Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին ցնծության մեջ է․ դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովին (տեսանյութ)

Մայիս 31,2022 16:22

Հովհաննես Բաչկովի՝ Բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալը հերթական անգամ ցնծության մեջ է գցել գյումրեցիներին։ Համացանցը «պայթում է» գյումրեցի օգտատերերի հրճվանքից։ Օգտատերերից մեկը՝ Արսեն Վարդանյանը՝ «Շիրակի Բազեն», կատակով գրել է․ «Գյումրին օր ռեմոնտ էնենք, ոսկի մեդալները ու՞ր կարելի է դնել ժամանակավոր։ Ամենասիրուն ու հումորով պատասխան գրողը՝ Գյումրիկ ունի։ Ամեն մարդ կռնա 1 բացատրությունմ գրե»։

Բուռն քննարկումներ են ընթացել նրա գրառման տակ։

Օգտատերերը հումորով արձագանքել են․ «Հայաստանի արտաքին պարտքը ժամանակավոր փակենք, տոկոս չգա վրեն, հետո էլի հետ վերցնենք», «Լոմբարդ դրեք թանգնոց ռեմոնտ էրեք», «Մեդալները կախեք քաղաքի պատերի ու ծառների վրա, կեղնի աշխարհի ամենասիրուն ու փայլուն ոսկե քաղաքը, ահա քեզի ռեմոնտ»։

Այսօր էլ Գյումրու քաղաքային իշխանություններն ու երկրպագուները քաղաքի մուտքի մոտ մեծ շուքով դիմավորեցին իրենց չեմպիոնին։

Հովհաննես Բաչկովը լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց բոլոր սատարողներին, մարզիչներին, հայտարարեց, որ հաղթանակը միայն իրենը չէ, ողջ ազգինն է, քանի որ առանց ժողովրդի աջակցության հաղթանակի չէր հասնի։

Նա նաև պատմեց, որ ձեռքը վնասված էր, ոսկորը կոտրված, մտորում էր՝ մասնակցել, թե չմասնակցել Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, սակայն մտածելով, որ թուրք մրցակիցը, որը ֆավորիտ էր համարվում, հնարավոր է դառնա Եվրոպայի չեմպիոն, Թուրքիայի դրոշն էլ ծածանվի Հայաստանում, ուժերը հավաքեց։

 

«4-5 օր էր մնացել, նոր որոշվեց, որ պիտի մասնակցեմ, քանի որ վնասվածք ունեի, մտածում էի, կխանգարի, չեմ կարողանա մասնակցել։ Պայմանավորվել էի, որ պետք է վիրահատեմ ձեռքս, կոտրված էր ոսկորս, վիրահատվեմ, նոր մասնակցեմ։ Բայց պատահաբար իմացա, որ կմասնակցի նաև թուրք մրցակիցս, որը մրցաշարի ֆավորիտն էր համարվում, հնարավոր է հենց ինքը դառնար Եվրոպայի չեմպիոն ու Թուրքիայի դրոշը ծածանվեր երկրում։

Դրա համար՝ անկախ նրանից, որ վնասվածք ունեի, որոշեցի մասնակցել ու ասացի՝ կմասնակցեմ մի պատճառով, որպեսզի Թուրքիայի դրոշը չբարձրանա։ Ցավալին այն է, երբ որ հայտ ներկայացրեցինք, որ պիտի մասնակցեմ, այդ թուրք բռնցքամարտիկին հանեցին ցուցակից, ուրիշ բռնցքամարտիկ բերեցին»,- ասաց չեմպիոնը։

Հովհաննես Բաչկովը նաև ասաց՝ վերջին մենամարտը դժվարությամբ չի տրվել․ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքը ցանկանում էր:

Նշենք, որ գյումրեցի չեմպիոնը, երեկ հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Լյունի Համրուին, դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031