«Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետեւ հիմա բանակցային գործընթաց է, ու դրա ժամանակ նման հայտարարություն անել՝ նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել բանակցողին եւ գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է պատասխանել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկող դիմադրության շարժման հարցապնդմանը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Ընդդիմությունը նման հարցադրումներ անելու հնարավորություն ունի՝ առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Կամ գրավոր դիմել։ Նման գործողություններով փորձում են գործընթացի իմիտացիա անեն»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը։
-Իրենք ասում են, որ փողոցային պայքարի են դուրս եկել։
-Բա ինչի՞ մանդատները վայր չեն դնում, որ դուրս են եկել փողոց։
Կարդացեք նաև
-Մանդատներն ԱԺ-ում պետք են գալու։
-Բա ինչի՞ չեն գալիս գործի։ Ասում են, թե վարչապետը եւ իշխանությունը լեգիտիմությունը կորցրել են, բայց ակնհայտ է, որ իրենք ունեն լեգիտիմության խնդիր, որովհետեւ իրենց ձայն տվածների 21%-ից երկու տոկոսն անգամ դուրս չի գալիս փողոց։ Սա վերածվել է մարդկանց նյարդայնացնելու, խցանումներ ստեղծելու մանիայի։ Ակնհայտ է, որ իրենք ծանր կացության մեջ են, որովհետեւ, կներեք արտահայտության համար, բայց մնացել են իրենց «պրիոմի» տակ»։
-Իշխանությունն օգնելո՞ւ է նրանց դուրս գալ այդ վիճակից։
-Չեմ կարծում։ Մենք թույլ ենք տալու, որ իրենք մինչեւ վերջ մաշեցնեն իրենց հնարավորությունները։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ժողովրդից ներողություն խնդրել, որ իրենք ստիպված են այս խցանումների ականատեսը լինել։ Մի քիչ դիմացեք, այս ամենը կավարտվի։
-Իսկ չեք ուզո՞ւմ ժողովրդից ներողություն խնդրել ձեր բերածի համար՝ սկսած Արցախի 75%-ի հանձնումից, անվտանգային խնդիրներից, Գորիս-Կապան մայրուղու հանձնումից, պատերազմի զոհերից։ Այդ չարիքների համար ներողություն խնդրելո՞ւ եք։
-Դրա համար ներողություն վաղուց խնդրել ենք, գնացել ենք ընտրությունների ութ ամիս առաջ։ Ժողովուրդը նորից պատվիրակել է մեզ իշխանությունը։ Ամեն անգամ նույն բանը կրկնելով՝ որեւէ բանի չի հասնի ընդդիմությունը եւ դուք նույնպես։ Ներողություն խնդրելու ձեւն ընտրություններն են։ Որեւէ մեկը որեւէ բան չի հանձնել, եկեք այդ երկար բանավեճի մեջ չմտնենք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ