Երեկ՝ մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման անհնազանդության ցույցերի ժամանակ ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը։ Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։ Տիգրան Խաչատրյանը երկուշաբթի՝ կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի առաջին շարքերում էր։
ՀՀ քննչական կոմիտեն դեռ պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի տրամադրել ձերբակալման հիմքերի մասին։ «Դիմադրություն» շարժման առաջին օրերից Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիայի հրապարակում է՝ եղբոր Տրդատ Խաչատրյանի հետ։ Իսկ արտերկրում գտնվող Սուրիկ Խաչատրյանը կոչով դիմել էր բոլորին՝ համախմբվելու եւ պայքարելու ներկայիս իշխանության դեմ։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, 2021թ-ի հուլիսին հետախուզում էր հայտարարվել։ Նա անցած տարվա հուլիսի 13-ին Գորիսում, վիճաբանել էր Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի հետ, վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։
Հարուցվել էր գործ՝ «Քրեական օրենսգրքի» 34-104 հոդվածի (սպանության փորձ), 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) , 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ