Այսօր կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի հերթական համատեղ նիստը: Երկրորդ անգամ քննարկվում էր աշխատանքային պլանը: Պարզվեց, դարձյալ անհամաձայնություններ կային: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ քննարկման ներկայացված նախագիծը չի արտահայտում նախորդ նիստերում տեղի ունեցած քննարկումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ նրա, նախագծով անհստակ է հանրային քննարկումների առարկան եւ այդ պատճառով բավական փոքրացվում է հանրային քննարկումների առարկան. «Այսինքն, կա ռիսկ, որ հանրության տարբեր շերտերի կողմից այդ քննարկումները կընկալվեն անլուրջ, որովհետեւ դրանք լինելու են քննարկումներ, մոտավորապես հետեւյալի մասին. գնալու են խորհրդի եւ հանձնաժողովի անդամները եւ ասեն՝ մենք ոչ մի կարծիք չունենք, բայց դու ասեք՝ ի՞նչ արժե փոխել Սահմանադրության մեջ: Հստակ չէ, թե, ո՞ր հարցերի հետ կապված խորհրդի նախնական դիրքորոշում պետք է լինի, որ հարցերի հետ կապված՝ չպետք է լինի, սա եւս մտահոգիչ է: Եվ այս ամբողջում մեծ ռիսկն այն է, որ հանրությունը, մեծ հաշվով, տեղյակ չի լինի գործընթացի բովանդակությունից. ինչ-որ հանրային քննարկումներ լինեն, հանրությունը լսելի կլինի, բայց գործընթացին մասնակից, դետալներին տիրապետող չի լինի եւ այդ պատճառով ես չեմ կարող նախագծին «կողմ» քվեարկել»:
ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Անդրեասյանը հստակեցրեց Դանիել Իոաննիսյանի մտահոգությունը. աշխատանքային պլանում նա ամեն ինչի հետ չէ, որ անհամաձայն է, խոսքը վերաբերվում է մեկ կոնկրետ հարցի, այն է՝ հանրային քննարկումների գնալ նախնական պատկերացումներո՞վ, հետո դրանք ամբողջականացնել խորհրդի վերջնական քննարկումներում, թե՞ գնալ՝ փորձել հասկանալ հանրային պատկերացումները, հետո, դրանց հիման վրա, ներառելով նաեւ մասնագիտական մոտեցումները, կազմել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, այն դնել հանրային քննարկման: Միջազգային գործընկերները երկրորդ տարբերակն են առաջարկել: Նախարարն առաջարկեց՝ այդ հարցն աշխատանքային պլանից առանձին ձեւակերպել, հետո քվեարկել:
«Նախորդ նիստին ես նույնիսկ բառացի ձեւակերպեցի, ասեցի՝ ինձ մոտ տպավորություն կա, որ այս հարցի հետ կապված կոնսենսուս ունենք եւ հարցրեցի, ասացի՝ այս հարցի հետ կապված բոլորը համաձա՞յն են: Ոչ ոք չասեց, որ անհամաձայն են, ներկաների մեծ մասը գլխով արեցին, ասեցին, որ համաձայն են: Հիմա, եկել լրիվ հակառակ բանն ենք անում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Կարեն Անդրեասյանը նկատեց. «Պարոն Իոաննիսյան, ոչինչ որ… լինում է էդպես, հանձնաժողովը ավելի մասնագիտական կառույց է, ավելի մասնագիտական է ուսումնասիրել, միջազգայինների հետ հանձնաժողովն է աշխատել եւ լինում է այդպես, որ այստեղ մենք գլխով ենք անում, բայց վերջնական որոշում չենք կայացրել: Հանձնաժողովը հիմա ունի առաջարկ, որը կոնսենսուսային է եւ հանձնաժողովն է ներկայացնում առաջարկը: Եթե դեմ եք, խորհրդում առանձին դնենք քվեարկության եւ արդեն գլխով չի լինի, հստակ քվեարկությամբ կլինի, հանձնաժողովը կանի այնպես, ինչպես կորոշի խորհուրդը»:
Խորհրդի մյուս անդամ, Տիգրան Եգորյանն էլ ներկայացված նախագծում առանձնակի փոփոխություններ չի արձանագրել, ասաց՝ նախորդ անգամ կարելի էր քվեարկել, որպեսզի աշխատանքներն առաջ անցնեին: Նախագծում տարբեր վերապահումների առիթներ կան, բայց այդ ամենն ինքը էական չի համարում, քանի որ հետագա գործընթացներում դրանք կարելի է շտկել: Դանիել Իոաննիսյանի բարձրացրած հարցը կարեւորում է, բայց գտնում է, որ հանրային քննարկումների փուլերում լուծվելիք հարց է:
Կարդացեք նաև
Խորհրդի մյուս անդամ, Արթուր Սաքունցն էլ հիշեցնելով սահմանադրական բարեփոխումների նախկին փուլը, հայտարարեց, որ քաղհասարակությունը դեռ այն ժամանակ իր ասելիքն ասել էր՝ կոնկրետ փաստաթղթի տեսքով, որում ամրագրված են մոտեցումները, թե ինչպիսի՞ն չպետք է լինեին առկա կարգավորումները, ըստ այդմ, նրա կարծիքով, կարելի է ձեւավորել խնդիրների ցանկը, որոնք որ պետք է փոխվեն գործող Սահմանադրության մեջ եւ դրանց առաջարկվող այլընտրանքները: Ավելի ուշ նա հավելեց՝ ներկայացված շահագրգիռ անձանց ցանկը՝ քաղաքական, հասարակական ուժեր, ՏԻՄ մարմիններ, կրոնական կազմակերպություններ, ազգային փոքրամասնություններ եւ այլն, հենց ժողովուրդն են՝ կոնկրետ ինստիտուտներ են, որոնք ունեն իրենց պատկերացումներն ու մոտեցումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ իրենց գործունեության փորձով: Այդ գիտելիքի հավաքագրումն ու ներկայացումն այն է, ինչը կոչվում է ժողովրդավարական մասնակցություն. գործընթացն իր պատկերացմամբ, այստեղից պետք է սկսել, քանի որ մասնակցային գործընթացն այլ կերպ չի ապահովվի: Նա էլ դեմ է նախնական կոնցեպցիայով սկսել գործընթացը, իսկ ընթացակարգային մանրամասն կարգավորումներն անհնար է համարում, քանի որ կյանքը ավելի գունեղ է եւ արագ փոխվող:
Խորհրդում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանն էլ նկատեց՝ ներկայացված նախագիծը բավարար է՝ ամբողջ ծավալով աշխատանքները սկսելու համար, քանի որ, երբեւէ նման թափանցիկ եւ ժողովրդավարական գործընթաց չի եղել սահմանադրական բարեփոխումներում, երբեք ժողովրդի կարծիքին այսքան կարեւորություն չի տրվել. «Եկեք հիշենք՝ նախորդ հանձնաժողովը որտե՞ղ էր գնում՝ ճշտումներ անելու: Գնում էր նախագահի մոտ, ասում էր՝ այս բանը փոխե՞նք, թե՞ չփոխենք: Հիմա, մենք գնում ենք ժողովրդի մոտ եւ քանի որ նախադեպ չունենք, չենք կարող կանխատեսել՝ դա ինչքա՞ն վատ արդյունք կտա, կամ՝ մարդիկ ինչքան անլուրջ կվերաբերվեն: Չէ, շատ լուրջ կվերաբերվեն, շատ շնորհակալ կլինեն, որ գնացել ենք իրենց կարծիքը հարցնելու: Էդտեղ վատ բան չկա: Նախապես կարծիք ունենալն էլ… ես դեմ եմ դրան. գնանք՝ տեսնենք, ժողովուրդն ի՞նչ է մտածում, նրանց բարձրացրած հարցերի քանի՞ տոկոսն է օրենսդրական, ենթաօրենսդրական կարգավորման ոլորտում, ո՞րն ենք գեներացնում»: Գործընկերոջը Դանիել Իոաննիսյանը հակադարձեց՝ փորձ կա եւ դա Ընտրական օրենսգրքի ռեֆորմն է ու այս գործընթացի մեջ հիմա «փակ աչքերով» չեն մտնում:
Տիգրան Եգորյանը ծայրաստիճան անարդյունավետ համարեց նման ընթացակարգային հարցերի վրա ժամանակի եւ ռեսուրսի ծախսը: Դանիել Իոաննիսյանը համաձայնեց իր վերապահումը առանձին ձեւակերպել ու դնել քվեարկության:
Ի վերջո, աշխատանքային պլանը հաստատվեց, դեմ էր միայն Դանիել Իոաննիսյանը: Արդյունքում, հունիսի 1-ից հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը կմտնի բովանդակային փուլ: Ակնկալվում է, որ մինչեւ սեպտեմբերի 10-ի կլինեն լուրջ բովանդակային արդյունքներ՝ քննարկված մասնագիտական եւ քաղաքական շրջանակներում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ