31.05.2022 թ․, Երևան. Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում: Team Telecom Armenia-ն այս ֆինանսավորումն ուղղելու է տարածաշրջանում եզակի 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը Հայաստանի քաղաքներում և գյուղերում։
Մեկնաբանելով համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց․ «Մենք կարևորում ենք մեր հանդեպ վստահությունը, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների ֆոնին, երբ ներդրումները ռիսկային են։ Այս աջակցությունը Team-ին հնարավորություն կտա արագացնել կապիտալ ներդրումների ծրագիրը, ընդլայնել ու արդիականացնել ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական ցանցերը՝ բարելավելով անհատ բաժանորդներին, բիզնես հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու խթանելով նորարարությունը և տնտեսական աճը»:
Ֆինանսական փաթեթը կօգնի ընկերությանը բարելավել իր հեռահաղորդակցության ցանցերի ծածկույթը և սպասարկման որակը, ներառյալ 4G բջջային ցանցի ընդլայնումը և NGN օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը երկրի ողջ տարածքում: Նախագծի արդյունքում ավելի արագ և որակյալ ինտերնետից կօգտվի նվազագույնը 1,1 մլն բջջային համակարգի բաժանորդ, իսկ ավելի քան 450 հազար տնային տնտեսություն կապահովվի արագ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությամբ:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ենթակառուցվածքների և բնական պաշարների տարածաշրջանային ավագ ղեկավար Շերիլ Էդելսոն Հանվեյը նշեց․ «IFC-ի ներդրումը կօգնի արդիականացնել բջջային կապի ծառայությունները և մեծացնել ինտերնետային կապի արագությունը Հայաստանում` այս կերպ խթանելով երկրի թվային տնտեսության, առևտրի և ձեռներեցության զարգացումը և արագացնելով հետքովիդային վերականգնումը: Ֆինանսավորելով ՀՀ թվային ենթակառուցվածը` IFC-ն կօգնի նպաստավոր միջավայր ստեղծել երկրում լրացուցիչ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար»:
Կարդացեք նաև
Ծրագրի իրականացման արդյունքում Team Telecom Armenia-ն իր դիրքերը կամրապնդի նաև տեղական և տարածաշրջանային հեռահաղորդակցության օպերատորներին տվյալների տարանցման ծառայությունների մատուցման ոլորտում՝ ստեղծելով ավելի ճկուն ու արագ ինտերնետային ենթակառուցվածք:
«Մեր ռազմավարական ծրագրի շրջանակում մենք սկսել ու մեծ թափով շարունակում ենք տարածաշրջանում բացառիկ 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցի կառուցումը, որի ավարտին Հայաստանի յուրաքանչյուր հատվածում ապրող քաղաքացու բնակարան կմտնի առանձնացված օպտիկամանրաթելային մալուխ`գրեթե անսահմանափակ թողունակությամբ։ Սա համաշխարհային տնտեսական զարգացումներին միանալու և դրանց համար նոր պրոդուկտներ ստեղծելու լայն հնարավորություններ կբացի»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ակնկալվում է, որ 25G-PON ցանցի գործարկումը նվազեցնելու է նաև էներգիայի սպառումը` թույլ տալով իր բաժանորդներին օգտվել գերարագ ինտերնետից ավելի էներգաարդյունավետ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով։
Խոսելով այս ծրագրին միանալու շարժառիթների մասին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հեռահաղորդակցության, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների գծով տնօրեն Դիրկ Վերներն ասաց․ «Թվայնացման և էներգաարդյունավետության բարձրացման հետ մեկտեղ այս նախագիծը համահունչ է Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարական երկու առաջնահերթություններին՝ մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդմանը և կայուն ենթակառուցվածքների առաջմղմանը առևտրայնացման և կանաչ տնտեսության անցման միջոցով»։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշել է. «Թվային փոխակերպման ժամանակաշրջանում գերարագ ինտերնետային ծառայությունների առկայությունը հույժ կարևոր է մարդկանց և ձեռնարկությունների միջև կապն ապահովելու համար հատկապես հեռավոր համայնքների պարագայում: Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարը` մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի ֆինանսավորման նպատակով մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների` ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի հետ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքային և տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը, ինչը կնպաստի ավելի քիչ զարգացած համայնքների սոցիալական զարգացմանը և տնտեսական ներուժի ամրապնդմանը: Դա շատ հեռանկարային ներդրում է»:
Team Telecom Armenia–ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։
Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC–ն (Միջազգային ֆինանսական կորպորացիայի) ամենամեծ գլոբալ զարգացման հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Նրանք աշխատում ենք ավելի քան 100 երկրներում՝ նոր շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։
ՎԶԵԲ–ը (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) բազմակողմ բանկ է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումը և ձեռնարկատիրական նախաձեռնությունը երեք մայրցամաքների 38 երկրներում: Բանկը պատկանում է 67 երկրների, ինչպես նաև ԵՄ–ին և ԵՆԲ–ին: ՎԶԵԲ–ի ներդրումներն ուղղված են տարածաշրջանների տնտեսությունները մրցունակ, ներառական, լավ կառավարվող, կանաչ, կայուն և ինտեգրված դարձնելուն:
Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:
Team Telecom Armenia-ի Հասարակայնության հետ կապերի ծառայություն