Հարցազրույց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի հետ
– Մաեստրո, դուք եւ ձեր կոլեգաները վաղուց ցանկալի հյուր եք Ռուսաստանում, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Վերջերս ռուսաստանյան ԶԼՄ-ներից ընդամենը տեղեկություններ ստացանք ձեր ղեկավարությամբ Ուլյանովսկում կայացած համերգի մասին, որտեղ մասնագետները կարեւորում էին հայ-ռուսական մշակութային շփումները ու ցանկություն հայտնում, որ դրանք էլ ավելի հաճախակի դառնան։ Խնդրում ենք մի փոքր մանրամասնել կայացած համերգի մասին։ Իսկ մինչ այդ մեր մասնագետներն ու հանդիսատեսը հիացմունքի խոսքեր են շռայլում մայիսի 19-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունում ձեր ղեկավարությամբ Վանաձորի քաղաքապետարանի կամերային նվագախմբի եւ Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչած բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առիթով։
– Կոմպոզիտորների միության դահլիճում կայացած համերգն ըստ էության Կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված փառատոնի բացումն էր։ Հոբելյանի առիթով նախատեսված է համերգաշար։ Ասեմ, որ փառատոնի շրջանակներում ես հունիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կղեկավարեմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ հնչեցնելով տարբեր սերնդի հայ կոմպոզիտորների երկեր։
Ուլյանովսկում մայիսի 13-ին կայացած համերգը նվիրված էր հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին եւ ՌԴ արտաքին գործերի նախարարության հիմնադրման 220-ամյակին։ Ղեկավարեցի Ուլյանովսկի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, որպես մենակատարներ հանդես եկան ճանաչված դաշնակահարներ Անդրեյ Բարանենկոն եւ Միխայիլ Սեգերմանը։ Ընդ որում, վերջինս նաեւ երաժշտական քննադատ է ու ինքն էլ վարում էր երեկոն։ Հնչեցրինք ռուսաստանաբնակ կոմպոզիտոր եւ ակնառու դիվանագետ Դավիթ Մնացականյանի ստեղծագործությունները։
Կարդացեք նաև
Կուզեի առանձնացնել կոմպոզիտոր Ալեքսեյ Կուրբատովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, գրված մեր հայրենակցի երկերի թեմաներով։ Հնչեց նաեւ Խաչատրյանի հանրահայտ Վալսը։
Շուրջ 10 տարի առաջ ես նույնպես հրավիրվել էի Ուլյանովսկ՝ մասնակցելու «Արվեստը իբրեւ կյանքի առաջխաղացման միջոց» ամենամյա փառատոնին։ Հնչեցրի դարձյալ հայ եւ ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ուշագրավ էր Ղազարոս Սարյանի՝ Մարտիրոս Սարյանի գեղանկարչական աշխատանքներով ներշնչված «Պաննո» սիմֆոնիկ սյուիտի կատարումը, որից հետո երաժիշտներն ու նվագախմբի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Ֆերուլյովը խնդրեցին այդ ստեղծագործության նոտաները։ Տարիներ անց տեղեկացա, որ այդ ստեղծագործությունը, կարելի է ասել՝ տեղ է գտել նվագախմբի երկացանկում։ Մի ուշագրավ բան էլ. առանց չափազանցության ասեմ, որ Ուլյանովսկում քաջատեղյակ են հայ կոմպոզիտորական դպրոցին ու դրա ներկայացուցիչների գործերին։
Բազմաթիվ համերգներ եմ ունեցել Ռուսաստանի քաղաքներում՝ ղեկավարելով լավագույն նվագախմբեր, այդ թվում՝ Եկատերինբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Դմիտրի Լիսս), Սոչիի քաղաքապետարանի սիմֆոնիկ նվագախումբը, որի հետ մի ամբողջ երեկո ներկայացրինք Բաբաջանյանի ստեղծագործությունները, 2015-17թթ. ժամանակահատվածում ղեկավարեցի Սանկտ Պետերբուրգի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ Այն տարիներին նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր մեր հայրենակիցը՝ Միհրան Աղաջանյանը, որը ներկայումս Պերմի երաժշտական թատրոնի ղեկավարն է։ Աշխատել եմ նաեւ ռուսաստանյան երգչախմբերի հետ, օրինակ՝ Նիկոլայ Կորնեւի ղեկավարած՝ ճանաչված կամերային կոլեկտիվի եւ այլն։
– Ողջունելի է, որ ռուսաստանյան համերգներում ձեր ծրագրից անպակաս են հայ հեղինակների ստեղծագործությունները։ Հետաքրքիր է՝ դա անձամբ ձե՞ր, թե՞ հրավիրող կողմի որոշումն է։
– Ես ցանկություն եմ հայտնում, եթե հարկ է լինում՝ պնդում, որ անպայման ընդգրկվի հայ հեղինակի գործ։
– Պարզ է, որ կոնկրետ ՌԴ-ի քաղաքներում ներկայացնում եք մեր դասականներին ու հնչեղ անուններին, այդ թվում՝ Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, Տերտերյան, Կոկժաեւ… Իսկ երիտասարդ կոմպոզիտորների գործե՞ր։
– Իհարկե, եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով Սանկտ Պետերբուրգի Սմոլնի տաճարում ղեկավարեցի գյումրեցի կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանի «Նարեկացի. Ձայն առ Աստված» ստեղծագործությունը՝ երկու երգչախմբի, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, սոպրանոյի եւ ասմունքողի համար։ Ի դեպ, ստեղծագործությունը կատարվեց գրաբարով։
Մի կարեւոր հանգամանքի կուզեմ անդրադառնալ. 2019թ. Յակուտիայում ղեկավարեցի Արամ Սաթյանի եւ Հրանտ Գրիգորյանի (վերջինս Յակուտիայի դասական երաժշտության եւ օպերային արվեստի հիմնադիրն է) ստեղծագործությունները, իբրեւ մենակատարներ էլ ներկայացան մեր օպերային թատրոնի մեներգչուհի, սոպրանո Դիանա Հարությունյանը, Սոչիի ֆիլհարմոնիայի մենակատար, դաշնակահար Սուրեն Վարդանյանը, դուդուկահար, Երեւանի կոնսերվատորիայի դասախոս Հարություն Չկոլյանը…
– Ի դեպ, դուք ղեկավարում եք Երեւանի կոնսերվատորիայի ամենամեծ՝ վոկալ-տեսական ֆակուլտետը, որի շնորհալի ուսանողներին հաճախ անդրադարձել ենք։ Նրանց թվում քիչ են դիրիժորները։ Այդ խնդրին մեկ-երկու անգամ անդրադարձել է «Առավոտը», հիմա էլ ձեզնից ենք ուզում լսել՝ ինչպե՞ս անել, որ երիտասարդ դիրիժորները երեւան։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մեր որոշ պետական կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներ, կոնկրետ՝ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաեւ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը երբեմն «նկատում» են երիտասարդներին՝ վստահելով ղեկավարել նվագախմբերը։
– Դուք կարծես կարդացիք միտքս։ Պատրաստվում եմ հանդես գալ նախաձեռնությամբ՝ մեր պետական կոլեկտիվներին կից ստաժորների ինստիտուտ ստեղծելու կամ հիմնելու առաջարկով, այնպես, ինչպես, օրինակ՝ մեր օպերային թատրոնում գործում է Երիտասարդական օպերային ծրագիրը, որի որոշ երգիչներ համալրել են թատրոնի մեներգիչների կազմը։
– Կներկայացնե՞ք, եթե չենք սխալվում՝ 20 տարի կոնսերվատորիայի ձեր դասարանում ուսում առած դիրիժորների հետագա գործունեությունը։ Մեզ եւ հանդիսատեսին ընդամենը հայտնի է մեկի անունը՝ Րաֆֆի Միքայելյան, որի ղեկավարությամբ ժամանակին Երեւանում հանդես եկավ նաեւ Պլասիդո Դոմինգոն։
– Րաֆֆի Միքայելյանը ներկայումս ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, երբեմն Սերգեյ Սմբատյանի հրավերով ղեկավարում է պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Ձեր հարցին սպառիչ պատասխանելու համար շատ երկար ժամանակ կպահանջվի։ Աննա Մանուկյանը կատարելագործվեց նաեւ Ավստրալիայում, հիմա գործունեություն է ծավալում Հոլանդիայում, պարսկուհի տաղանդավոր ուսանողս՝ Ասիյե Մահյարը, շարունակում է ուսումը Միչիգանի համալսարանում…
Մինչ ստաժորների ինստիտուտի ստեղծման նախաձեռնությամբ հանդես գալը, պետք է ասեմ, որ մշտապես բանավոր առաջարկներ եմ արել թե կոլեկտիվների տնօրեններին ու գեղարվեստական ղեկավարներին, թե նախարարության պաշտոնյաներին, որ նույնիսկ անհրաժեշտ է նախեւառաջ ստեղծել սերունդների դրական, ես կասեի՝ կամեցող դաշտ։ Տեսեք. արվեստի ոլորտը չափազանց զգացմունքային է, հետեւաբար անհրաժեշտ է ունենալ հղկված ներաշխարհով սերունդ, որպեսզի վստահ լինենք մեր արվեստի անխաթար զարգացման…
– Այսինքն՝ գերադասում եք նաեւ մարդկայի՞ն որակները։
– Միանշանակ՝ այո։ Միշտ ասել եմ՝ մինչեւ լավ մասնագետ դառնալը անհրաժեշտ է նաեւ կես դրույքով մարդ լինել (ժպտում է-Ս.Դ.)։ Պատմությունից գիտենք, որ ամենամեծ պատուհասները եղել են խանդի, չկամեցողության զգացմունքը չհաղթահարած մարդիկ, օրինակ՝ Ներոնը, Հիտլերը…
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
31.05.2022
Այո միանշանակ պետք է ստեղծվի ։ Սակայն շուրջ յոթ տարվա մեր գործնեության արդյունքները երևի չեն “բավարարում ” նախարարությանը ։ Մինչ այժմ մեր սաները ” ինքնազբաղ արվեստագետի ” կարգավիճակ ունեն։