Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը նաեւ գերի է վերցրել կառավարության անդամներին, քանի որ շատ դժվար է նայել ՀՀ քաղաքացիների աչքերին, հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 31,2022 22:24

«Նիկոլը նաև գերի է վերցրել կառավարության անդամներին, քանի որ շատ դժվար է նայել ՀՀ քաղաքացիների աչքերին, հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դրա տակից որևէ մեկը դուրս չի գալու»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօրվա գործողություններին։ 

Հիշեցնենք՝ Դիմադրության շարժման մասնակիցներն այսօր գնում էին ՀՀ պետական կառույցների, նախարարությունների շենքերի մոտ, ներկայացնում էին պարզ ձեւակերպված պահանջները պարզելու համար՝ արդյոք պաշտոնյաները կիսո՞ւմ են դրանք:

Անդրադառնալով ՀՀ պետական պարտքին և հնչող պաշտոնական թվին՝ 63,5 տոկոս, նա նկատեց՝ պետական պարտքը հասել է իր պատմական առավելագույնին, ու շարունակեց․ «Իրենց կառավարման տարիների ընթացքում 36 տոկոսով ավելացրել են ՀՀ պետական պարտքը։ Սա նշանակում է՝ յուրաքանչյուր քաղաքացու վրա 1000 դոլար են ավելացրել։ Էն, որ ասֆալտներ են անում ու վաճառում ժողովրդին, մենք լավ գիտենք, որ պարտք են վերցնում, ասֆալտ անում ու ժողովրդի վրա ծախում։ Սա հերթական սրիկայությունն է, որ մեր հայրենակիցները պետք է իմանան»։ Իշխան Սաղաթելյանը քննադատեց ՀՀ իշխանություններին, որ ՀՀ զինված ուժերի թիվը կրճատում, ոստիկանության ծառայողների թիվն են ավելացնում ու ասաց․ «Սրանք մտածում են ոչ թե մեր հայրենիքի ու պետական սահմանների պաշտպանության մասին, այլ մեկ խելագարի իշխանությունը պահելու մասին։ Այս իշխանությունները հայ ժողովրդի հետ կապ չունեն»։

Անդրադառնալով Դիմադրության շարժման վաղվա ծրագրերին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Վաղը՝ ժամը 13․00-ին, տեղի է ունենալու ՀՀ շուրջ 3 տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում։ Երեկվանից բանակցությունների մեջ ենք, ներկայացրել ենք այն փաստաթուղթը, որը ներկայացվել է ՀՀ ԱԺ, որը հաստատվել է ձեր կողմից։ Օրվա երկրորդ կեսին կունենանք ՀՀ արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումն այս փաստաթղթի մասին։ 50-ից ավել ՀԿ ստորագրել են, ցանկը բաց է, րոպե-րոպե այդ թիվն ավելանում է։ Մեր պատգամավորները փոքր կազմով հանդիպումներ կունենան ՀՀ գրողների միության, ԳԱԱ-ի, տարբեր գիտակրթական, մշակութային հաստատությունների ղեկավար կազմերի հետ՝ պարզելու իրենց դիրքորոշումը։ ՀՀ մարզերում, տարբեր քաղաքապետարաններում, մարզպետարաններում, վարչական շրջաններում ևս կլինեն հանդիպումներ։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում քաղաքացիներին հավաքվել, ինքնակազմակերպվել, գնալ ու պահանջել հստակ դիրքորոշում՝ ով է ժողովրդի հետ, ով ժողովրդի դեմ»։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ միջոցառում են կազմակերպել նաև երեխաների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Ժամը 17․00-ից Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի կանանց ու երեխաների մասնակցությամբ երթ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031