Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներողություն եմ խնդրում, իհարկե, բայց անչափահասն ի՞նչ գործ ուներ այդտեղ». Փոխոստիկանապետը՝ 11-ամյա ցուցարարի նկատմամբ բիրտ ուժի մասին

Մայիս 31,2022 15:53

Այսօր անդրադառնալով Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեպքերին՝ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում մոտ 80 ծառայողական քննություն է սկսվել ու բոլոր դեպքերն ուսումնասիրվում են. «Բիրտ ուժը, գիտեք, դե, բերման են ենթարկում, եթե գնում է ոստիկանին չենթարկվելու, մենք կիրառում ենք….դուք եք համարում բիրտ ուժ: Տեղում ոստիկանները կողմնորոշվում են»:

Երբ լրագրողները փոխանցեցին անչափահասի նկատմամբ բռնության դեպքը՝ փոխոստիկանապետը արձագանքեց. «Ներողություն եմ խնդրում իհարկե, բայց անչափահասն ի՞նչ գործ ուներ այդտեղ: Այդ երիտասարդ անչափահասին գիտեմ, որ տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ ոչ մի լուրջ բան չի եղել, անձամբ ես եմ հետաքրքրվել, եղել է 1-ին համալսարանական կլինիկական հիվանդանոցում: Ցույց են տվել զուտ առաջին օգնություն, ոչ մի կոտրվածք, ոչ մի բան»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ոստիկաններից մեկի մոտ է եղել կողերի կոտրվածք: Վարդան Մովսիսյանը վստահեցրեց, որ իրենք հատուկ հանձնարարական չեն ստացել՝ բիրտ ուժ կիրառելու ցուցարարների նկատմամբ, ինչպես պնդում են ընդդիմադիրները. «Եթե գնում է հասարակական կարգի կոպիտ խախտում, ոստիկաններն այդ ժամանակ նոր ուժ են կիրառում»:

ԱԺ-ում 2021-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց. «ՀԿ-ների տվյալներով՝ 2500 տելեգրամյան հայկական ալիքներ կան, որոնք իրականացնում են թմրամիջոցների իրացում: Ինչքան էլ ոստիկանությունը լավ աշխատի, եթե մասնագիտական համալրվածություն չունենա, լուրջ արդյունքի չենք հասնի: Կիբեռոլորտի մասնագետները բավականին բարձր վարձատրվող մասնագետներ են ու խնդիր կա՝ արդյոք կուզե՞ն ոստիկանությունում աշխատել, թե՞ ոչ»:

Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը պատասխանեց, որ մեծ կարեւորություն են տալիս այդ աշխատանքներին, իրենց մշտական ուշադրության ներքո է:

Արմեն Խաչատրյանը նաեւ փոխանցեց մարդկանց դժգոհությունը՝ անձնագրերի հետ կապված. «Ամեն տարի անձնագրերի, վարորդական իրավունքների պլաստիկ քարտերի, տեխանձնագրերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Ժամանակին կոմունիկացիոն խնդիրները չեն լուծվել»:

Փոխոստիկանապետը պատասխանեց, որ Ուկրաինայի պատերազմը մեծ դժվարություն ստեղծեց լոգիստիկայի տեսակետից: Նա ասաց, որ կաշխատեն, որ բնակչությունը նեղություն չքաշի ու հարցերը նախապես լուծեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031