«Դիմադրություն» շարժման մասնակիցները շարունակում են այցելել պետական հիմնարկներ, որպեսզի պարզեն պետական պաշտոնյաների դիրքորոշումը Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ։
Քիչ առաջ նրանք այցելեցին ԵՊՀ։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց համար 1-2 րոպեի հարց է համալսարանի շենք մտնելը․ «Բայց չենք ցանկանում Նիկոլի պես վարվել»։
Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այլ մուտքերով ներս էին մտել։ Ոստիկանը տեղեկացրեց, որ պատգամավորները կարող են ներս մտնել։
Սակայն, պատգամավորներն այդպես էլ չհանդիպեցին ռեկտորի հետ, ուստի դուրս եկան շենքից։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնեց, որ ԵՊՀ աշխատակազմի ղեկավարն իրենց ասել է՝ ռեկտորը հանդիպում ունի, մի քիչ պետք է սպասել․ «Հետո գալիս է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսնակն ու ասում՝ շենքում չէ։ Մենք գնացինք իր սենյակ։ Ռեկտորը տեսնելով, որ ԱԺ պատգամավորներ են բարձրանում, դուռը ներսից փակում, մնում է ներսում։ Հարգելի ուսանողներ, ձեր ռեկտորը փակված է իր սենյակում, որպեսզի չկարողանա ասել այն, ինչ մենք ասում ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Պրոռեկտորներն էլ տեղում չէին»։Մինչ ԵՊՀ այցելելը, շարժումը ԱԳՆ շենքի մոտ էր, պատգամավորներին չհաջողվեց հանդիպել նաեւ ԿԳՄՍ, ԲՏԱ եւ արդարադատության նախարարների հետ։
Ցույցի մասնակիցները այցելեցին նաեւ տնտեսագիտական համալսարան, սակայն այս բուհի ղեկավար կազմի հետ հանդիպում եւս տեղի չունեցավ։ Գործավարը պատգամավորներին հայտնել է, որ ռեկտորը տեղում չէ։
Երթը շարունակվում է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ