«Ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական։ Ցուցանիշները դա փաստում են, ինչը ոմանց համար կարող է զարմանալի թվալ՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց մեր տնտեսությունը նաեւ դիմակայունություն է ցույց տալիս»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին եռամսյակի տվյալներով՝ արդեն 8,6% իրական տնտեսական աճ ունենք, իսկ առաջին չորս ամիսների տվյալներով՝ 9,4% տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը շատ լավատեսական է։ Անհամբեր սպասում ենք մայիսի տվյալներին։ Լավատեսության ֆոնն էական բարելավում է ուղեւորահոսքերը, որոնք այսօր ունենք։ Դեպի ՀՀ ուղեւորահոսքերն էական աճում են եւ լավատեսական ցուցանիշներ բերում։ ՀՀ ժամանողների եւ մեկնողների սալդոն դրական է՝ հօգուտ ժամանողների։ Երեկ, օրինակ, հազար հոգի ավելի շատ եկել է ՀՀ, քան հեռացել ՀՀ-ից։ Այնպես որ, տնտեսական առումով իսկապես լավատեսական իրավիճակ ունենք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ի հեճուկս ներքաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրների, ՀՀ-ն տնտեսական կոլապս չի ունեցել, թեեւ կանխատեսվում էր եւ տրամաբանական էր թվում․ «Բացատրությունն այն է, որ մեր կառավարությունը տնտեսությունից չի կորզում գումարներ, հակառակը՝ որքան հնարավոր է, վերադարձնում է տնտեսություն։ Ստվերի կրճատումն արդյունք է համակարգային կոռուպցիայի կրճատման։ Այնուամենայնիվ, գլոբալ տնտեսական վիճակը շատ լարված է, կանխատեսումները վատատեսական են, բայց ինձ թվում է՝ պետք է կենտրոնանանք մեր բյուջեի կատարման, հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա, որ 7%-անոց տնտեսական աճի ցուցանիշն ապահովենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ