Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«30% հավելավճարը քաղաքական շահարկման առիթ է, արդեն 4-րդ տարին է պտտվում»․ ՔՊ պատգամավորը՝ նախարարին

Մայիս 31,2022 16:43

«2018թ․ աշնանից կառավարությունը պետական բյուջետային աշխատողների աշխատավարձը բարձրացրեց 30%-ով, որը գործնականում կիրառվեց հավելավճարների տարբերակով։ Ապագա տարիներին այդ 30% հավելավճարի մասին անընդհատ խոսվեց, այն դառնում է քաղաքական շահարկման առարկա»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«Ինչո՞ւ չի կարելի այդ գումարը ներառել աշխատավարձի մեջ։ Հավելավճարի ինստիտուտը, որն անընդհատ դառնում է քաղաքական շահարկման առարկա, մեկընդմիշտ դուրս կգա օրակարգից եւ կլինի հստակ՝ 30%-ով ավելի աշխատավարձ պետական համակարգի համար»,-առաջարկեց Վահագն Հովակիմյանը։

Տիգրան Խաչատրյանը նախ պարզաբանեց՝ 30% հավելավճարի 10%-ը նախատեսված է քաղաքացիական ծառայողների համար, մյուս մասն այն պարգեւավճարն է, որը սահմանվել է պետական համակարգի աշխատակիցների համար․ «Այսպես է սահմանվել, որովհետեւ շատ կարեւոր է, որ երկարաժամկետ բարձրացումների դեպքում հաշվի առնենք, որ լավ ժամանակներում պարգեւավճարները կարող են տրվել, իսկ ճգնաժամային իրավիճակներում՝ ժամանակավոր սահմանափակել։ Մյուս պատճառը։ Երբ որպես պարգեւավճարային միջոց ենք դա նկարագրում, դա թույլ է տալիս խրախուսել արդյունավետ աշխատանքը։ Պետական կառավարման համակարգը բարեփոխումների ճանապարհ դեռ ունի անցնելու»։

Նախարարի խոսքով․ «Երբ ասում եք՝ ի՞նչ կլինի, որ դա անվանենք աշխատավարձ, ապա կարծում եմ՝ օրակարգի հարցն այլ է։ Գնաճի ճնշումները վնասել են բոլորիս կյանքը։ Երկու տարի է, որ բարձր գնաճի ֆոն ունենք, եւ դա պահանջ է առաջացնում պետական համակարգում եւ մասնավորում, ուստի աշխատավարձը եւս պետք է որոշակի ճշգրտումների ենթարկվի, որքան որ հնարավոր է։ Հնարավորությունները սահմանափակ են։ Եթե պարգեւավճարը վաղվանից անվանենք աշխատավարձ, այդ մարդկանց կյանքում բան չի փոխվի։ Իսկ ժողովրդի համա՞ր․ փոփոխությունը չի լինի լավագույնը։ Եթե գումարը բաշխվի համահավասարության միջոցով, ապա բոլորը կստանան հավասար չափով։ Քննարկել է պետք, կառավարության անունից չեմ կարող ասել։ Այդ վերաբաշխումը կարող է վնասել աշխատանքի արդյունավետությանը, եթե ձեր ասած տարբերակով լինի»։

Վահագն Հովակիմյանն արձանագրեց․ «Ձեր ասածը տեսականորեն այդպես է, բայց իրականում այդ 30%-ը բոլոր բյուջետային աշխատողները ստանում են։ Բայց այն, երբ այդ գումարը ձեւակերպվում է որպես պարգեւավճար ու հավելավճար, դա հնարավորություն է տալիս քաղաքական շահարկման։ Այս խնդիրն, ի վերջո պետք է լուծվի, 4-րդ տարին է պտտվում։ «Շահում» ենք միայն այն, որ քաղաքական շահարկումներ են լինում»։

Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ նկատառումը ճիշտ է․ «Կարելի է հարցը քննարկել։ Կխնդրեմ, որ կառավարությունում հարցը քաղաքական պարզաբանման առիթ դառնա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Այսինքն Տիգրան Խաչատրյանի պարզաբանմամբ՝ 4 տարի է լաւ ժամանակներ են, հա հա հա…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031