Քննչական կոմիտեից չեն հստակեցնում, թե ովքեր են երեկ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքով 8 ձերբակալված անձինք:
Սակայն, ինչպես արդեն հայտնի է, նրանց մեջ են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետի որդիներից Տիգրան Խաչատրյանը:
Հայկ Սարգսյանի պաշտպանն էլ դեռ չի շտապում մեղադրանքի վերաբերյալ հայտնել պաշտպանական դիրքորոշումը: Նա մեզ հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցերի: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայկ Սարգսյանին ձերբակալել են երկու հիմքով` խուլիգանություն կատարելու եւ ոստիկաններին դիմադրելու համար:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ երեկ Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգությունների ժամանակ մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք, ինչից հետո մասնակիցները շարժվել են դեպի Կառավարական 3-րդ տան մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկաններից կազմված պատնեշը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել նրանց և այդ կերպ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ՝ ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ: