Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ուկրաինական պատերազմն ինչպես է ազդել բնակարանների գների վրա

Հունիս 01,2022 14:00

Կենտրոնում 1 քմ-ն 250 դոլարով թանկացել է

Ռուս-ուկրաինական պատերազմն իր նկատելի ազդեցությունն ունեցավ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա: Թե՛ վարձակալությամբ տրվող եւ թե՛ վաճառվող բնակարանների գները մեր երկրում էական թանկացան: Մեկ տարվա ընթացքում՝ միայն կենտրոնում բնակարանների առուվաճառքի գինը միջինում թանկացել է 109 հազար դրամով՝ մոտ 250 դոլարով: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, որը կոմիտեն ամփոփել է օրեր առաջ՝ ներկայացնելով Երեւանի եւ մարզերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների եւ գոտիների:

Ընդ որում՝ Կենտրոն վարչական շրջանի առաջին գոտում այս տարվա մարտին մեկ քմ-ի միջին արժեքը եղել է 900 հազար դրամ: 2021-ի մարտին 749 հազար էր: Երկրորդ գոտում բնակարանի մեկ քմ-ի արժեքը նշյալ ժամանակահատվածի ընթացքում բարձրացել է 150 հազար դրամով:

Այսպես՝ անցյալ տարվա մարտին Արաբկիրի տարածքում բնակարանի 1 քառակուսի մետրը արժեր 436 հազար դրամ, այս տարվա մարտին արդեն՝ 506 հազար դրամ: Այսինքն՝ 70 հազար դրամով 1 քմ-ի գինն այս թաղամասում բարձրացել է: Ընդ որում, փետրվարին այստեղ 1 քմ-ն եղել է 690 հազար դրամ: Արաբկիրում ամենաբարձրը 3-րդ գոտում գտնվող բնակարաններն են: Այստեղ մեկ քմ-ն մարտին վաճառվել է 550 հազար դրամով, սակայն մեկ տարի առաջ՝ 497 հազար դրամով:

Քանաքեռ-Զեյթուն թաղամասում նույնպես մեկ քմ-ի մեջ թանկացումը զգալի է՝ 59 հազար դրամ: 2021 թվականի մարտի 1-ին Քանաքեռ-Զեյթունում 1 քմ-ն եղել է 313 հազար դրամ, այս տարվա փետրվարին՝ 360 հազար դրամ, արդեն 2022-ի մարտին՝ 372 հազար դրամ:
Այս վարչական շրջանում ամենաբարձրը 4-րդ գոտու բնակարաններն են, որոնց մեկ քառակուսի մետրն արժե 413 հազար դրամ: Անցյալ տարվա մարտին, սակայն, 4-րդ գոտու բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 368 հազար դրամով:

Նոր Նորք վարչական շրջանում էլ տները թանկացել են՝ 239 հազար դրամից դառնալով 318 հազար դրամ: Այս տարվա փետրվարին մեկ քմ-ն եղել է 309 հազար դրամ: Այս վարչական շրջանում բարձրը 5-րդ գոտու բնակարաններն են, որոնց մեկ քմ-ն արժե 370 հազար դրամ:
Ավան թաղամասում 286 հազար դրամից մեկ քմ-ի արժեքը անցյալ տարվա մարտ ամսվա համեմատությամբ այս տարվա մարտին դարձել է 320 հազար դրամ: Այս հատվածում էլ մեկ քմ-ի արժեքը թանկացել է 34 հազար դրամով: Այս տարվա փետրվարի համեմատությամբ, սակայն, տների գները Ավանում փոփոխություն չեն կրել: Ավան վարչական շրջանում նույնպես բնակարանների գները գոտիներից է կախված: Բնակարանների գներն ամենաբարձրը 5-րդ գոտում են՝ 350 հազար դրամ: Անցյալ տարվա մարտին, սակայն, եղել է 310 հազար դրամ:

Էրեբունի վարչական շրջանում 280 հազար դրամից դարձել է 323 հազար դրամ: Այս տարվա փետրվարին էլ ավելի էժան է եղել՝ 315 հազար դրամ:

Էրեբունու 5-րդ գոտում, որտեղ տների գներն ամենաբարձրն են, 1 քմ-ի արժեքը 382 հազար դրամ է: Անցյալ տարվա մարտի համեմատ այս գոտում բնակարանների 1 քմ-ի արժեքը թանկացել է 56 հազար դրամով: Այս թաղամասում ամենացածրը 9-րդ գոտու բնակարանների արժեքն է՝ 250 հազար դրամ:

Շենգավիթ վարչական շրջանում այս տարվա մարտին բնակարանի մեկ քմ-ի միջինացված արժեքը 330 հազար դրամ է: Այստեղ էլ մեկ տարվա ընթացքում քառակուսին 33 հազար դրամով է բարձրացել: 2021-ի մարտին 297 հազար դրամ է եղել: Ըստ գոտիավորման, Շենգավիթում ամենաթանկը 5-րդ գոտում գտնվող տներն են, որոնց մեկ քմ-ն արժե 372 հազար դրամ, 9-րդ գոտում՝ 280 հազար դրամ:
Դավիթաշենում մեկ տարվա տարբերությամբ բնակարանի 1 քմ-ի արժեքը բարձրացել է 55 հազար դրամով: Անցյալ տարվա մարտին՝ այս թաղամասում բնակարան կարելի էր ձեռք բերել 313 հազար դրամով, այս տարվա մարտին արդեն՝ 368 հազար դրամով: Դավիթաշենում էլ 7-րդ գոտում է գներն ավելի բարձր. այստեղ 1 քմ-ն մարտին վաճառվել է 372 հազար դրամով: 5-րդ գոտում՝ 363 հազար դրամով:
Աջափնյակ վարչական շրջանում այս տարվա մարտին բնակարանի 1 քմ-ի արժեքը 342 հազար դրամ է, անցյալ տարվա մարտին՝ 331 հազար դրամ: Աջափնյակի 5-րդ գոտում, որտեղ քառակուսու արժեքն ամենաբարձրն է, 1 քմ-ն վաճառվել է 368 հազար դրամով, 8-րդ գոտում՝ 282 հազար դրամով:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում 1 քմ-ի արժեքը մարտին եղել է 323 հազար դրամ, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 281 հազար դրամ:

Այս թաղամասի 5-րդ գոտում բնակարանի 1 քմ-ի արժեքը 500 հազար դրամ է, 9-րդ գոտում՝ 286 հազար դրամ:

Նուբարաշեն վարչական շրջանում 2021-ի մարտի համեմատությամբ տների գները բարձրացել են միջինը 22 հազար դրամով: 2021-ի մարտին եղել է 175 հազար դրամ, այս տարվա մարտին՝ 197 հազար դրամ: Այս վարչական շրջանը եւս գոտիներից է բաղկացած. 10-րդ գոտում մեկ քմ-ի արժեքը 208 հազար դրամ է, 11-րդ գոտում բնակարան կարելի է ձեռք բերել 190 հազար դրամով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930