Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. «Փաստինֆո»

Մայիս 31,2022 16:28

Երևանում իրականացվող խաղաղ ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։

ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրը «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու։ ՀԿԿ-ում արդեն նյութերի նախապատրաստման շրջանակներում Արծվիկ Մինասյանը բացատրություն է տվել, մանրամասն ներկայացրել եղելությունը՝ մատնանշելով նաև կոնկրետ ոստիկանների։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՀԿԿ-ից։

Նշենք, որ այս պահին քրեական գործով դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

Ի դեպ, բռնությունը պատգամավորի նկատմամբ տեղի է ունեցել հրապարակային՝ տեսախցիկների առջև, հետևաբար, տեսաձայնագրություններով արձանագրվել են նաև առերևույթ հանցագործություն կատարած ոստիկանության ծառայողները, վերջիններս փաստացի նույնականացված են։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031