Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կզինվորագրվեք ու կազատագրեք օկուպացված տարածքը, հենց դո՛ւք, դո՛ւք, հենց դո՛ւք». ՊՆ փոխնախարարը՝ լրագրողին (տեսանյութ)

Մայիս 31,2022 18:07

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառուցողական էր գնահատել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը, բայց մենք գրեթե ամեն օր սահմանին զոհ ենք ունենում, ինչպե՞ս հասկանանք. այսօր լրագրողներն ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին այս հարցն ուղղեցին: Նա պատասխանեց. «Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետեւ բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով: Այսինքն, ամենավատ բանակցությունն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները»:

Երբ լրագրողները փորձեցին փոխանցել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի առաջարկը՝ հրաժարվեք այդ հանդիպումներից, որովհետեւ դրանցով Արցախը մենք վերջնականապես կորցնելու ենք՝ Արման Սարգսյանը արձագանքեց. «Դե թող ինքը փրկի Արցախը, ինչ ասեմ»:

Aravot.am-ի հարցին՝ ընդդիմությունն ասում է՝ ինչո՞ւ մեր սահմանները չեն կահավորվում, դա երեւում է անգամ Պապիկյանի լուսանկարներից, անվադողերով, առանց ավազային հենքի են մեր դիրքերը՝ փոխնախարարը պատասխանեց. «Ընդդիմությունը մինչեւ 2018-ը եղել է իշխանություն ու երբ որ դուք հիմա YouTube-ում թերթեք մինչեւ 2018-ը, կտեսնեք, որ իրենք գովասանքի խոսքեր էին ասում անվադողեր հանձնողներին, անվադողերով էր, չէ՞»: Լրագրողները միջամտեցին՝ դե իրենք թալանչի էին, գնացին, բա դուք հիմա ի՞նչ եք անում՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Մենք անում ենք եւ դա շոշափելի է: Սյունիքի մարզում պայմանագրային հիմունքներով ծառայողներ կան, հարցրեք 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է: Դուք հաշվի առեք, որ մեր սահմանի բնագիծը փոխվել է, մեծացել է: Շատ բաներ են արվել, բայց մեկ-երկու տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները: Դուք տեսեք հսկայածավալ ինչ ինժեներական աշխատանքներ են իրականացվել: Ամեն ընտանիք ունի զինվոր, բանակը միակ տեղն է, որտեղ բոլորը ներկայացված են, ե՛ւ բացասական բանը հնարավոր չի պահել, ե՛ւ դրականը հնարավոր չի պահել»:

Լրագրողները փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը մեջբերեցին՝ մայիսի 28-ին զոհի հետ կապված. «Ադրբեջանական ԶԼՄ-ները լուսանկարներ են տարածում, որտեղ ներկայացվում է մի քանի օր առաջ մեր զինծառայողի խոցման հատվածը, այսինքն, վրանային համակարգն այնպիսին է, որ տեսանելի է ադրբեջանցիների կողմից»: Արման Սարգսյանը պատասխանեց, որ սահմանային վայրեր կան, որտեղ արդեն ավարտված են կահավորման աշխատանքները, կան վայրեր, որտեղ ինժեներական աշխատանքները շարունակվում են. «Եթե փաստաբանին ու Ֆրանսիայի հրապարակում հավաքված մեր հայրենակիցներին հուզում է իրականում հայրենիքը եւ ոչ թե քննադատելը գործող իշխանությանը, հավաստիացնում ենք, որ օր ու գիշեր կատարվում է հնարավորինս, որ արագ կերպով լուծվեն բոլոր խնդիրները»:

Արման Սարգսյանն ասաց, որ ամեն օր չի, որ զոհեր են ունենում. «Ցավով եմ ասում, բայց հետպատերազմյան շրջանում դեպքերի անընդհատություն է նկատվել, բայց դա պայմանավորված է եղել հետպատերազմյան շրջանով, հոգեբանական է, դրանց վերլուծությունները պետք է կատարենք ու հասնենք նրան, որ պարզենք՝ որն է պատճառը, որ դեպքերը տեղի են ունենում: Բանակը մեր հասարակության այն շերտն է, որտեղ ներկայացված ենք բոլորս ու այն խնդիրները, որոնք կան դրսում, բնականաբար կան նաեւ ներսում: Տեղի են ունենում դեպքեր, երբ դրանց տրվում է գնահատական, արագ արձագանք: Ձեզ համար թող ուրախալի լինի այն փաստը, որ որեւէ փոքր կամ բարձր հրամանատար, եթե նույնիսկ հանդգնում է իր լիազորությունների շրջանակից դուրս որեւէ զինվորի նեղացնի, ինքը թե՛ հասարակության արագ արձագանքի ու պարսավանքին է արժանանում, եւ թե՛ նաեւ իրավական առումով»:

Դիտարկմանը՝ հրամանատարները թղթախաղով են զբաղվում, չեն հետեւում ու պատասխանատվություն չեն կրում, Արման Սարգսյանը հակադարձեց. «Պատասխանատվություն չկրող հրամանատարներ գոյություն չունեն, արտոնյալներ չկան»:

Երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ ե՞րբ են մեր տարածքներն ազատագրվելու ադրբեջանական օկուպացիայից, ՊՆ փոխնախարարի պատասխանը հետեւյալն էր. «Դուք չեք ասում, որ Արցախի համար ինչ-որ լավ բան ասեք, ասում եք, որ ՊՆ-ի համար վատ բան ասեք: Դուք կզինվորագրվեք ու կազատագրեք, հենց դո՛ւք, դո՛ւք, հենց դո՛ւք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031