Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձագետներ կան՝ ասում են՝ մեկ օրում 800 մարդ է զոհվել». Էդգար Ղազարյանը՝ 44-օրյա պատերազմում մեր զոհերի թվի մասին

Մայիս 31,2022 21:08

«Մինչեւ հիմա, մենք այդպես էլ հստակ չգիտենք, թե քանի մարդ է իր կյանքը զոհաբերել հայրենիքի պաշտպանությանը»,- Ֆրանսիայի հրապարակում այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ մեղադրելով իշխանությանը՝ հստակ թվեր եւ ցուցակներ չհրապարակելու մեջ եւ դա անարգանք որակելով մարդկային կյանքերի նկատմամբ, պատերազմի հանցանքի դրսեւորում:

Նա հայտարարեց, որ պատերազմից հետո, իշխանության տարբեր մարմիններ յոթ թիվ են հրապարակել զոհերի մասին, յոթն էլ տարբեր, ինչը աբսուրդ է. «Առաջին անգամ թիվ է հրապարակել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը եւ ասել, որ իր ունեցած տեղեկություններով, այս պատերազմում զոհվել է 4750 մարդ : Իշխանությունները չեն արձագանքել այս թվին, բայց դրանից հետո սկսել են իրենց մանիպուլյացիաները: 2021 թվականի հունվարի 5-ին, ՀՀ ՊՆ-ն լրագրողական հարցմանն ի պատասխան ասել է, որ պատերազմում զոհվածների թիվը պետական գաղտնիք է, եւ այն չի կարող հրապարակվել: Բայց 2021 թվականի հունվարի 20-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում հայտնում է թիվ. եթե գաղտնիք է, ո՞նց է հնարավոր 15 օր հետո այդ գաղտնիքը հրապարակել… եւ հայտնում է, որ զոհվածների թիվը կազմում է 3439 մարդ: 2021 թվականի ապրիլի 14-ին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր զոհվածների թիվը կազմում է 3621»:

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ զոհերի թիվը դեռ ճշտվում է, մոտ է լինելու 4 հազարին՝ «պլյուս-մինում 50», որը ամենասարսափելին էր, եւ որի հետ մենք համերաշխ ենք: Ապա, նախընտրական քարոզչության ժամանակ, 2021 թվականի հունիսի 7-ին, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր զոհերի թիվը 44-օրյա պատերազմում կլինի 3700-ին մոտ: Ապա, 2021 թվականի օգոստոսի 24-ին, կրկին ԱԺ-ում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս նա հայտարարում է, որ մեր զոհերի թիվը 3773 է, երկու օր հետո, այս թիվը դառնում է 3777. հարցին՝ ի՞նչ եղավ, երկու օրվա ընթացքում չորս մարդ ինչպե՞ս զոհվեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դիահերձարանը նոր տեղեկություն է տվել:

Էդգար Ղազարյանը հստակեցնում է՝ դիահերձարանը տեղեկություն է տրամադրում զոհվածի ինքնության մասին. «Զոհվածների թիվը նույնն է, սա բանակ է, յուրաքանչյուրը գիտի ոչ միայն զինվորականների թիվը, այլ կոշիկի չափը, գլխարկի չափը, արյան կարգը եւ այլն: Ամեն օր բանակում անվանականչ է, դուք չե՞ք կարողանում մի անվանականչով իմանալ քանի զինվորական տեղում չի, քանիսն է վիրավոր. թիվը կոնստանտ է, թիվը չի կարող փոխվել, թաքցնում է»:

Ապա նա նշեց 2022 թվականի հունվարի 19-ին Քննչական կոմիտեի հրապարակած թիվը, ըստ որի, զոհվածների թիվը 3809-նն է: 2022-ի փետրվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր զոհվածների թիվը 3812 է:

Էդգար Ղազարյանը նաեւ հիշեցնում է, որ Արցախի ՊԲ-ն, պատերազմի ժամանակ եւ հետո, հրապարակում էր զոհվածների անուն-ազգանունները եւ ծննդյան թիվը. ընդհանուր առմամբ, ՊԲ-ն հրապարակել է զոհվածների  2842 թիվը, որը Էդգար Ղազարյանի դիտարկմամբ, տարբերվում է զոհվածների հրապարակած վերջին պաշտոնական թվից 1187 մարդով: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՀՀ-ն որեւէ անգամ չի հրապարկել բոլոր զոհվածների անունները. «Չեն անում, որովհետեւ թաքցնում են, որովհետեւ լավ գիտեն՝ քանի մարդու են սպանել պատերազմում»:

Ինքը պահանջում է, որ իշխանությունը հրապարակի զոհվածների թիվն ըստ օրերի, ինչի արդյունքում հնարավոր կլինի շատ բան բացահայտել: Նա նաեւ հարց հնչեցրեց՝ քանի՞ մարդ է զոհվել 2020 թվականի հոկտեմբերի 7-ից եւ 19-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է՝ կանգնեցնել պատերազմը, կամ՝ հոկտեմբերի 5-ին՝ «իր ձախողած ռազմական գործողությունից հետո»: Հղում անելով փորձագետներին, Էդգար Ղազարյանը հայտարարեց՝ տեսակետ կա, որ մեկ օրում 800 մարդ է զոհվել, ու տարակուսեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է եւ մենք ապրում ենք այս հասարակության մեջ՝ ներելով Նիկոլ Փաշինյանին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Էդգար մի մանիպուլացրա ու էս թեմայի շուրջ անբարոյական է դիվիդենտներ հավաքելը։ Ինչ է նշանակում բանակում բոլորի թիվը գիտեն թող մարեն հաշվեն ով է բացակա։ Իսկ բացական զոհված է, անհետ կորած թե դասալիք։ Դու լավ գիտես սա բայց մանիպուլացնում ես։ Ամոթ է

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031