Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի համալսարանի ռեկտորի 4 թեկնածուներից քվեարկվեցին երկուսը (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 31,2022 00:17

Երկուշաբթի՝ մայիսի 30-ին Գորիսի պետական համալսարանի խորհուրդը հատուկ նիստ էր հրավիրել՝ ընտրելու համալսարանի ռեկտորին։ Հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանի լիազորությունների ավարտելու կապակցությամբ 2021 թ․ դեկտեմբերի 20-ին ազատվել էր ռեկտորի պաշտոնից։  Իսկ այս տարվա հունվարի 17-ին ընտրվել էր համալսարանի խորհրդի նախագահ։ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել Թեհմինա Մարությանը։

Մինչ օրակարգային հարցին անցնելը, Արտուշ Ղուկասյանը ներկայացրեց խորհրդի կազմում կատարված վերջին փոփոխությունները։ Ռեկտորի ընտրություններից՝ 3 օր առաջ, վարչապետի որոշմամբ Գորիսի համալսարանի խորհրդի կազմում հիմնադրի կողմից  առաջադրված Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանին փոխարինել է  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը,  Արտուշ Ղուկասյանին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Անետա Բաբայանը։  Արտուշ Ղուկասյանը, սակայն խորհրդի կազմում ընդգրկվել է  լիազոր մարմնի կողմից՝ փոխարինելով Գորիսի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի  Սոնա Հարությունյանին։ Պրոֆեսորադասախոսական կազմի կողմից առաջադրված Թեհմինա Մարությանին փոխարինել է պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, իսկ բանակ մեկնած ուսանող Հարութ Դավթյանին փոխարինել է Մելանյա Թեւոսյանը։

Գորիսի պետական համալսարանի խորհուրդը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, փոխվարչապետի օգնական Անետա Բաբայանը

Մրցակցությունը թեժ էր․ առաջադրվել էին 4 թեկնածու՝ ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը, ԳՊՀ-ի ամբիոնի վարիչ Հրայր Պետրոսյանը, Ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոս, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատար Տիգրան Վանդունցը։ Լեռնիկ Պետրոսյանը չէր ներկայացել․ նա նամակով դիմել էր խորհրդին՝ նշելով, ինքնաբացարկի մասին։ Մյուս երեք թեկնածուները ներկայացրին իրենց հայեցակարգը, տեսլականի՝ Գորիսի պետական համալսարանի զարգացման մասին, պատասխանեցին խորհրդի անդամների հարցերին։ ԳՊՀ խորհրդի անդամները անկեղծ էին՝ երեք թեկնածուների տեսլականներում կար՝« ի՞նչ է պետք անել»-ը, իսկ թե ինչպես՝ ոչ մեկը չէր նշում։  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ նկատեց, որ թեկնածուների ներկայացրած ծրագրերում չկար ուսանողի կարծիքը, թե ինչ է ուզում ուսանողը։ «Կխնդրեի ավելի շատ այսուհետ լսենք նաեւ ուսանողներին, նրանց տեսլականները նույնպես ընդգրկենք զարգացման ծրագրերում»,-ասաց Սյունիքի մարզպետը։

Թեկնածուներից Թեհմինա Մարությանը հայտարարեց, որ ներկայացնում է ինքնաբացարկ՝ խնդրելով անունը չընդգրկել քվեաթերթիկում։ «Ես երկար մտածեցի ու եկա այդ եզրակացության։ Կշարունակեմ աշխատել իմ սիրելի համալսարանում, իմ ամբիոնում»,-ասաց նա։

Թեհմինա Մարությանը ինքնաբացարկ հայտնեց

Հրայր Պետրոսյանը չընտրվեց

Գորիսի համալսարանի նորընտիր ռեկտոր Տիգրան Վանդունցը

Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը անցկացվեց փակ գաղտնի քվեարկությամբ։  Խորհրդի 20 անդամներից 1 հոգի քվեարկել էր Հրայր Պետրոսյանի,  17 հոգի՝  Տիգրան Վանդունցի,  իսկ երկու հոգի բոլոր թեկնածուներին դեմ էին։  «Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար պատիվ է ղեկավարել այս բուհը՝ համախմբելով բոլորի ուժերը»,-ասաց ընտրված ռեկտոր Տիգրան Վանդունցը։

Ի դեպ, նախկինում նա աշխատում էր Գորիսի պետական համալսարանում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031