Հայաստանում թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը ծխախոտն է: Քաղցկեղի այս տեսակը շատ արագ է զարգանում, բուժվելուց հետո էլ բարձր է կրկնվելու հավանականությունը: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապեւտ Կարինե Սողոմոնյանը՝ նշելով, որ երկրորդ տեղում միզապարկի քաղցկեղն է: Ըստ նրա, որպեսզի կանխվի այդ երեւույթը, պետք է ծխելու դեմ պայքարի միջոցառումները շարունակել, բնակչությանն էլ իրազեկել ծխախոտի հասցրած վտանգների մասին, որպեսզի մարդն ինքը հասկանա՝ ծխախոտն ինչպիսի անդառնալի վնասներ է հասցնում նրա օրգանիզմին:
Քիմիաթերապեւտի խոսքով, ծխախոտի խեժը պարունակում է քաղցկեղածին նյութեր:
Կարդացեք նաև
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի հավաստմամբ էլ, ոչ միայն ծխելը, այլեւ ծխախոտի ծուխն ունի շատ մեծ բացասական ազդեցություն եւ հանրային վայրերում ծխելու արգելքը կունենա իր դրական ազդեցությունը:
«Երկրորդային ծուխը նույնպես քաղցկեղածին է եւ չծխող անձանց մոտ նույնպես կարող է դրա հետեւանքով առաջանալ քաղցկեղ: Չծխող մարդը նույնպես խեժի այրման միջոցով այդ նյութերը ստանում է»,-ասաց Կարինե Սողոմոնյանը: Նրա ներկայացմամբ, մոլի ծխողների մոտ թոքի քաղցկեղի ռիսկը բարձր է 16 անգամ եւ դա կրկնապատկվում է այն մարդկանց մոտ, որոնք ծխելը սկսել են մինչեւ 16 տարեկանը:
Բժշկի խոսքով, երեխաների ներկայությամբ ծխելը խթանում է, որ նրանք էլ ծխախոտ օգտագործեն. «Երեխան կրկնօրինակում է ծնողին: Այդ պատճառով դադարեցնելով ծխելը ծնողն առաջին հերթին օգնում է իր երեխային՝ ճիշտ վարք ձեւավորելու եւ այդ հիվանդություններից զերծ պահելու»:
Նա նշեց, որ ծխախոտի ծուխը խիստ վնասակար է նաեւ հղի կանանց համար, որոնց պարագայում, ծուխը թափանցելով կնոջ օրգանիզմ, բերում է թթվածնային քաղցի, ինչն էլ խոչընդոտում է պտղի զարգացմանը. «Երեխայի օրգան համակարգերի, նյարդային համակարգի զարգացումը հետ է մնում եւ պտուղը կարող է ունենալ լուրջ խնդիրներ»:
Տիգրան Պողոսյանի խոսքով, նորաձեւ համարվող ծխախոտի փոխարինիչները նույնպես վնասակար են առողջությանը:
«Ասում են` դրանք անվտանգ են, բայց չկա որեւէ ապացույց: Երբ ասում ենք` ծխախոտը վտանգավոր է, դրա համար կա մեկդարյա հետազոտություն, ապացույցներով: Հետագայում կպարզվի, որ դրանք էլ են վնասակար՝ մի պարզ տրամաբանությամբ: Ճիշտ է՝ խեժը չի այրվում այդ փոխարինիչների դեպքում, բայց այն նույն քիմիական միացությունները, որոնք պարունակում է խեժը, պարունակվում են այդ փոխարինիչներում եւս»,-ասաց Կարինե Սողոմոնյանը:
Ինչ վերաբերում է մաստակներին, դեղահաբերին, որոնք օգնում են ծխելը դադարեցնելու հարցում, Կարինե Սողոմոնյանն ասաց, որ բժշկությունը դեմ չէ դրանց օգտագործմանը, քանի որ անվնաս են, օգնում են, բայց պետք է բժշկի ցուցումով նշանակվեն. «Դրանք պրեպարատներ են, որոնք փոխարինում են նիկոտինին»:
Տիգրան Պողոսյանի խոսքով, ծխախոտից քիչ-քիչ հրաժարվելով չեն կարող թողնել ծխելը, պետք է անել միանգամից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ