Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնցում առկա է պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության սահմանափակ մակարդակ

Մայիս 31,2022 11:45

Վաշինգտոն – Միջազգային բյուջետային գործընկերությունը (ՄԲԳ – IBP) հրապարակեց իր Բաց բյուջեների հետազոտության (ԲԲՀ) արդյունքները, համաձայն որի երկրների մեծ մասը COVID-19-ի համավարակի ժամանակ կարողացել են իրենց տարեկան բյուջեների բյուջետային գործընթացներում պահպանել ծախսման հաշվետու պրակտիկան։

Դոմինիկյան Հանրապետությունը հայտնվեց դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում՝ այն երկրների շարքում, որոնք առաջնորդում են բյուջեների թափանցիկության ընդլայնման և ինստիտուցիոնալիզացման գործընթացները։ Հարավային Կորեան էլ իր հերթին առաջատար է բյուջետային գործընթացներում՝ հանրային խորհրդակցությունների ներառական պրակտիկան ներդնելու հարցում։ Վերջապես, Բենինը, Նիգերիան և Գամբիան հանդիսանում են բաց բյուջեների նախորդ հետազոտության համեմատ ամենամեծ առաջընթաց գրանցած երկրները։

Ինչպես նշում է ԲԲՀ համակարգող Անջալի Գարգը – «Հաշվետվողականության համակարգերը դեռևս շարունակում են, ընդհանուր առմամբ, մնալ թույլ, սակայն որոշ երկրների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական կամքի առկայության դեպքում առաջընթացը հնարավոր է։ Բաց բյուջեների պրակտիկան հաղթող տարբերակ է, քանի որ այն ծնում է հանրային վստահություն առ այն, որ կառավարությունները կարող են քայլեր ձեռնարկել և առաջնորդել իրենց փոխառության ծախսերի նվազեցման ուղղությամբ այժմ, երբ համաշխարհային պարտքը և անհավասարությունը գտնվում են իրենց բարձրագույն մակարդակներում։ Մենք հույս ունենք, որ ավելի մեծ թվով երկրներ կքաջալերվեն բացելու իրենց բյուջեները՝ թույլ տալով, որ նրանք անցնեն հանրային խորհրդակցության և հանրային վերահսկողության գործընթացներով՝ ապահովելու համար հանրային սակավ միջոցների հասանելիությունը ազգաբնակչության այն խավերին, որոնք դրանց առավել կարիքն ունեն։»

Ինչ-որ չափով զարմանալի էր այն, որ համավարակը չչեղարկեց համաշխարհային մասշտաբով թափանցիկ և հաշվետու բյուջետային պրակտիկայում վերջին տարիներին համառ պայքարի արդյունքում ձեռք բերված նվաճումները։ Երկրների մեծ մասն ի վիճակի եղավ պահպանելու, իսկ որոշ դեպքերում նաև զարգացնելու, իրենց տարեկան բյուջեների բյուջետային գործընթացներում ավելի վաղ նվաճած ձեռքբերումները՝ շնորհիվ տեղեկատվության ավելի մեծ չափերով թվայնացմանը և հաշվետվողականության իրենց պրակտիկայի ինստիտուցիոնալացմանը։ 2008 թվականի համեմատությամբ թափանցիկության համաթվի ցուցանիշն աճել է ավելի քան 20 տոկոսով։ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան, Լատինական Ամերիկայի և Կարիբյան, ինչպես նաև Մերձսահարյան Աֆրիկայի (2017 թվականին գրանցած խորը անկումից հետո) տարածաշրջանները սկսած 2008 թվականից գրանցել են զգալի հաջողություններ իրենց բյուջեների թափանցիկության ընդլայնման հարցում։

Սակայն հետազոտությունը բացահայտեց նաև օրենսդրական վերահսկողության թուլացում, որը հետևանք էր քաղաքական անկայունության, համավարակի և իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ գործադիրի գերիշխանության։ Որոշ երկրներում գործադիրը գտավ ուղիներ խարխլելու բարձրագույն հաշվեքննիչ հաստատությունները, ընդ որում մնալով օրենքի սահմաններում։ Հետազոտության մեջ ներառված երկրների միայն մեկ երրորդից պակասն է, որ իրենց բյուջեներում ներկայացնում է բավարար չափով մանրամասն տեղեկատվություն՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանց բյուջեները հնարավորություն տալու լուծելու աղքատության հետ կապված խնդիրները, և երկրների միայն 14%-ն է, որոնք իրենց բյուջեներում ներկայացնում են իրենց ծախսերը նաև ըստ գենդերային չափորոշիչների։ Վերջապես, երկրների միայն 8%-ն է, որոնցում առկա են բյուջետային գործընթացներում սոցիալապես խոցելի շերտերին ներգրավելու օրենսդրորեն սահմանված խողովակներ։

Ինչպես նշում է ՄԲԳ-ի հանրային քաղաքականության գծով ավագ տնօրեն Վիվեկ Ռամկումարը – «Մեզ անհրաժեշտ է առաջնորդվել «բոլոր ձեռքերը տախտակամածի վրա» մոտեցումով, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ կարողանա ասել իր խոսքը, թե ինչպես և որքան հանրային միջոցներ պետք հավաքել, պարտք վերցնել և ծախսել։ Բարեփոխումների մտածելակերպով առաջնորդվող երկրները և դոնորները պետք է ներդրումներ կատարեն իրենց երկրների ֆիսկալ հաշվետվողականության համակարգերում՝ հզորացնելու համար իրենց առանցքային պետական մարմինները, պատգամավորներին, հաշվեքննիչ բարձրագույն մարմնին, քաղհասարակության կազմակերպություններին և հանրությանը՝ ապահովելու համար հանրային միջոցների արդյունավետ և արդարացի կառավարումը։»

«Մենք ոգևորված ենք տեսնել հետազոտության Նիգերիայի և այլ երկրների առաջընթացը, որը երևում է հետազոտության արդյունքներից։ Ներառական մոտեցումները մեծացնում են ստացված օգուտները (դիվիդենտները)։ Մենք կոչ ենք անում կառավարություններին պահպանելու առաջընթացը և ավելի իմաստալից կերպով ներգրավելու հանրության տարբեր շերտերին իրենց եկամուտների և ծախսերի առաջնայնությունները որոշելու գործում։ Հանրության հետ հետադարձ կապը կարող է օգնել կառավարություններին ավելի լավ կառավարելու հանրային կենսական միջոցները։» – նշում է ՄԲԳ-ի Նիգերիայի ազգային գրասենյակի տնօրեն Օսթին Նդիոկվելուն։

ԲՀՀ-ն աշխարհի 120 երկրներում անցկացվող պետական բյուջեների գործընթացների թափանցիկությունը, վերահսկողությունը և հանրային մասնակցությունը գնահատող միակ համեմատական, անկախ և կանոնավոր կերպով իրականացվող հետազոտությունն է։

 

###

Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է Բաց բյուջեների հետազոտության մեջ

Բաց բյուջեների այս, թվով 8-րդ հետազոտության մեջ (առաջին անգամ այն իրականացվել է 2006 թվականին) առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի՝ հետազոտությամբ գնահատված բյուջետային գործընթացների և փաստաթղթերի երեք հիմնական չափորոշիչների (թափանցիկություն, մասնակցայնություն և վերահսկողություն) ցուցանիշները տալիս են բավականին յուրահատուկ պատկեր։ Մի կողմից, Թափանցիկության չափորոշիչի (որով գնահատվում է, թե որքանով է հանրությանը հասանելի կառավարության կողմից հանրային միջոցների հավաքագրման և ծախսման մասին տեղեկատվությունը) Հայաստանի ցուցանիշը 0-ից 100 սանդղակով հավասար է 61-ի (33-րդ տեղը 120 երկրների թվում), որը բավականին բարձր ցուցանիշ է և թույլ է տալիս նրան դասել բյուջետային բավարար թափանցիկություն ունեցող երկրների (61 և ավել միավոր ունեցող երկրներ) շարքում, որոնցում առկա է տեղեկատվության զգալի ծավալի հասանելիություն

Մյուս կողմից թափանցիկության այսպիսի բարվոք ֆոնին ծայրահեղ ցածր և մտահոգիչ է Հայաստանի Մասնակցայնության չափորոշիչի (որով գնահատվում են բյուջետային գործընթացի տարբեր փուլերում հանրության համար իմաստալից մասնակցություն ապահովող օրենսդրորեն սահմանված մեխանիզմները) ցուցանիշը։ Այն հավասար է 6-ի (0-ից 100 սանդղակում), որով այն հայտնվում մասնակցայնության անբավարար մակարդակ ունեցող երկրների շարքում, որոնցում այդպիսի մեխանիզմները բացակայում են կամ շատ սակավ են։

Ինչ վերաբերում է երրորդ չափորոշիչին՝ Վերահսկողությանը (գնահատում է օրենսդիր և բարձրագույն հաշվեքննիչ մարմինների դերը բյուջետային գործընթացները վերահսկելու հարցում), ապա այստեղ նույնպես, ինչպես և մասնակցայնության դեպքում, Հայաստանն այդ չափորոշիչի իր 50 միավոր (0-ից 100 սանդղակում) ցուցանիշով հայտնվում է այն երկրների շարքում, որոնցում առկա է պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության սահմանափակ մակարդակ։ Ակնհայտ է, որ վերահսկողության այդպիսի մակարդակը բավարար չէ, բայց իրավիճակն այնքան վատ չէ, որքան մասնակցայնության դեպքում։

Միջազգային բյուջետային գործընկերության հաղորդագրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031