանի նշյալ բացատրությունը որքանո՞վ եք հիմնավոր համարում։

– Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի ոչ մի հայտարարություն կամ պարզաբանում չունի տրամաբանություն, պատճառահետեւանքային կապ կամ հիմնավորում։ Նրա հայտարարություններն առաջնահերթ սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմին, նպատակ ունեն վերջնականապես քանդել ՀՀ սուբյեկտայնությունը։ Բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել են Շառլ Միշելի ասածից օրեր անց, այն էլ՝ խիստ քննադատություններից հետո, խոսում են այն մասին, որ Փաշինյանը փորձել է իր թույլ տված կոպիտ սխալները մանիպուլացնելով՝ փոշի լցնել այն մարդկանց աչքերին, որոնք դուրս չեն գալիս փողոց ու դեռեւս չեն համոզվել, որ նման դավադիր ղեկավար ՀՀ-ն երբեք չի ունեցել։ Նա փորձել է շտկել մի բան, որը կարող էր անել Շառլ Միշելի հայտարարությունից րոպեներ անց։ Եթե կար մեկնաբանությունը, որը միայն Շառլ Միշելի մտքով էր անցել՝ առանց ՀՀ-ի եւ Ադրբեջանի համաձայնության, ապա րոպեներ անց Փաշինյանը պետք է պաշտոնական հայտարարություն տարածեր։ Երկրորդ, «Ղարաբաղի հայություն» եզրույթն Ալիեւի խոսույթի փաստաթղթավորված մեկնաբանությունն է, ինքն է այդ տերմինը կիրառում կամ ասում «Ղարաբաղի ադրբեջանահայեր»։ Ուստի վերոնշյալը սուտ է եւ կեղծիք։ Պարզ է, որ Շառլ Միշելի՝ բարձր մակարդակի հայտարարությունը համաձայնեցված է կողմերի հետ։ Նա չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք համաձայնեցված չեն Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ։ Փաշինյանի թիրախը ժողովրդին մանիպուլացնելն է, իրավիճակը ներկայացնելը այնպես, թե իբր ինքը համաձայն չէ այդ հայտարարության հետ։ Կրկնեմ՝ եթե կար անհամաձայնություն, թող ի սկզբանե հայտարարեր այդ մասին։

– Բայց նույն պարզաբանման մեջ Փաշինյանը միաժամանակ հետեւյալ պնդումն արեց. «Խաղաղության բանակցությունների համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է հինգ սկզբունքներ, մենք էլ՝ մեր օրակարգը եւ ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է լինեն բանակցություններ։ Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները, ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։

– Նիկոլ Փաշինյանի երազած օրակարգը իրավական հենքով չի սպասարկում հայկական շահը եւ նպատակ ունի ստորագրվելիք փաստաթղթի համար հնարավորություններ տալ Ադրբեջանին։ Ինչո՞ւ. պատմականորեն եւ իրավական տեսանկյունից Ադրբեջանը երբեք չի ցանկացել ապահովել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչի վառ վկայությունն են Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի կոտորածները, մնացած բնակավայրերի հայաթափումը։ Այսինքն, հիմնավոր կասկածներով, այդ թվում՝ վերջին պատերազմում հայության գլխատման ու սպանությունների դեպքերով, հնարավոր է ապացուցել ու փաստել, որ Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Փաշինյանը նման հայտարարություններով Ադրբեջանին լայն հնարավորություններ է տալիս սակարկելու եւ ասելու, որ վերջինս արցախահայերին կարգավիճակ չի տա, չի ընդունի ինքնորոշման իրավունքը, բայց կտա ազատությունների երաշխիք։ Այսինքն, ինքնորոշման իրավունքի ստորադասումը եւ տարանջատումն անվտանգության սկզբունքից բանակցային գործընթացում Ադրբեջանին հնարավորություններ ընձեռելու նպատակ ունի։ Հետեւաբար, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ-ն չունի մեկնարկային դրական կետ։ Միակ մեկնարկային կետը, որը կարող է լինել, ՔՊ-ն իր պատգամավորների շուրթերով քանիցս ասել է՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը։ Ուստի որքան էլ իշխանությանն ընդդիմացողները փորձեն պայքարել, միամտություն է կարծել, թե Փաշինյանը կարձագանքի բողոքներին կամ հորդորներին։ Գալու ենք մի վիճակի, երբ արդեն ստորագրված փաստաթուղթը կմատուցվի հանրությանը, եւ կասի, թե՝ արել ենք, որ պատերազմ չլինի։

– Շառլ Միշելի հայտարարությունն առհասարակ ի՞նչ դիրքեր է մղում համանախագահող երկրներից Ռուսաստանին եւ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի խնդրի հետագա ճակատագրի վրա։

– Առհասարակ, հայտարարությունից հստակ է, որ Արեւմուտքը փորձում է «դերակատարումը» մեր տարածաշրջանում բարձրացնել ռուսական կողմին հետ մղելով, այնինչ չմոռանանք, որ 2020թ.-ի պատերազմը կանգնեցվել է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հիման վրա։ Կարգավորման յուրաքանչյուր գործընթաց չի կարող անտեսել ռուսական կողմի հանգամանքը կամ ՌԴ դերակատարումը։

Հետեւաբար, Եվրամիության հայտարարությունները պետք է դիտարկել այսօր ընթացող Արեւմուտք-Արեւելք հակամարտության համատեքստում։ Հաշվի առնելով այն, որ կա ռուսական գազից եւ էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու արեւմտյան դիսկուրս, փորձելու են Ադրբեջանի շահը բավարարելու նպատակով Հայաստանին մատաղ անել ադրբեջանական արտաքին քաղաքականությանը։ Այսինքն, Արեւմուտքի համար կարեւոր չեն Արցախի ինքնորոշման իրավունքի կարեւոր սկզբունքը, արցախահայության անվտանգությունն ու ապագան, այլ կարեւոր է ռեսուրսը՝ գազը։ Հետեւաբար, ամեն տեսակ հայտարարություն Ալիեւից ընդունելու են։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կապիտուլացված ղեկավար է եւ գլխիկոր համաձայնելու է։ Ստացվում է, որ Ադրբեջանի գազային քաղաքականության համատեքստում հայկական շահը հաշվի չի առնվում, եւ նպատակը ոչ միայն ՀՀ-ից եւ Արցախից ՌԴ-ին դուրս մղելն է, այլեւ Հարավային Կովկասն Արեւմուտքի առնվազն քաղաքական վերահսկողության տակ վերցնելը։ Սա մեծ փաթեթն է, որի մի դրվագն ենք հիմա քննարկում։ Ուստի կարեւոր է, որ հայկական կողմը չներկայացնի Նիկոլ Փաշինյանի պես ղեկավարը, որը համաձայնում է ադրբեջանական պահանջներին, այլ ներկայացնի այնպիսի անձ, որն առաջին տեղում կդնի հայկական շահը, հետո՝ այլ պետությունների հետ հարաբերություններում ձեւավորվելիք շահերը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930