Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, նա Ազգային հերո՞ս է, ձեր իշխանության կողմից հերոսի կոչում է ստացել ու այսօր ինչ-որ «Baxi»-ի գործով կալանավորված է՝ պատասխանեց. «Ես զերծ կմնամ քրեական գործին գնահատական տալուց, որդեգրել եմ, որ չեմ անդրադառնալու երբեւէ: Հետեւեք պաշտոնական նորություններին Հակակոռուպցիոն կոմիտեից: Պետք չի մոռանալ մարդու անմեղության կանխավարկածի մասին, սա՝ մեկ, երկրորդը՝ առհասարակ մեր քաղաքական թիմի որդեգրած մոտեցումն է, որ անկախ անձից, անցած ճանապարհից, եթե կա արարք, ապա պետք է արժանանա համապատասխան գնահատականի»:
Դիտարկմանը՝ տպավորություն է, որ կարծես հերոսների արժեզրկման գործընթաց է գնում ձեր իշխանության կողմից, Մանվել Գրիգորյանը տեսանք ինչ ճակատագրի արժանացավ՝ Փամբուխչյանը պատասխանեց. «Սխալ գնահատական է, որ մեր քաղաքական թիմի կողմից վարվում է նման քաղաքականություն»:
Հարցին՝ ընդդիմադրները նախարարություններով շրջում էին ու փորձում էին ստանալ այս հարցի պատասխանը՝ կարո՞ղ եք ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Փամբուխչյանը պատասխանեց. «Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում ու բանակցությունները, որոնք տարվում են, ես ամբողջությամբ կիսում եմ: ԱԻ նախարարը իրավասու չէ նման գնահատական տալ: Կառավարության ծրագրի յուրաքանչյուր կետ ես համարում եմ իմը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ