Պատերազմից վերադառնալով՝ ընկճախտի (դեպրեսիայի) մեջ՝ Աշոտ Ավագյանն իր ուսապարկը դատարկելիս նկատում է, որ զինվորական շշի (բակլաշկայի) մեջ ջուր կա։
Ջուրը Հադրութում էր լցրել։
Ջուրը մնացել է, քաղաքն՝ ընկել։ Նույն տեղից նույն ջուրը դեռևս չի կարող լցնել։ Դա կրկին հնարավոր է անել ռևանշի հաջողության դեպքում։ Բայց նախ պետք է ապրել ու արարել ռևանշի զգացողությունը վառ պահելով՝ ինչն անում է Ավագյանը պատերազմի իր խմելու ջրով։
«Ռևանշ լինելու ա»,- հրամայում է արվեստագետ Աշոտ Ավագյանի հրամանատարը՝ Աշոտ Մինասյանը, և զորաց երկու քարերի արանքից խմբված մարդիկ բացազատվում են։
Կարդացեք նաև
Տարբեր սեռերի և սերունդների՝ երեխաների, երիտասարդների, մեծահասակների մարմինների տեղափոխման արդյունքում ի հայտ է գալիս զորաց քարերից կապված սպիտակ կտորը՝ վրան գրված՝ Ռևանշ լինելու ա։ Մարմինները միասնաբար փակել էին գրությունը և մարմինների միասնական շարժով բացվում է ռևանշի միտքը․ համաձայնության նշանն է կոչին։
Արվեստագետը առնվազն 567 օր պահել է ջուրն ու օգտագործեց 2022 թվականի մայիսի 29-ին, Սիսիանում, Զորաց քարերի մոտակայքում փերֆորմանս՝ ներկայացում՝ ծիսակատարություն անելով։
Արվեստագետն ընկած քաղաքի ջուրը շշից լցնում է իր ձեռքին, ապա քսում ներկաների թևերին։ Ջուրը ձեռքից ձեռք անցնելով՝ միավորում է մարդկանց, որոնք ուզում են վերադարձնել հայրենիքը, որոնք միանում են արվեստագետի կոչին։
Պատերազմի ջուրը դժվարամատչելի է, մարտի դաշտում ջրի կումը տնտեսվում է, յուրաքանչյուր կաթիլի գործածումը հաշվարկ է։ Նույնը չի ռազմադաշտից դուրս, որտեղ ուզածիդ չափ կարող ես վայելել ջրի շթերը և ջուր վերցնելիս, ջրին հաղորդակցվելիս չանհանգստանալ, որ թշնամին կխոցի քեզ։
Պատերազմական ջրին հաղորդակցվելը ընդհանուր նպատակ ու խորհուրդ է կառուցում և խորհրդի անունը դնում է մարդը, որը պատերազմի ժամանակ զինվոր է, պատերազմից պատերազմ ընկած ժամանակահատվածում՝ արվեստագետ։
Ջուրը շշի մեջ է հայտնվել խմելու նպատակով։ Պատերազմում ծարավը հագեցնելու նպատակը հողերի պաշտպանությունն է։ Զինվորը լիցքավորվում է ջրով ու գործում հայրենիքի պաշտպանության համար։ Պատերազմից հետո ջուրը կրկին ծառայում է հայրենիքի պաշտպանությանը, սակայն ոչ թե ծարավը հագեցնելու, այլ միտքը հագեցնելու նպատակով։
Պատերազմում ջուրը գործածվում է ներկայի հրամայականով, այսինքն՝ խմեցիր, հագեցար։ Պատերազմից պատերազմ ընկած ժամանակահատվածում ապագայի հրամայականով է գործածվում, այսինքն՝ քսեցիր ձեռքիդ, սպասիր ռևանշի։ Արվեստագետը լիցքավորվում և լիցքավորում է ջրով՝ գործելով հայրենիքի ապագա պաշտպանության համար։
Շրջակայքում լեռներն են, հազարավոր հակամարտությունների ու ծիսակատարությունների վկաները, արվեստագետների ու զինվորների միջավայրը։ Լեռների տակ՝ ծիսակատարության հարևանությամբ ասֆալտապատ ճանապարհ է, որտեղով անցնում են ժամանակակից մեքենաները։ Հետևաբար, տարածքը անցյալի ու ներկայի միաձուլումն է, որտեղ արվեստագետը ծիսակատարն է՝ հին նոր փերֆորմանս անողների միաձուլումը։
Արվեստագետն իր ներկայացումն անում է Թուրքիայի նվաճողականության երազանքի գոտիում՝ Սյունիքում։ Քիչ այն կողմ՝ Իշխանասարի վրա հանգրվանել են թուրքերի ադրբեջանական տեսակը՝ սպասելով հարմար պահի Սյունիքը նվաճելու համար։ Ներկայացումն ընդդեմ նրանց նվաճողական երազանքի է արվում և ուղղված է հայերի երազանքներին՝ հայերի պաշտպանությանը։ Հայկական սարերից նրանք կհեռանան և ներքևում ապրողները հանգիստ կլինեն, եթե ռևանշի միտքը վառ պահվի։
Երազանքների վրա կենտրոնանալու համար պետք է դուրս գալ ընկճախտից։ Ընկճախտը անցյալում ձևավորված իրադարձություններից առաջացած բացասական հույզն է։ Դրանից ազատվելու համար արվեստագետը գործածում է կրակը։ Իր ջրով հաղորդակցվածներին խորհուրդ տալով՝ իրենց վատ հիշողությունները թղթին գրել ու հանձնել կրակին։ Կրակը վերմշակում է բացասական անցյալը՝ վերակառուցելով դրական ապագան։ Արվեստագետը հոգեբանն է՝ պատերազմից հետո և պատերազմին ընդառաջ։
Խարույկը վառում է արվեստագետի հրամանատարը։
Արվեստագետի փերֆորմանսին ակտիվ մասնակցում է նրա հրամանատարը՝ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ երկաթը՝ Սիսական ջոկատի հրամանատարը։
Պատերազմում հրամանատարն է առաջնորդում արվեստագետին, իսկ պատերազմից պատերազմ ընկած ժամանակահատվածում արվեստագետը՝ հրամանատարին։ Ռազմի դաշտում արվեստագետն է օգնում հրամանատարին, ռազմից դուրս և նոր ռազմի ճանապարհին հրամանատարն է օգնում արվեստագետին՝ ընդհանուր նպատակին հաղորդելով կորով՝ հաղորդություն տալով։
Միայն ռևանշի և ռևանշի հաջողության պարագայում հայ արվեստագետը կարող է վերադառնալ իր մյուս հողերում ներկայացում անելու և պաշտպանելու իր գործընկեր արվեստագետների ստեղծագործությունները։
Ռևանշ բառը ֆրանսերեն է։ Ռևանշիստ են կոչվել ֆրանսիացիները, որոնք ցանկում էին վերադարձնել իրենց տարածքները, որոնք կորցրել էին Պրուսիայի հետ (կամ՝ Գերմանիայի) 1870 թվականի պատերազմում:
Հայերին ռևանշիստ կոչում են թուրքերի ադրբեջանական տեսակը, որոնք հայերի երազանքները վերացնելու համար հայերին կոչում են ռևանշիստ՝ բացասական երանգ հաղորդելով հայրենիքի պաշտպանությանը՝ հայերի երազանքներին։ Բառը Թուրքիայի բանբերների՝ գործակալների, լրատվամիջոցների միջոցով մտնում է հայ հասարակության մեջ ու Հայաստանում ապրող հայախոս մարդիկ հայերի երազողներին նույնպես բացասաբար կոչում են ռևանշիստ։ Սա սահմանափակում է հայ արվեստագետի տարածքը, նա վարանում է կամ կաշկանդվում է հայրենիքի պաշտպանությանն ուղղված փերֆորմանս անելուց։
Արվեստագետ Աշոտ Ավագյանը վերցնում է ռևանշիստ բառն ինքն իր վրա՝ վերացնելով բացասական երանգը։ Նա փոխանցում է երեխաներին, երիտասարդներին, մեծահասակներին և դարձնում այն ծիսակարգ․ չամաչել ռևանշից, ընդհակառակը՝ հպարտ լինել, ձգտել ռևանշի, հաղորդում է նա։
Սիսական ջոկատը եղել է 1993 թվականին Քարվաճառը ազատագրողների շարքում։ Հետևաբար, հրամանատար և արվեստագետ Աշոտները երազանքներ իրագործողներից են։
Ռևանշ լինելու է փերֆորմանսը երազողներին է փոխանցում երազանքներ իրականացնողների հավատը։
Ռևանշը Հադրութից կրկին ջուր լցնելու, Հադրութից ուզածիդ պես ջուր խմելու հնարավորությունն է։
Հովհաննես Իշխանյան