«Արդեն կան հաշվարկներ, թե ինչպիսի վնաս է տվել Նիկոլը մեր երկրին. խոսքը միայն մարդկային կյանքերի եւ տարածքների կորստի մասին չէ: Եթե ֆինանսական լեզվով ասենք, ապա խոսվում է ավելի քան 100 միլիարդ դոլարի մասին»,- այսօր, Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը (լուսանկարում՝ աջից առաջինը):
Նա մանրամասնեց՝ Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ եւ գյուղեր. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերի համար ծախսվել էր շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին, հիմնադրամի միջոցներով իրականացրած ծախսերի անվան տակ անհետացել է 100 միլիոն դոլար: Սա, ըստ պատգամավորի, թալանի մասին խոսելով իշխանության եկածների դեմքն է, ովքեր հիմա էլ, իրենց կաշին փրկելու համար, կեղծ խաղաղասիրական քարոզ են տանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ