Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափ կարեւոր է դատարանի որոշումները տեսնել տպագրված մասնագիտական ամսագրում

Հունիս 01,2022 13:00

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը:

Այն լույս է տեսնում տարեկան առնվազն վեց անգամ:

1-3 համարում տեղ են գտել ուշագրավ հրապարակումներ, մասնավորապես, Նորայր Ավագյանի «Զորահավաքային զորակոչից ազատվելու խնդիրն ընտանիքի պաշտպանության սահմանադրական հիմունքի համատեքստում», Աշոտ Խաչատրյանի «Մեղք» եւ «Պատիժ» հասկացությունների ձեւավորման պատմաիրավական արմատներն ու ակունքները պատմա-փիլիսոփայական էվոլյուցիայի համայնապատկերում»…

«Քրեական իրավունք եւ կրիմինալոգիա» բաժնում կարող ենք ծանոթանալ Արտակ Կրկյաշարյանի «Զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ոտնձգող զինծառայողի անհատականությունը եւ նրա հանցավոր վարքի դրդապատճառները» հոդվածին. «Մեր կարծիքով, զինծառայողների՝ արական սեռին պատկանելությունը, դիտարկվող հանցագործությունների ծագման գործում մեծագույն քրեաբանական դեր է ստանում միայն մեկ այլ սոցիալ-դեմոգրաֆիկ բնութագրի՝ տարիքի համակցության հետեւանքով: Հաշվի առնելով այն, որ դիտարկվող հանցագործությունների հիմնական մասը կատարվում են զորակոչված զինծառայողների կողմից (18-27 տարեկան տղամարդիկ), տարիքի եւ սեռի փոխկապակցվածությունն ակնհայտ է դառնում: Դիտարկվող խմբի անձինք, որոնք երիտասարդ տարիքի հետեւանքով չունեն բավարար կենսափորձ եւ սոցիալական կայուն կողմնորոշում, հայտնվելով բարդ կոնֆլիկտային իրավիճակներում, ավելի հաճախ, քան բարձր տարիքային խմբերի ներկայացուցիչները, պատրաստ են հակաօրինական գործողությունների դիմել: Ընդ որում, որքան բարդ է իրավիճակը կամ բարձր կոնֆլիկտայնության աստիճանը, այնքան մեծ է հավանականությունը, որ երիտասարդն այն կլուծի հակաօրինական ճանապարհով»: Անչափ արդիական այդ հոդվածում խոսք է գնում զինվորական կանոնադրական փոխհարաբերությունների, միջանձնային հարաբերությունների, հանցագործ-զինծառայողների հոգեբանական առանձնահատկությունների մասին: Արմինե Ֆանյանի՝ «Մեղսունակության իրավաբանական չափանիշը ՀՀ քրեական նոր օրենսգրքի համատեքստում» վերոնշյալ բաժնում է:

Ամսագրում «Դատական պրակտիկա» բաժնում տպագրվել են ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները: Այդ որոշումները սկսվում են այս տարվա հունվարից, ավարտվում մարտ ամսով: Ըստ իս, անչափ կարեւոր է դատարանի որոշումները տեսնել տպագրված մասնագիտական ամսագրում, այն յուրահատուկ քննություն է այդ որոշումը կայացրած դատավորի որակական աստիճանը տեսնելու համար:

Ամսագրի հրատարակիչներն են ՀՀ վճռաբեկ դատարանն ու ամսագրի խմբագրությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930