«Մենք այս երկրում ապրելու ենք, այս երկիրը չի թուրքացվելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ դատապարտելով ոստիկանների այսօրվա բռնությունները:
Նրա խոսքով՝ բոլոր այդ ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու. «Չի կարող ոստիկանը մարդ ծեծել, դա աբսուրդ է, նա կարող է վնասազերծել, բերման ենթարկել, բայց ծեծելը ո՞րն է: Դուք սպայի պատվի երդում եք տվել, դուք այդ երդումը կարդացե՞լ եք»:
Նա, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց՝ մի 60-80 ոստիկան են այդպիսին, մնացածը «բարեւ տալու» տղաներ են:
Արամ Վարդեւանյանը նաեւ ասաց, որ այդքանով հանդերձ պայքարի ելած մարդկանց կամքը չի կոտրվում: Նրա խոսքով՝ իրենց պայքարը սրբազան է, հանուն Հայաստանի ու Արցախի:
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հավելեց, որ այն ժամանակ իսկապես ոստիկանը մերն էր, քանի որ որեւէ քաղաքացու վրա ձեռք չէր բարձրացնում, նույնիսկ նրանց վրա, որոնք 2018 թվականին, Ռադիոտան դռները ջարդելով, մտել էին այդ հատուկ պահպանվող տարածքը: Աննա Մկրտչյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից «իշխանությունը զավթելուց հետո, նա մեր ոստիկանին սպանեց»:
Նրա խոսքով վախի դրսեւորում էր նաեւ այն, որ այսօր ԱԺ պատգամավորներին թույլ չտվեցին մտնել կառավարության շենք՝ նախարարների հետ հանդիպելու:
Նա ոստիկանների կողմից բռնության ենթարկված բոլոր քաղաքացիներին հորդորեց տալ հանցագործության մասին հաղորդումներ. «Թեեւ, ես գիտեմ, որ բոլոր այդ հաղորդումները մնալու են թղթի վրա, ընթացք չեն տրվելու, բայց դրանք տվեք, պատճենը պահեք ձեր մոտ: Նույնիսկ այդ դեպքերը չքննելը վաղն անգին ապացույց են լինելու մեր ձեռքում»:
Պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց՝ սրանք այն վատ տղաներից են, որ տաս-տասներկուսով մեկի վրա են հարձակվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ