Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ աղջիկը վախկոտ չէր, գնացել էր Նորվեգիա՝  հյուսիսափայլը նայելու, գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու… Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մասին

Մայիս 31,2022 23:05

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա,  Երեւան քաղաքի դատախազի «պրինցիպն է»:

Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին: Նա Aravot.am-ին պատմեց, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը. «Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել:  Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկը ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական  չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն: Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան  ուժեղ է  եղել, որ դեպքի վայրի կողքում  բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարցուփորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկը չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»:

Անդրադառնալով պնդումներին, թե  եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ  հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝  հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար: Այս բոլորը պատահական չեմ ասում,  բայց արի ու տես վթարից  առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է,  չի կողմնորոշվել:  Ու հիմա  այն  կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցույց տամ՝ արդյոք այդ մարդը չի՞ խանգարում ազատության մեջ լինելով»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ եթե Արամ Նավասարդյանը մեքենան դանդաղ վարեր, իր աղջիկը կխուսափեր վթարից կամ հարվածն այդքան ուժգին չէր լինի. «Գնդակի պես տալիս ու թռցնում է: Չի բացառվում, որ հնարավոր լիներ աղջկաս կյանքը փրկել, եթե վթարի ենթարկողը կանգներ ու արագ տեղափոխեր հիվանդանոց: Ի՞նչ է՝ իր ղեկավարը պետք է ասեր՝ ինչո՞ւ ես կանգնում, ինչո՞ւ ես վիրավորին տանում հիվանդանոց: Կարող է րոպեների ընթացքում  տարբերություն լիներ. բոլորը գիտեն՝ սրտի կանգը, եթե 5 րոպեից հետո վերականգնում են, մարդն ապրում է, չէ՞»:

Մնացական Մնացականյանը նաեւ պատմեց, որ դեպքի օրը Սոնան յոգայից էր դուրս եկել, տուն էր գնում. «Ֆիզարձակուրդում էր, տնից էր աշխատում:  Սիրում էր քայլել, մի քիչ կքայլեր, հետո տրանսպորտ կնստեր, կգնար տուն»:

Անդրադառնալով մեղադրյալի պաշտպանի պնդումներին, թե կարգավորողը հրահանգավորվել է Սոնային կանգնել, բայց Սոնան ոչ միայն չի լսել, այլեւ չլսելով` ձեռքը վերեւ է բարձրացրել ու շարունակել  քայլել առաջ, Մնացական Մնացականյանը չհամաձայնեց.  «Եթե անցումը լիներ 500 մետր հեռավորության վրա, եթե Սոնայի հետ էիր լինում, պետք է 500 մետր գնայիր, անցումով անցնեիր, եթե լուսացույցի կանաչ լույսը չէր, մի քայլ չէիր  դնում: Սոնան օրենքին հակաճառել ընդհանրապես չէր սիրում: Մեղադրյալի պաշտպանի գործը դա է, պետք է ասի, ինչ-որ կերպ պաշտպանի: Եթե կարգավորողը Սոնային ասել է՝ կանգնիր, ինչո՞ւ է մեքենա բաց թողել, դուք տեղյա՞կ եք, որ այդ ժամանակ մեքենա է անցել , եթե մեքենային բաց է թողել, ինչո՞ւ պետք է Սոնային կանգնեցներ: Այլ մանրամասներ էլ կան, ես հիմա չեմ ուզում ասել: Ես չեմ ուզում քաղաքական երանգ տալ, բայց եթե թեկուզ իր ղեկավարն է նման հրաման արձակել, ղեկավարը պետք է պատժվի բոլոր մակարդակներով: Մարդը պետք է ազատազրկման մեջ մնա, որ մտածելու ժամանակ ունենա, որ գիշերն անքուն  լինի ու խորհելու ժամանակ ունենա, ոչ թե իր տանը հարազատների ներկայությամբ, մասնակցությամբ մտածի, որ ինքն անմեղ է: Եվ, վերջապես, պետք է դաս լինի, որ սրանից հետո նման դեպքեր չլինեն: Ի՞նչ է նշանակում մեկի կյանքը ապահովագրել, պահպանել՝ մյուսի կյանքի հաշվին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031