Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խումբը (GRETA) այսօր նոր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, որն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի զոհերի՝ արդարադատության հասանելիության և պաշտպանության արդյունավետ միջոցներին։
GRETA-ն ընդունել է օրենսդրական և քաղաքական դաշտի բարելավումները, սակայն խնդրել է իշխանություններին ուժեղացնել զոհերին տեղեկատվության տրամադրումը, բարելավել իրավական օգնության և հոգեբանական օգնության հասանելիությունը, հեշտացնել հանցագործներից փոխհատուցման հասանելիությունը, ինչպես նաև արդյունավետ հետաքննել մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները շահագործման բոլոր ձևերի համար և նպաստել զոհերի վերաինտեգրմանը:
2017թ. նախորդ գնահատումից հետո Հայաստանը շարունակել է զարգացնել թրաֆիքինգի դեմ պայքարի իր օրենսդրական և քաղաքականության շրջանակը. մասնավորապես, զեկույցի հեղինակները նկատել են, որ 2021թ. ընդունվել են նոր Քրեական օրենսգիրքը և նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, իսկ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են նախապատրաստվում։
GRETA-ն կոչ է արել իշխանություններին ապահովել, որպեսզի երաշխավորվի իրավաբանական օգնության հասանելիությունը, հենց որ ողջամիտ հիմքեր լինեն ենթադրելու, որ անձը մարդկանց թրաֆիքինգի զոհ է, և նախքան համապատասխան անձը որոշի, թե արդյոք համագործակցում է իշխանությունների հետ քրեական հանցագործության հարցում:
Կարդացեք նաև
Հաշվետու ժամանակահատվածում թրաֆիքինգի ոչ մի զոհ հանցագործներից փոխհատուցում չի ստացել ո՛չ քրեական, ո՛չ քաղաքացիական դատավարության միջոցով: GRETA-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին ձեռնարկել ակտիվ միջոցներ՝ երաշխավորելու թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման արդյունավետ հասանելիությունը, այդ թվում՝ լիովին օգտագործելով իրավախախտների ակտիվների սառեցման և բռնագրավման մասին օրենսդրությունը: Միևնույն ժամանակ GRETA-ն ողջունել է 2017թ. ի վեր պետության կողմից թրաֆիքինգի 20 զոհերի միանվագ փոխհատուցման տրամադրումը մոտ 450 եվրոյի չափով։
GRETA-ն ողջունել է ոստիկանության և Քննչական կոմիտեի կազմում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասնագիտացված կառույցների առկայությունը: Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները նշել են, որ 2017թ. հունվարից մինչև 2021թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի դեպքերով իրականացվել է, ընդհանուր առմամբ 69 քրեական հետաքննություն, սակայն միայն 13 գործ է անցել դատավարության փուլ, և միայն 6 անձ է դատապարտվել թրաֆիքինգի համար։
GRETA-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապահովել, որ շահագործման բոլոր ձևերի համար մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները ակտիվորեն և արագ հետաքննվեն՝ օգտագործելով հատուկ հետաքննության մեթոդները և ֆինանսական հետաքննությունները:
Զեկույցը նաև ուսումնասիրել է կոնկրետ թեմաների վերաբերյալ GRETA-ի նախորդ առաջարկությունների իրականացման առաջընթացը: GRETA-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին շարունակել ամրապնդել բոլոր համապատասխան պաշտոնյաների կարողությունները և հմտությունները՝ աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի դեպքերը բացահայտելու և հետաքննելու համար: Ավելին, իշխանությունները պետք է ուժեղացնեն խոցելի խմբերի (գյուղական բնակավայրերի երեխաներ և խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներ) երեխաների թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը և ավելի մեծ ուշադրություն դարձնեն երեխաների թրաֆիքինգի և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջև կապին: Ի վերջո, թրաֆիքինգի զոհերի տնտեսական և սոցիալական ինտեգրումն ապահովելու համար GRETA-ն կոչ է արել իշխանություններին լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու երկարաժամկետ աջակցության տրամադրումը, ինչպես նաև ամրապնդելու նրանց համար արդյունավետ հասանելիությունը աշխատանքային շուկային՝ մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման միջոցով:
2017-2021թթ. Հայաստանում հայտնաբերված թրաֆիքինգի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 68։ Նույնացված զոհերի երկու երրորդը կանայք և աղջիկներ են։ Շահագործման գերակշռող ձևը սեռական շահագործումն է, որին հաջորդում են աշխատանքային շահագործումը և հարկադիր մուրացկանությունը: Հայտնաբերված գրեթե բոլոր զոհերը Հայաստանի ներսում շահագործման ենթարկված հայ քաղաքացիներ են։ Զեկույցի հեղինակները կարծում են, որ թրաֆիքինգի զոհերի իրական թիվը հավանաբար ավելի մեծ է, քանի որ թրաֆիքինգի զոհերի կողմից ինքնաբացահայտումը տեղի է ունենում միայն հազվադեպ՝ իրենց իրավունքների մասին տեղեկացված չլինելու, խարանի ենթարկվելու, ամոթի և իշխանությունների հանդեպ անվստահության զգացումի պատճառով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ